ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գումար կտրամադրի Արցախի ականազերծման համար
08.09.2017թ. 11:38:42

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դևիդ Վալադաոյի առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի հաշվետու տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը: Այս մասին հայտնում են  Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Վալադաոյի առաջարկը ներառվել է 2018 թվականի արտաքին օգնության հատկացման ծրագրում, որը, որպես ավելի մեծ՝ H.R. 3354 բանաձևի մաս, քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

«Ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղում ընտանիքներին ամեն օր սպառնում է ականներ պայթելու վտանգը: Ես լավատեսական եմ տրամադրված, որ իմ առաջարկով նախատեսվող գումարային հատկացման պարագայում մինչև 2020 թվականը տարածաշրջանն կականազերծվի, և ընտանիքները կկարողանան հանգիստ ապրել»,- առաջարկի ընդունումից հետո ասել է Վալադաոն:

Առաջարկին կողմ են նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն և Ջեքի Սփայերը: