Ազգ-բանակ գաղափարախոսությունը
02.05.2017թ. 16:01:02

Համարյա մեկ տարի է` ինչ քաղաքագետներն ու վերլուծաբանները, իհարկե զանգվածային լրատվական դաշտի հորդորներով և հարցումներին ի պատասխան, փորձում են դասեր տալ, դասեր քաղել և, ի վերջո, դասի առարկա դարձնել ապրիլյան պատերազմը և նրա հետևանքները: Հայկական իրականության մեջ չի գտնվի որևէ հանրային հարթակ, որտեղ քննարկված չլինեն այդ դասերը:

Բնականաբար, այդ դասերը որևէ տեղ պետք է նաև կիրառվեին: Եվ դարձյալ բնական է, որ այդ կիրառման առաջին հարթակը պետք է լիներ բանակը և, առավելաբար, առաջնագիծը: Հենց այդպես էլ եղավ. գործնական փորձարկումը տեսանք այս տարվա փետրվարին` թշնամու հետախուզական փորձերը ձախողելու պատկերավոր հաղորդումներում: Իսկ նախքան այդ առարկայական վկայությունը` ականատեսը եղանք նաև կադրային լայնածավալ փոփոխությունների` բանակի հրամանատարական բարձր մակարդակից սկսած մինչև ստորին օղակներ: Այս նույն դասերի կիրառությանն է պատկանում նաև զինատեսակների ցուցադրությունը և օգտագործման թույլտվության ու անհրաժեշտության մասին արված հայտարարությունները:

Վերը նշվածը կարելի է անվանել ապրիլյան դասերից սովարածի իրականացման պատկերներ և քայլեր, որոնք կրում են տակտիկական բնույթ: Նման քայլերը չեն կարող իրենց հիմնավոր և մնայուն հետքը թողնել, եթե չունենան գաղափարական հենք: Իսկ ապրիլյան դասերից սերտած գաղափարական հենքը պետք է արտացոլվի մտածողության մեջ, որի արդյունքում արդեն իսկ կձևավորվի ռազմավարական քայլեր:

Ականատեսն ենք նաև այդ ուղղությամբ կատարվող հիմնական քայլերի: Ազգ- բանակ գաղափարի հոլովումը և այդ ասպարեզում ծավալվող քննարկումները գաղափարական դաստիարակության հիմքերի ստեղծման հիմնական կռվաններ կարելի է անվանել:

Ազգ-բանակ հասկացությունը խորթ չէ Դաշնակցությանը: Դեռ իր ստեղծման օրվանից` Դաշնակցությունը լծվել է ազգը բանակի վերածելու գործին: Դրա վկայությունն է ֆիդայական շարժումը 1890-ական թվականներին և դրա շուրջ ստեղծված համախմբումը ողջ հայության մակարդակով: Դրա վկայությունն է Հայաստանի Հանրապետության հիմնադրումը 1918-ին, որի հիմնաքարը դրել է  դաշնակցական Արամ Մանուկյանը` ազգը բանակի վերածելով և դեպի ճակատ կոչ հնչեցնելով: Դա շոշափել ենք բոլորս 1990-ականներին Արցախում, երբ ուսուցիչը դառնում էր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար եւ Դաշնակցության միջոցով կազմակերպվում էր համայն հայության բարոյական եւ նյութական աջակցությունը: Պատմական փաստերը վկայում են այն մասին, որ այն պահերին, երբ կարողացել ենք համախմբվել և բանակի վերածվել, հաղթանակն անխուսափելի է եղել:

Այժմ, երբ ազգ-բանակ գաղափարախոսությունը պետական մակարդակով է հրապարակ իջել, կրում է համազգային նշանակություն, շատ ավելի լայն տեսադաշտով պետք է մոտենալ հարցին: Գործնական առումով` բացի բուն խնդրի՝ բանակաշինության հարցից, պետք է նկատի ունենալ հրատապ լուծման կարոտ ազգային-պետական կարևորագույն խնդիրներ ևս` որպես անվտանգության երաշխիքներ: Սահմանամերձ բնակավայրերի արագընթաց զարգացումը, ազգաբնակչության անվտանգության մակարդակի բարձրացումը և ընդհանուր նպատակների շուրջ հայության համախմբումն այն հիմնական խնդիրներն են եղել, որոնք  երկրի անվտանգությանն ի խնդիր միշտ եղել են ՀՅ Դաշնակցության օրակարգում:

Մեզ նման ազգերի համար, որ դեռ ճամփա ունենք անցնելու, երբ դեռ ազգային ազատագրական պայքար ունենք մղելիք, անխուսափելի է ազգ-բանակ գաղափարախոսությունը և անշրջանցելի` այդ գաղափարախոսության հենքով քայլերի կիրառումը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 2 մայիսի, 2017թ.