ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոների առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
07.12.2017թ. 14:58:48

Ստորև ներկայացնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոների  առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ.

Դավիթ Իշխանյան

-Նկատի առնելով, որ Մարտունու շրջանի Աշան գյուղը չունի համայնքային կենտրոն (սողանքի պատճառով խիստ վթարային վիճակում է գտնվում գյուղական ակումբի և համայնքապետարանի շենքը) առաջարկվում է կապիտալ շինարարության տարեկան ծրագրում ներառել Մարտունու շրջանի Աշան գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը:

-Մարտունու շրջանի Ավդուռ գյուղը չունի հանդիսությունների սրահ: Համայնքի բնակիչները հատկապես թաղումների դեպքում անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ զրկված են հոգեհանգստի արարողակարգ կազմակերպելուց: Առաջարկում է կապիտալ շինարարության ծրագրով նախատեսել հավաքովի տնակի տեղակայում Ավդուռ գյուղում՝ որպես համայնքապետարանի և բուժկետի շենք, իսկ գործող համայնքապետարանի շենքը վերակառուցել և վերածել հանդիսությունների սրահի:

-Ուսուսմնասիրել և կապիտալ շինարարության ծրագրում ներառել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մշակույթի տան և մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգումը (նախադպրոցական երեխաների թիվը 35 է):

-Կապիտալ շինարարության ծրագրում ներառել Վանք գյուղի զոհված ազատամարտիկ Մելսիկ Գրիշայի Բաղրամյանի (զոհված 1993 թ.) այրի Ֆլորա Ալեքսեյի Ահարոնյանի առանձնատան վերանորոգման աշխատանքները:

-Կապիտալ շինարարության ծրագրում ներառել Բերդաշեն գյուղի զոհված ազատամարտիկ Արթուր Ռոբերտի Հովսեփյանի (զոհված 1994 թ.) այրի Սուսաննա Շահմարի Մովսեսյանի առանձնատան վերանորոգման աշխատանքները:

Ալյոշա Գաբրիելյան

-«Ասկերանի շրջանային բժշկական միավորում» բուժհիմնարկի շինարարության կամ վերանորոգության հարցը ներառել կապիտալ շինարարության ծրագրում:

-Խրամորթի միջնակարգ դպրոցի շենքի մի թևի վերանորոգությունը ներառել կապիտալ շինարարության ծրագրում՝ նպատակ հետապնդելով վերաբացելու նախակրթարանը և մարզական դահլիճը:

Ռիտա Մնացականյան

-Թիթեղապատել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վերաբնակիչ Արմեն Գևորգի Գևորգյանի նորակառույց տունը՝ այն ներառելով 2018 թ. կապիտալ շինարարության ծրագրի կամ «ԱՀ Գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող  երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհառույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ծրագրի  մեջ:

Վահրամ Բալայան

2018 թ. պետական բյուջեի նախագծի կապիտալ շինարարության ծրագրի մեջ առաջարկում ենք ներառել ներքոհիշյալ շենքերի, բակերի, տանիքների կառուցման աշխատանքները:

– Ալեք Մանուկյան 4 բշենքի բակիևտանիքի վերանորոգում:

-Տիգրան Մեծ առաջին փակուղում գտնվող թիվ 8 վթարային շենքի բնակիչների համար նոր բնակելի շինության նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կազմում:

-Մարտունու շրջանի Գիշի գյուղի զոհված ազատամարտիկ Արմո Առուստամյանի այրու՝ Ռոմելա Առուստամյանի առանձնատան վերանորոգում:

Վերջին առաջարկությունը կատարվել է նաև 2017 թ. բյուջեի համար: Կառավարության պատասխանն էր. «ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի, զոհված ազատամարտիկի այրի Ռոմելա Առուստամյանի առանձնատան վերանորոգման հարցը կուսումնասիրվի և կտրվի դրական լուծում»:

Սակայն առ այսօր ոչինչ չի արվել:

Լեռնիկ Հովհաննիսյան

-Արցախում ներառական կրթության ասպարեզում մասնագիտական և երեխաների հետ աշխատանքի պակաս է զգացվում: Այդ պատճառով առաջարկում ենք իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հոգեսոցիալական վերականգնման և ուսուցման փորձնական ծրագիր, որն ուղղված կլինի վերը նշված հիմնախնդիրների լուծմանը: Ծրագրի արժեքն է 2. 492. 280 դրամ:

-Առաջարկում ենք 2018 թվականի կապիտալ շինարարության ծրագրի մեջ ներառել Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի ներքին ջրային ցանցի անցկացման և Վան համայնքը խմելու ջրով ապահովելու խնդիրները: