ՀՅԴ Բյուրոյի կոչը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Բյուրոյի կոչը

ՀՅԴ Բյուրոյի կոչը

Նոյեմբերի 19-ին ՀՅ Դաշնակցության Բյուրոն հանդես է եկել հետեւյալ կոչով.

«Սիրելի հայրենակիցներ, 2014թ նոյեմբերի 27-ին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը:

 

Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը:

 

Այլընտրանքային եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը հավելյալ երաշխիք է ազատագրված հայրենիքի սահմանների անվտանգության համար: Այն կոչված է եւս մեկ անգամ փաստելու մեր հակառակորդներին եւ բարեկամներին հայ ժողովրդի անսասան վճռականությունն ու միասնական կամքը` արդարացի հանգուցալուծման բերելու Արցախյան ազատամարտը:

 

Մեր զավակների առ այսօր թափվող արյամբ ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուժեղանալու, զարգանալու է նմանատիպ ծրագրերի իրականացմամբ:
Առ այդ, ՀՅԴ Բյուրոն կոչ է ուղղում համայն հայությանը` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին եւ օժանդակելու հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին:

 

Համախումբ ուժով եւ ճիգով միայն կարելի է Արցախյան պայքարը հասցնել իր հաղթական ավարտին։

Հայ Յեղափոխական Դաշնակցության ԲՅՈՒՐՈ »:

1