Զորավարի վերադարձը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Զորավարի վերադարձը

Զորավարի վերադարձը

Կատարվեց մեծ հայրենասերի ու ռազմական գործչի վերջին երազանքը: 2014 թվականի նոյեմբերի 20-ին` մահվանից 74 տարի անց, Սեպուհի (Արշակ Ներսիսյան) աճյունասափորը, կտակի համաձայն, ամփոփվեց հայրենի հողում, Արարատին հանդիման, Արցախյան ազատամարտի նահատակների կողքին, այնտեղ, ուր նրա հարեւանությամբ արդեն իսկ վերջին հանգրվանն են գտել Անդրանիկն ու Սոսեն: Հայոց հողը հարստացավ իր եւս մեկ նվիրյալ զավակի մասունքներով:

 

Այսպիսով,  ոչ միայն պատմական մի անարդարություն լուծում գտավ, այլեւ  առիթ ստեղծվեց, որ հայրենաբնակ հայությունը եւ մանավանդ նոր սերունդը կարողանա ավելի լավ ճանաչել Հայաստանի անկախության համար ամենամեծ ներդրումն ունեցած հայորդիներից մեկին:

 

Սեպուհը ծնվել էր Էրզրումի նահանգի Բաբերդ գավառում: Թուրքական ճնշումները եւ հայության աղետալի կացությունը պատճառ էին դարձել, որ ըմբոստ ու համարձակ տղան դեռ պատանի հասակից ներգրավվի պայքարի ասպարեզ եւ մինչ Հայաստանի առաջին հանրապետությունից հարկադրված հեռանալը, պայքարի հայության թշնամիների դեմ: Կռվել է ոչ միայն Արեւմտահայաստանում, այլեւ, որպես Գանձակի մարտական պատասխանատու, մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին:

 

Առաջին հանրապետության շրջանում դարձել է ամենամեծ դերակատարներից մեկը թուրք-թաթարական, ինչպեսեւ բոլշեւիկյան ներքին խռովությունների կանխման գործում, որոնք սպառնում էին ներսից խորտակել փխրուն հանրապետությունը: Նրա գործունեությունը երկար ժամանակ զսպիչ գործոն էր, որպեսզի ռուս-թաթարական, բոլշեւիկյան ուժերը չասպատակեին Հայաստանի արեւելյան սահմանները:

 

Սեպուհը կռվեց ռուս-թուրքական փլուզված ու նահանջող ճակատում: Թիկունքից Հայաստան ներխուժումը կանխելու նպատակով՝ կռվեց Բաքվում, ամենատարբեր եւ անդուլ ջանքեր գործադրեց, որպեսզի  փրկի  հայությանը, պայքարեց՝ պահպանելու եւ ամրապնդելու համար երկրի սահմանները: Եղավ ամենուր եւ ամեն գործում: ՈՒր գործուղեցին եւ ինչ հանձնարարեցին, միշտ կարողացավ հաջողության հասնել ու հաղթել` չնայած ունեցած հնարավորությունների, տնօրինած զինուժի սահմանափակության:

 

Սեպուհը ազգային ու ռազմական այն գործիչն էր, ով համոզված էր, որ հայության իղձերի իրականացման համար անհրաժեշտ է ապավինել միայն սեփական ուժերին:  

 

Կամավորական ֆեդայուց աճելով մինչեւ պետության զորավարի աստիճանի` միշտ եղավ համեստ, երբեք չդրսեւորեց անձնական հավակնոտություններ եւ չփայփայեց փառք, պաշտոն ու գնահատանք: Կռվեց ու պայքարեց մինչեւ վերջ եւ հայրենիքը լքեց բոլշեւիկյան իշխանափոխությունից հետո՝ խուսափելով Համազասպին եւ ուրիշների պատուհասած մահվան սպառնալիքից:

 

Սեպուհը, հիրավի, անցյալ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի ամենաակնառու դեմքերից մեկն էր, եւ նրա վերադարձը մի շարք հոգեւոր խորհուրդներ է պարունակում : Ի վերջո,  այս երկիրը տերը պետք է լինի ոչ միայն ողջ հայության, այլեւ՝ իր թանկագին արժեքների, որոնք դեռեւս գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

 

Մեծ զինվորականի «վերադարձը» կազմակերպել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հանգուցյալի հարազատների հետ միասին:

 

Հ.Գ.

