«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնելը կրթական ոլորտի մեծ առաքելությունն է
20.04.2017թ. 16:27:14

Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը հայ տեսակի շարունակականության ապահովումն է, որտեղ անկյունաքարային է հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը. այս մասին ասաց կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում։

Ռազմակրթական ոլորտի խնդիրներին առնչվող համաժողովը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։

«Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալ համակարգ և հասել է պահը, որ խոսենք ավելի մեծ, ամբցիոզ փուլին անցնելու անհրաժեշտության մասին»,-ասաց նա:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում դպրոցները պետք է ապահովել տեխնիկական լուծումներով, վերապատրաստել ուսուցչական անձնակազմը: «Բայց ամենակարևոր փոփոխությունը, ուսուցիչնե՛ր, մենք պետք է կարողանանք մեր մեջ կատարել, եթե մենք չփոխենք մեր գործեալոճը ապա կստանանք գեղեցիկ հայեցակարգ, որը դժվար կլինի իրականցնել»,-ասաց նա:

Նախարարը կոչ արեց, այս համաժողովը համարել նոր ծրագրի սկիզբ: «Կրթական ոլորտի մեծ առաքելությունն է, որ կարողանանք ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնել յուրաքանչյուր ընտանիքի համար»,-ասաց նա և նշեց որ դրա համար ունեն հնարավորություններ և նախագահի «կանաչ լույսը»: