Եթե իմ ծննդավայրը չկա, նշանակում է, որ պարտված մարդ եմ, չէ՞
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Եթե իմ ծննդավայրը չկա, նշանակում է, որ պարտված մարդ եմ, չէ՞

Եթե իմ ծննդավայրը չկա, նշանակում է, որ պարտված մարդ եմ, չէ՞

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում  <<hetq.am>>-ի պատրաստած դիմանկարային ակնարկը՝

ՀՅԴ Արցախի <<Շահեն Մեղրյան>> ենթակոմիտեի ներկայացուցիչ, Արցախյան շարժման եւ ազատամարտի առաջամարտիկ Արայիկ Հովհաննիսյանի մասին:

 

<<Պատերազմում երևի միակ մարդն էի, որ տարիքով ամենափոքրն էի, բայց <<Ճուտ>> մականուն չդրեցին>>,- Թարթառ գետին մոտ գտնվող տաղավարում պատմում է ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը: Հետո ավելացնում է, որ իրեն պարզապես Արիկ էին անվանում: Սա ասելուն պես ժպտում է, նայում հանդիպակաց սարին գտնվող մի ափաչափ գյուղին՝ Նոր Էրքեջին:

 

2000 թ. հիմնադրված գյուղը (ԼՂՀ Շահումյանի շրջանում է) 30 ընտանիք ունի և ոչ մի թոշակառու: Արայիկը գյուղապետն է, բայց, ասում է, ամեն անգամ ցավ է ապրում, երբ գյուղի անունը տալիս է: Նոր Էրքեջը ժամանակավոր կանգառ է էրքեջցիների համար՝ դեպի հայրենի Էրքեջ հասնելու: Իսկ Էրքեջը չկարողացան պահել 1992 թ. հունիսին. Շահումյանի մյուս գյուղերի հետ ադրբեջանցիները գրավեցին: Փոխարենն ապրում են էրքեջցիների երազանքները:

 

Արայիկն այս մասին սկզբից դժվարությամբ է խոսում, պատերազմի մասին առհասարակ խոսելն անիմաստ է համարում: Հետո կամաց-կամաց չխոսելու խտությունը նոսրանում է, մեր զրույցին են միանում նրա քույրն ու կինը:

 

14-ամյա տղան՝ մարտի դաշտում

<<Արիկը դպրոցի պատուհանից թռնում էր, որ գնա մասնակցի կռվին»,- ասում է ազատամարտիկի քույրը, ով հիմա  Նոր Էրքեջի դպրոցի տնօրենն է: Հիշում է, որ մի անգամ նույնիսկ եղբայրը զենք էր պահել ուսուցչի վրա, թե բոլորդ պետք է գնաք կռվելու: Բոլորս ծիծաղում ենք, իսկ Արիկը մեղմ ժպտում է: <<14 տարեկան էի, որ սկսեցի մասնակցել Էրքեջի ինքնապաշտպանական մարտերին>>,- ասում է նա: <<Ու ո՞նց էին ընդունում 14 տարեկան տղային իրենց շարքերը>>,- հարցնում ենք նրան: Մի անգամ, հիշում է, երբ ադրբեջանցիներն իրենց գյուղի հովիվներին սպանել էին, իսկ անասուններին վերցրել, գյուղում մարդ էին փնտրում, որ սուսուփուս գնա-մտնի ադրբեջանցի զինվորների շարքերն ու հետևի, թե ինչ է կատարվում:

 

Իրեն էին ընտրել, դրանից հետո՝ 90 թվին, երբ ինքնապաշտպանական ջոկատ պիտի ստեղծվեր, Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը նոր ստացած 7 զենքից մեկը տվեց իրեն: Դրա համար գյուղի ջահելներն սկսել էին բողոքել, թե 15 տարեկանին ինչու են զենք տվել, իսկ իրենց՝ ոչ: Այդ դեպքից հետո Շահեն Մեղրյանն իրեն առաջարկել էր Էրքեջի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարությունը: Ոգևորովել էր, բայց հայրը, որ Մեղրյանին ճանաչում էր, դժգոհել էր Զինավորիչին (Մեղրյանին հաճախ հայրանունով էին դիմում-հեղ.), թե <<ախպորս սպանել են, հիմա էլ ուզում ես տղայիս սպանե՞ն>>: Մեղրյանի միտքը փոխվել էր դրանից հետո:

 