 

Ում քիչ, թե շատ ծանոթ է Սեպուհ զորավարի անունը, նա լավ գիտի, որ մեծ գործիչը գրեթե ողջ գիտակցական կյանքն ապրել է որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ: Եվ նրա գործունեությունն էլ պայմանավորված ու թելադրված է եղել կուսակցության գաղափարա-քաղաքական դիրքորոշումներով եւ ծրագրերով: Այլ խոսքով`  մարդն ապրել ու գործել է որպես դաշնակցական, եւ այս պարագայում Մարդուն Դաշնակցությունից զատելը նույնն է, թե ոսկորը զատես մսից: Բայց, ցավոք, հայրենիքում հերոսի հուղարկավորության կազմակերպիչները, գիտակցաբար, թե անգիտակցաբար, արել էին այդպիսի փորձ: Դաշնակցությունն այս արարողության մասին տեղյակ եղավ միջոցառման նախորդ օրը միայն եւ այն էլ`  լրատվամիջոցներից: Ավելորդ է ավելացնելը, որ Դաշնակցության որեւէ ներկայություն կամ նշան նկատի առնված չէր միջոցառման ժամանակ:

 

Ավելին, Եռաբլուրում, ինչպես եւ դրան հաջորդած հանդիսության ժամանակ հնչած ելույթներում, Սեպուհի մասին խոսող պաշտպանության նախարարը, պատմաբանները, Երկրապահ կամավորական միության անդամը ոչ մեկ անգամ չհիշատակեցին Դաշնակցության անունը (այլ խոսքով` հաջողեցին միսը զատել ոսկորից): Ի դեպ, Եռաբլուրում ունեցած ելույթի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց, թե խորհրդային տարիներին այս անունը հանիրավի մոռացության էր մատնվել, եւ այժմ այն վերադարձվում է իր ժողովրդին: Ի՞նչ է ստացվում` վերադարձվում է միայն անո՞ւնը, թե՞ հերոսի կերպարը` իր գաղափարական ու քաղաքական ամբողջականությամբ:

 

Եթե տեղի ունեցածը պարզ անգիտություն է, ապա շատ ցավալի է, իսկ եթե գիտակցված «թերացում», ապա շատ ավելի վատ: Մանավանդ, որ նման «մոռացության» փաստերը կրկնվում են: Տեղին չեմ համարում հիմնավորելը, որ այն ինչի մասին մտահոգություն եմ հայտնում, այսպես ասած, դաշնակցական հավակնոտություն չէ կամ թե խանդ: Հուղարկավորության արարողությունը այն երեւույթը չէ, որի մեջ կուսակցական կամ այլ շահ կարելի է փնտրել: Հույս ունեմ, թե նույն կերպ են մտածել նաեւ տվյալ միջոցառման կազմակերպիչները:

 

Ափսոսանքս այլ բանի համար է: Եռաբլուրում, ուղեկցելով աճյունասափորը, մտածում էի, որ եթե այս պահին Սեպուհի հոգին վերեւից նայեր, երեւի ինքն իրեն կհարցներ, թե ո՞ւր են ընկերների շարքերը, պիտի զարմանար, որ Դաշնակցության մեկ դրոշ անգամ չի ծածանվում, եւ պիտի խորհեր, թե արդյո՞ք արժանի չէր, որ «Վերքերով լի»-ն հնչեր, երբ հողի մեջ ամփոփվում էր ոգեղեն սափորը:

 

Հավատանք, որ կազմակերպիչների նպատակը հայրենանվեր գործ անելն է եղել, բայց ինչո՞ւ ամեն ինչ այնքան հապշտապ, որ հնարավոր չէր մեծ բազմություն հավաքել Եռաբլուրում, կազմակերպել անհրաժեշտ ճանաչողական քարոզչություն: Չէ՞ որ Հայաստանի ամեն քաղաքացի իր անկախ հայրենիքի համար ինչ-որ չափով պարտական է նաեւ Սեպուհին: Նախարարությունը հո պարտականություն չէ՞ր կատարում` այդպես անակնկալ եւ այդքան հապշտապ գործելով: 

 

Վերջում ուզում եմ ավելացնել, որ մեր հերոսները, այո՛,  պատկանում են ոչ թե մեկ կուսակցության, այլ ողջ ազգին: Մյուս կողմից` հերոսներին (ոչ միայն Սեպուհին) հարազատ կուսակցությունից զատելու փորձը նույնպես կուսակցական եւ անշնորհակալ գործ է, ինչի ժամանակները եւս անցել են: 

 

Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ

Yerkir.am

1