Ակնկալում ենք, որ Էմանուել Մակրոնը տեր կկանգնի իր խոստումներին
10.05.2017թ. 10:35:52

Հայերի համար կարևոր է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը շարունակի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ավանդույթները․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակած Էմանուել Մակրոնի մասին՝ այսպես ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը՝ հիշատակելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օրը Ֆրանսիայի նորընտիր նախագահն իր նախորդի հետ համայնքի կողքին էր:

«Մեզ հետ նա խոսել է հայերի համար կարևոր թեմաներից: Հայոց ցեղասպանության հետ կապված՝ մենք պետք է միասին քննենք, թե ինչը կարող է լինել մեր հաջորդ հանգրվանը՝ հաշվի առնելով, որ արդեն երկրորդ անգամ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը բեկանել է խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու որոշումը: Մյուս հարցը Հայաստանի հետ տնտեսական կապերն աշխուժացնելն է: Նրան ասել ենք, որ Ղարաբաղյան հիմնահարցն ի նպաստ հայկական կողմի լուծվի: Ինքը կարծես թե համաձայն էր, բայց շեշտը դրել էր նրա վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որ կարող է լուծել հիմնախնդիրը: Ինքը պետք է շարունակի Ֆրանսիայի ջանքերը, ճիգերը խնդրի՝ դեպի պրո-հայկական լուծում: Բացի այդ, Մակրոնը մեզ խոստացավ, որ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը դեմ է լինելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Առաջ» շարժման» առաջնորդ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին հաղթել էր Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Մակրոնն ստացել էր քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 66,06 տոկոսը՝ մեծ առավելությամբ շրջանցելով «Ազգային ճակատ»» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 33,94 տոկոսը։

Մուրադ Փափազյանի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերի իրագործման դեպքում միայն Մակրոնի ստացած մանդատը իրենց համար կարող է դրական լինել: «Մենք իր հետ, իր թիմի հետ պետք է հետևենք, որ Մակրոնի մանդատը դրական լինի հայերի, Հայ դատի, Արցախի համար»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նաև նշեց, որ ինչպես բոլոր ֆրանսիացիները, այնպես էլ ֆրանսահայերը տարված են նրանով, որ Ֆրանսիայում տնտեսական պայմանները լավանան, ինչի մասին այդքան խոսում է նոր նախագահը: «Ես, որպես երկրի տնտեսական զարգացման մասնակից, նկատում եմ, որ նախագահը նոր ձևերով, նոր մոտեցումներով է գալիս, բավական լավատես եմ այդ հարցում»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ չնայած որ Էմանուել Մակրոնը շատ սերտ և՛ քաղաքական, և՛ անձնական կապեր ունի Ֆրանսուա Օլանդի հետ, նույն քաղաքականությունը հայերի նկատմամբ չի ունենա, սակայն իր նախորդի շարունակականությունը կապահովի:

«Մենք կկարողանանք թե՛ իր, թե՛ իր շրջապատի հետ արձանագրել դրական կետեր,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ չպետք է դադարել աշխատել,- շուկայում կան այլ երկրներ՝ Ադրբեջան, Թուրքիա, Էրդողան․․․ այդ երկու թշնամի երկրները միջոցներ և լծակներ ունեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Մակրոնին առավել շատ գրավում են տնտեսական շահերը, գուցե այս պայքարում մենք պարտություն կրենք, Մուրադ Փափազյանը նշեց, որ բոլոր նախագահներն էլ միշտ էլ առաջնորդվել են տնտեսական շահերով:

«Բոլորն էլ իրենց տնտեսական կապերը զարգացրել են այս երկրների հետ՝ Սարկոզին, Օլանդը զարգացրել են: Մենք չենք ասում, որ նրանց հետ չպետք է հարաբերություններ ունենալ: Այդ մակարդակով չեն մեր պահանջները: Մենք ասում ենք, որ նորմալ է, որ տնտեսական հարաբերություններ լինեն, բայց նորմալ է նաև, որ տեր կանգնեն իրենց խոստումներին, մենք ակնկալում ենք դա: Մենք ունենք հինգ-վեց պահանջներ, դրանք պետք է կատարվեն, հակասական չեն այդ պահանջները իրենց՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու հետ»,- ասաց նա:

Ըստ Էմանուել Մակրոնի՝ համայնքին տված հստակ խոստումները եղել են՝ Թուրքիային ԵՄ-ին անդամակցությանը դեմ լինելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելը: «Մենք Ղարաբաղի դեպքում բարձրացրինք ինքնորոշման, միացման խնդիրները,- ասաց նա՝ նշելով, որ սակայն Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին դեռ չեն անդրադարձել,- գլխավոր կետերի մասին ենք խոսել, մանրամասնությունների մեջ դեռ չենք մտել, հետո այդ խնդիրների համար կաշխատենք իր շրջանակի հետ»:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ հիմա հայ համայնքի համար Ֆրանսիայում լավ պայմաններ կան ձևավորված, որպես համայնք, հարգված են: «Պիտի շարունակենք մեր աշխատանքը: Երևակայեք, որ մենք մեր առջև ունենք երկու թշնամի, որ հսկա պետություններ են, և հակառակ նրանց, մենք հաղթանակներ արձանագրում ենք»,- ասաց նա:

tert.am