<<Հիմա որ խոսում են՝ հայրենասիրական դասեր, բան, դրանց չեմ հավատում, որովհետև մտածում եմ, որ հայրենասերը ծնվում ա: 3-4-րդ դասարան էի, պապս թե հորեղբայրս Բուլղարիայից Անդրանիկի նկարն էր բերել: Դե մենք հայոց պատմություն չէինք անցնում դպրոցում, դրա տեղը ադրբեջաներեն էինք անցնում: Իմ գրականության գրքի վրա, 5-6-րդ դասարանում էի, Անդրանիկի նկար էի կպցրել: Դպրոցից հեռացրեցին դրա համար, հետո նորից ընդունեցին>>,- ասում է զրուցակիցս:

 

<<Մենք չիմացանք` ոնց հանձնեցինք Շահումյանը>>

 

Արիկը սկզբից մասնակցել է Էրքեջի ինքնապաշտպանական մարտերին: 1991 թ. հուլիսին արդբեջանցիները գրավել էին գյուղը: Հիշում է, որ այդ օրերին գյուղն արդեն դատարկվել էր, 4 օր շարունակ անձրևում էր: Ասում է՝ չէին կարող հաշտվել այդ մտքի հետ, և նույն թվականի սեպտեմբերին ազատագրեցին Շահումյանի զավթված երեք գյուղերը՝ Էրքեջը, Մանաշիդը, Բուզլուխը:

 

Առաջին մարտական մեծ գործողությունը հենց այդ ժամանակ է եղել: <<Շատ հեշտ գրավեցինք գյուղը. ռուս զորքը հետ քաշվեց, մենք գրավեցինք>>,- նկատում է նա: Դրանից հետո կրակոցներն էլի շարունակվում էին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է՝ կրծքից և ոտքից:

 

Իսկ Շահումյանի ամբողջ շրջանի գրավման մասին, որ տեղի ունեցավ 1992-ի հունիսի 13-ին, պատմում է. <<Գիտես, մեր գյուղում մի անհավատալի բան կատարվեց: Մենք չէինք էլ իմացել, որ հանձնում ենք գյուղը, այսինքն՝ իրենք եկել-անցել են մեր գյուղը, երբ մենք մի քիչ հետ էինք քաշվել մեր անտառները: Մեր տղերքից մեկն ասաց՝ գնանք-տեսնենք <<Տիգրան Մեծի>> տղերքն ինչ են անում, հո զոհ-բան չեն տվել, հելնում ենք, տեսնում ենք տղերքը չկան: Մի երևանցի տղա կար մեր ջոկատում՝ Վահրամը, ուղարկում ենք, ասում ենք ՝ գնա, տղերքին ասա գան անտառ: Գնացինք շրջկենտրոն՝ շտաբը տեղափոխել էինք էնտեղ, Սերգեյը, երկու Շահենները և <<Տիգրան Մեծի>> Արմենն էին, հիմա նրանցից միայն Սերգեյն է ողջ>>:

 

Ասում եմ՝ ինչի՞ եք դիրքերը թողել փախել, էս Զինավորիչն ասում է՝ հանաք անելու բան ես գտե՞լ, ու միանգամից իր վարորդին ուղարկում ա, ասում ա՝ շուտ գնա, տղերքին ասա դուրս գան: Ու մեր տղերքը գալիս են Վերինշենի գլուխը, թուրքերը մտնում են: 92 թվի հունիսի 13-ն էր»: Ասում է՝ չէին հավատում, թե ինչ է կատարվել: Դիմադրություն, իհարկե, եղել է, ինչպես Շահեն Մեղրյանն էր գրավումից հետո նշել, Շահումյանն ազատագրելը խնդիր չէր, պարզապես <<պոստերը>> պահելու համար մարդիկ չունեին:

 

 Դրանից հետո կազմավորվեց <<Եղնիկներ>> պարտիզանական ջոկատը: Արիկի խոսքով՝ դժվար մարտերից մեկը Հաթերքի և Ակնաբերդի ազատագրումն էր: 1993 թիվն էր: Այդ գյուղերն ազատագրելուց հետո Մարտակերտ պետք է գնային, տղերքի հետ <<պերեգավորների>>: <<Երեք հոգով էինք՝ ես, Հովիկ դային, Նովիկը: Ումուդլուից (այժմ՝ Ակնաբերդ) էն կողմ մի տոչկա կար, նստած էինք, մինչև մեզ դիմավորելը մի տղա ա անցնում, էս Հովիկ դային մեծ մարդ էր, ասաց՝ որ գնանք, ճիշտը կարող ա չասեն մեզ, կանչենք էդ տղուն, տեսնենք՝ ո՞նց ա եղել: Հարցրեց՝ բա ո՞նց ազատագրեցիք էս գյուղերը, ասաց՝ <<չեմ իմանում, քեռի, ասում են, <<Եղնիկները>> սարից եկան, գրավեցին, թողեցին փախան>>,- վերհիշում է Արիկը:

