ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հերթական հանդիպումը՝ Ստեփանակերտ քաղաքում
08.02.2018թ. 19:00:07

Փետրվարի  8-ին կայացել է «Դաշնակցություն»  խմբակցության հանդիպումը Ստեփանակերտի Խ. Աբովյանի անունը կրող թիվ 1 դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Ռիտա Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ԱՀ ԱԺ և մասնավորապես «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը:

«Հանդիպումների նպատակներից մեկն էլ քաղաքացիների մոտեցումները, մտորումները, կարծիքները լսելն է, որոնք մենք անպայման հաշվի ենք առնում մեր գործունեության ընթացքում»,- նշել է պատգամավոր Վահրամ Բալայանը:

Ներկաներին շնորհավորելով Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, պատգամավոր Դավիթ Իշխանյանն իր խոսքում անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններից հետո քննարկող մի շարք օրինագծերի՝ այդ թվում ՏԻՄ օրենքին և Ընտրական օրենսգրքին:

Պատգամավոր Ռիտա Մնացականյանը խոսել է Արցախի կրթական համակարգում, սոցիալական ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի մասին:

Հանդիպմանը ներկա ուսուցիչները բարձրացրին կրթական համակարգին և Ստեփանակերտ քաղաքին վերաբերող մի շարք հարցեր:

Մտահոգություն է հնչել Ստեփանակերտ քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները, կիսելով մտահոգությունը, նշել են, որ այդ հարցի կապակցությամբ մտքեր են փոխանակել Ստեփանակերտի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ: Պատգամավորների կողմից կարևորվել է համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների առաջնահերթությունները ճշտելու անհրաժեշտությունը:

Հավելենք, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպումներ է ունենալու Ստեփանակերտ քաղաքի բոլոր ուսուցչական կոլեկտիվների հետ:

DSC_1522

DSC_1527