Ազգային գաղափարախոսության առաջամարտիկ
01.02.2018թ. 13:07:02

Որևէ երկրի կամ պետության ընկալյալ խորհրդանիշներից բացի, պետական համակարգում կան մարմիններ, որոնք ըստ էության կրում են խորհրդանիշ լինելու առաքելություն: Այս դիտանկյունից յուրաքանչյուր պետության համար կարեւորագույն խորհրդանիշներից մեկը զինված ուժերն են՝ մասնավորապես բանակը: Պետության զինված ուժերը նախ եւ առաջ վկայում են երկրի անկախության իրողության մասին, ապա ծառայում որպես պաշտպանվածության եւ անվտանգության երաշխավոր:

Յուրաքանչյուր երկիր, որն ունի բանակ, հպարտանում է իր ուժերի վրա հիմնվելով իր երկրի ինքնիշխանության պահպանման ունակությամբ: Իսկ թույլ, մասնատված, փլուզման եզրին կանգնած երկրների ամենախոցելի կողմը դեռ նախքան պետական համակարգի անկումը  լինում է բանակը:

Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 28-ից: 1992թ.-ի այդ օրը պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

2018 թվականին նշում ենք Հայաստանի պետականության վերականգնման 100-ամյակը: Այդ օրերի հուշագրությունները թերթելով՝ Հայաստանի բանակի եւ զինված ուժերի վերաբերյալ հանդիպում ենք տարաբնույթ մեկնաբանությունների: Չենք կարող հպանցիկ անցնել 1919 թվականի Հանրապետության մեկամյա տարեդարձին նվիրված Հայոց բանակի Երեւանյան շքերթի կողքով: Չենք կարող նաեւ չնկատել այն դասալքությունը, որն ապրեց հայկական բանակը 1920 թվականին՝ Կարսի անկման ժամանակ: Իսկ այս բոլորից պետք է դասեր քաղել: Դասեր պետք է քաղել նաեւ մեր օրերի իրադարձություններից: Ապրիլյան պատերազմից հետո բանակում տիրող մթնոլորտը միանգամից վերափոխվեց: Բանակը մի ակնթարթում դարձավ բոլորիս մտահոգության առարկան ու աչքի լույսը: Իսկ մեր պայմաններում, արցախյան իրականության մեջ ավելի խորը եւ ամբողջական զգացինք բանակի կարեւորությունն ու պարծենում մեր Հայկական բանակով:

Դաշնակցությունը միշտ կողմնակից է եղել համաժողովրդական բանակ, ազգային բանակ կամ, ինչպես հիմա է ասվում, ազգ-բանակ գաղափարախոսությանը: Իսկ ազգ-բանակ գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան յուրաքանչյուր հայի մասնակցությունը հայոց բանակի կայացմանն ու հզորացմանը:

Մյուս կողմից, բանակը եւս պարտականություն ունի յուրաքանչյուր հայի հանդեպ: Բանակը պետք է դառնա այն կոփման վայրը, որտեղ յուրաքանչյուր հայ պետք է զգա ազգային դաստիարակության ոգին ու շունչը: Անշուշտ ազգային գաղափարախոսությամբ տոգորված բանակն առավել հզոր է ու անկոտրուն: Ազգային բանակ դառնալու համաժողովրդական աջակցություն վայելելու պատասխանատվությունը ծանր է: Իսկ այդ պատասխանատվությունը իր վրա պետք է կրի յուրաքանչյուր բանակային՝ շարքային զինվորից սկսած մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար:

Թող հայոց ազգային բանակի դրոշը երբեք չխոնարհվի, եւ այդ դրոշի առաջնորդությամբ իրականացնենք մեր ժողովրդի ազգային գաղափարները՝ իրականացնենք Միացյալ եւ Անկախ Հայաստանի տեսլականը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 փետրվար, 2018թ.