 

Իսկ ամենադժվար գրոհը եղել է Մատաղիսի և Դաստագիրի ազատագրման ժամանակ: Այս ամենի մասին զրուցակիցս հպանցիկ է խոսում: Երբ հասանք 1994 թ.-ի հրադադարին, նայեց մեզ, թե ինքը հրադադարի մասին հիմա էլ չի լսել, որովհետև, ըստ նրա, ամիս չկա, որ զոհ չլինի: 1994 թ.-ից էլ տեղափոխվել են Վարդենիս:

 

<<Ես ինձ պարտված եմ զգում>>

 

Պատերազմը բացի կորուստներից ուրիշ ոչինչ չի կարող տալ: Այս մասին ասում է ազատամարտիկը, հետո հանում է ծխախոտն ու վառում գլանակներից մեկը: <<Ես ինձ պարտված եմ զգում: Միշտ մտածել եմ եմ, որ հայրենիքն սկսում է ծննդավայրից: Եթե իմ ծննդավայրը չկա, նշանակում է, որ պարտված մարդ եմ, չէ՞, պիտի ինչ-որ ձևով ձգտեմ, որ հաղթեմ>>,- նշում է Արիկը:

 

Գյուղի մասին խոսելիս աչքերում կարմիր բծերը շատանում են, նկատելի հուզվում է, հետո ձեռքով արագ մաքրում աչքերը: Մինչ 2000 թ. Մոսկվայում աշխատում էր, առևտրով էր զբաղվում: Ասում է՝ 2000 թ.-ին մեկ ամսով որոշել էր գալ Հայաստան հանգստանալու նպատակով, հետո մեկ ամիսը դարձավ երկու, 4 ամիս: Այդ ընթացքում արդեն Նոր Էրքեջի գյուղապետի ընտրություններն էին, ինքն էլ առաջադրեց իր թեկնածությունը և գյուղապետ ընտրվեց:

 

<<Ինձ միակ պահող բանը գյուղի անունն է, ու մտածում եմ, որ հետագայում պիտի գնամ իսկական գյուղը, վերջ՝ ուրիշ ոչ մի բան…,- սա ասելուն պես լռում է, նորից նայում է դեպի գյուղն ու ավելացնում,- Էրքեջ բառը ես ոչ մի անգամ ազատ չեմ կարողանում արտահայտել, միշտ մարդու մեջ ինչ-որ մի բան է կատարվում>>: Գիտի, որ Էրքեջը հիմա քանդել են, բայց այսօրվա պես հիշում է գյուղի ամեն մի անկյունը: Գյուղի գրավումից հետո մի անգամ գնացել էր գերեզմաններ: Գյուղն արդեն քանդել էին: Ասում է՝ ինքն այդ սպասումով է ապրում, որ մի օր կվերադառնա իր ծննդավայր, և նաև գիտի, որ ազատագրված կամ գրավված հողը հետ չեն տալիս:

 

<<Պատերազմից 20 տարի անց  ինչ է փոխվե՞լ… Հիմա ընտանիք ունեմ, դա է>>,- ասում է Արիկը: 3 տղա և 1 աղջիկ ունի: <<Գիտեք, երբ սկսվեց պատերազմը, գյուղում հիմնական կռվողները 10-15 հոգի էին, օգոստոսյան դեպքերից հետո հարցրեցին՝ եթե սկսվի պատերազմ, քանի՞ հոգով պոստերը կգնաս (Դադիվանք, Նոր Էրքեջ, Չարեքտար գյուղերի վետերանների միության նախագահն եմ): Ասացի՝ երեք գյուղից 15 հոգով, հետո երբ սկսեցինք ցուցակագրել, միայն էս փոքր գյուղից 20-ն անցավ, այսինքն՝ մարդ չկար, որ հրաժարվեր>>,- ասում է նա՝ ավելացնելով, որ պատերազմ տեսած ոչ մի մարդ չի կարող ուրախ լինել, որ պատերազմ պիտի սկսվի: Ուրախ է միայն, որ այս տարվա օգոստոսին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ ազգը պառակտված չէ: <<Էդ ժամանակ տեսանք, որ երբ խոսքն էս գործին է վերաբերում, ազգը միանգամից միանում է>>,- ավելացնում է Արիկն ու նայում դեպի գյուղը:

 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

1