Ադրբեջանի այսօրվա և ապագայի քաղաքականությունը չի կարող փոխվել առանց պարտադրանք մտցնելու. Դավիթ Իշխանյան 
12.07.2017թ. 11:22:16

Ադրբեջանը միշտ էլ ցուցաբերել է ռազմատենչ քաղաքականություն և լկտի պահվածք. կարծում եմ Ադրբեջանի այսօրվա և ապագայի քաղաքականությունը չի կարող փոխվել առանց պարտադրանք մտցնելու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը: Այն հարցին, թե ո՞րն է այդ պարտադրանքը` Դավիթ Իշխանյանը պարզաբանում  է. «Ադրբեջանի նկատմամբ այդպիսի ձևաչափ կիրառվել է 90-ական թվականններին, երբ արցախյան ժողովրդի արդար պահանջին Ադրբեջանը հակազդեց և որդեգրեց բիրտ ուժի կիրառման մեխանիզմ:

Այդ ամենը նաև հասցրեց նրանց կողմից ռազմական գործողությունների կիրառման, ժողովրդի նկատմամբ տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության ակտերի դրսևորման: Մենք այդ տարիներին պարտավորված  էինք այնպիսի մեխանիզմներ կիրառել, որն Ադրբեջանը ստիպված էր ընդունել,  մեղմել իր քաղաքականությունը և իր նահանջը արձանագրել: Ես կարծում եմ, որ անցյալի մեր փորձը կարելի է որպես դաս օգտագործել և կիրառել այսօր»: Խոսելով արցախյան հարցի շրջանակներում Ռուսաստանի քաղաքականության և Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Դավիթ Իշխանյանն ասում է, որ ռուսական կողմը կատարում  է այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն ազդում և հակասում են իր ռազմավարական դաշնակցի շահերին: Նրա խոսքով պետք  է հասկանալ շատ պարզ մի բան. Ռուսաստանը ունի իր շահերը և առաջնորդվում է դրանով: Իսկ Ադրբեջանի կողմից Ռուսաստանից պարբերաբար գնված զինտեխնիկայի փաստի  հրապարակայնացումն ու ցուցադրական ներկայացնելը ունի հայկական կողմի վրա ճնշում գործադրելու շարժառիթ:

Դավիթ Իշխանյանը նշում է, որ  միջազգային կառույցները միանշանակ  փորձում են բանակցման  եզրեր գտնել կողմերի համար. «Բայց արդյո՞ք մեր հիմնախնդրի լուծումը հենց ուղղակիորեն կախված է նրանցից: Կարծում եմ, որ ոչ: Պետք է հաշվի նստել և ընդունել, որ հիմնախնդրի հանգուցալուծման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի ձեռքին և  հանգուցալուծումը կարող է լինել միայն արցախյան կողմի բանակցային գործընթացի մեջ ներգրավմամբ»: Անդրադառնալով արտգործնախարարների այսօրվա հանդիպմանը` Դավիթ Իշխանյանը նշում է.«Անկեղծ ասած` որևէ ակնկալիք չունեմ և գործնական տեղաշարժ հակամարտության լուծման առումով չենք կարող ակնկալել: Միայն կարծում եմ նմանատիպ հանդիպումները կարող են հիմք հանդիսանալ բանակցային գործընթացի վերսկսման համար»:

Դավիթ Աբաղյան