Թուրքիան պետք է մտածի Հայոց ցեղասպանության 100-ամյակին ներողություն խնդրելու մասին. Հայաստանում Գերմանիայի դեսպան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Թուրքիան պետք է մտածի Հայոց ցեղասպանության 100-ամյակին ներողություն խնդրելու մասին. Հայաստանում Գերմանիայի դեսպան

Թուրքիան պետք է մտածի Հայոց ցեղասպանության 100-ամյակին ներողություն խնդրելու մասին. Հայաստանում Գերմանիայի դեսպան

Երեկ Երեւանում լրագրողների հետ համատեղ ասուլիս են կազմակերպել Հայաստանում Գերմանիայի եւ մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ռայներ Մորելը եւ Քեթրին Լինչը:

 

Դեսպաններն անդրադարձել են նախօրեին Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցություններին: Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանը, նշեց. «Այո՛, դա դրական քայլ է, բայց բեկումնային փոփոխություններ ակնկալել պետք չէ: Իհարկե, դրական է, որ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող կողմերը հանդիպում են: Սակայն, կարծում եմ, չպետք է չափազանց լավատես լինել ու այդ հանդիպումից ակնկալել շոշափելի արդյունքներ, բայց նրանք արդեն պետք է փորձեն նաեւ բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել: Մենք շարունակում ենք պաշտպանել երեք համանախագահների դիրքորոշումը: Կարծում ենք՝ բանակցային այդ ձեւաչափը բանակցությունները շարունակելու ճիշտ ճանապարհն է»:

 

 

Ասուլիսի ժամանակ Գերմանիայի դեսպանը հետաքրքիր դիտարկում է արել՝ նկատելով, որ առաջին աշխարհամարտն արդեն վաղուց ավարտվել է Եվրոպայում, բայց այն դեռ շարունակվում է այս տարածաշրջանում՝ հիմնավորելով այն հայ-թուրքական հարբերություններում առկա չլուծված թնջուկով, և ավելացրել. «Պատմությունը փաստում է, որ հին թշնամությունները հաղթահարելու հաջող փորձեր կան ու դա հսկա ջանքեր է պահանջում: Պատմությունը նաեւ փաստում է, որ պետք է նաեւ ներողություն խնդրել, ու մենք հուսով ենք, որ Թուրքիան այդ մասին կմտածի 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին և Թուրքիայում ձեւավորվող հասարակական տրամադրությունները մեզ հույս են տալիս, որ դա կլինի»:

 

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելն ընդգծեց. «Այո՛ պետք է նաեւ ներողություն խնդրել, պետք է հաշտեցման դիրք բռնել եւ հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այդ հարցի շուրջ»:

 

 

Դեսպանները լրագրողների հետ խոսել են նաեւ «Եվրոպան առաջին աշխարհամարտից 100 տարի անց» ծրագրի մասին եւ տեղեկացրել, որ երկու երկրների դեսպանատները պատրաստվում են Հայաստանում թեմայի շրջանակներում տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել՝ հանդիպումներ դպրոցներում, ժամերգություններ, համերգ-ներկայացումներ, խորհրդանշական ծառատունկ, ինչպես նաեւ ֆուտբոլային խաղ երկու դեսպանատների միջեւ: 

 

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1