Եվրոպայի «կեղծ պետությունները եւ ազգերը»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Եվրոպայի «կեղծ պետությունները եւ ազգերը»

Եվրոպայի «կեղծ պետությունները եւ ազգերը»

Ստալինի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ը  բոլորիս է հայտնի:  Այստեղ չի խոսվի Ստալինի դաժան քաղաքականության, բռնաճնշումների մասին:  Բացի այդ ամենից, ստալինյան քաղաքականությունը հայտնի է նաեւ ազգերի իրավունքների ոտնահարումով, կեղծ սահմաններ գծելով եւ կեղծ ազգեր ու երկրներ ձեւավորելով: Այդ ամենի արդյունքում Եվրոպայում ձևավորվեց մի քանի, այսպես կոչված, «կեղծ ազգեր եւ կեղծ պետություններ»:

 

 Մոլդովա

 

Մոլդվայի օրինակը լիովին արտացոլում է ստալինյան էքսպանսիստական քաղաքականությունը՝ նոր պետությունների ու ազգերի ձեւավորման միջոցով: Դեռևս 1920թ. Ուկրաինական ԽՍՀ-ի տարածքում ստեղծվում է Մոլդովական Ինքնավար Խորհրդային Հանրապետությունը: Նորաստեղծ վարչատարածքային միավորը հենց այնպես չկոչվեց Մոլդովա: Հատկանշական է, որ նորաստեղծ ինքնավար հանրապետության բնակչության միայն 1/3-րդն էին ռումինախոս, այդ էլ այն դեպքում, որ այդ թիվը հատուկ բարձրացվել է Մոսկվայի միջամտությամբ, իսկ ինքնավար հանրապետության մայրաքաղաք հռչակված Տիրասպոլի բնակչության մեծ մասը ուկրաինացիներ էին եւ ռուսներ:

 

Մոլդովական Ինքնավար Հանրապետությունը ստեղծվել էր Դնեստրի ձախակողմյա հատվածում (ընդգրկում էր ներկայիս Մերձդնեստրի Հանրապետությունը եւ  որոշ տարածքներ Ուկրաինայից), սահմանակցում էր Ռումինիային, որի կազմում էր գտնվում ներկայիս Մոլդովայի Հանրապետության տարածքը՝ պատմական Բեսարաբիան: Ռումինիայի Մոլդովա (Հյուսիսարեւելյան Ռումինիա) եւ Բեսարաբիա պատմական  տարածքները դարեր ի վեր  գտնվում էին Մոլոդվական իշխանության կազմում, որոնք եւ հետագայում ռումինական միացյալ պետության կազմավորումից հետո մտան այդ պետության կազմը: Հետագայում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի արդյունքում` Բեսարաբիան, որը մինչ այդ պատկանում էր Ռումինիային, անցավ ԽՍՀՄ-ին եւ հենց Բեսարաբիայի տարածքի մեծ մասում, ինչպես նաեւ Մոլդովական Ինքնավար Հանրապետության տարածքի մի մասում (Մերձդնեստր) ձեւավորվեց Մոլդովական ԽՍՀ-ն:

 

Արդեն նշել ենք, որ Մոլդովա անվանումը ինքնին տարածվում է ներկայիս Ռումինիայի հյուսիս-արեւելյան շրջանների վրա, որտեղ միջնադարում կար Մոլդովա անվանմամբ իշխանություն, որի կազմի մեջ էր մտնում նաեւ ներկայիս Մոլդովայի տարածքը: Բոլոր թերահավատների համար Մոլդովայի օրինակը կարող է հստակ ապացույց լինել: Ստալինը իր էքսպանսիստական քաղաքականությունը վարում էր երկարաժամկետ կտրվածքով՝ սկզբից ստեղծելով ինքնավար հանրապետություն, որը նույնիսկ դուրս էր գտնվում տրված կեղծ անվանման պատմական սահմաններից: Ի սկզբանե ծրագրված էր  պատմական Մոլդովայի տարածքների փուլ առ փուլ զավթման նպատակը: Իսկ միայն տարածքներին կեղծ անվանում տալով` դրան չես կարող հասնել. պետք էր նաեւ ձեւավորել «կեղծ ազգ»:

 

Արդեն Մոլդովական Ինքնավար Հանրապետության ստեղծումից սկսվեց այդ տարածքում բնակվող` թեկուզ եւ փոքրաթիվ ռումինախոս ժողովրդի հիման վրա ձեւավորել նոր ազգ ու նոր լեզու, որը հետագայում նաեւ տարածվեց Ռումինիայից բռանզավթված, Բեսարաբիայում բնակվող ռումինախոս ժողովրդի վրա: Նոր ձեւավորված մոլդովացիների համար նույնիսկ հորինվեց նոր լեզու՝ մոլդովերեն, որն իրականում ռումիներենի բարբառ է. այդ մասին բազմաթիվ ապացույցներ են բերում հայտնի լեզվաբանները:

 

Հատուկ տարվող քաղաքականության արդյունքում սկսվեց ձեւավորվել ազգային ինքնագիտակցություն: Ռուսական էմիսարները ժողովրդի մեջ քարոզում էին, որ իբր նրանք որեւէ առնչություն չունեն հարեւանությամբ բնակվող իրենց ցեղակիցների հետ: Սակայն Մոլդովայում այս քաղաքականությունը մասամբ հաջողություն գտավ, քանի որ ներկայիս մոլդովացիների մոտ չհաջողվեց լիովին ձեւավորել նոր ազգի հոգեբանություն, ու անկախացումից հետո մոլդովացիները հայտարարեցին, որ իրենք ռումինացի ժողովուրդ են եւ մաս են կազմում ռումինական ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին: Հենց այս հիմնավորման արդյունքում էլ առաջացավ Մերձդնեստրի կոնֆլիկտը, որտեղ հիմնականում բնակվում են  ռուսախոս եւ ուկրաինախոս ժողովուրդ:

 

Մակեդոնիա

 

Եթե մոլդովացիների մոտ նոր ազգի ձեւորման քաղաքականությունը կարելի է ասել ձախողվեց ու մոլդովացիները չեն տառապաում նորաստեղծ ազգի մոլուցքով, ապա մակեդոնացիների մետ ամեն ինչ հակառակ հունով է ընթացել: Այստեղ մի փոքր կանգ առնեմ եւ բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ`  ասելով նորաստեղծ ազգի մոլուցք: Քանի որ նորաստեղծ ազգերը չեն ունենում իրենց սեփական մշակույթը, ազգային ավանդույթները եւ նույնիսկ լեզուն, ապա ազգային ինքնագիտակցության ձեւավորման համար սկսում են գողանալ հարեւան ազգերի մշակութային եւ ազգային արժեքները: Մակեդոնացիների դեպքում դա հիմնականում ուղղված է մասամբ դեպի սերբերը եւ բուլղարացիները, սակայն հիմնականում՝ դեպի հույները, քանի որ հենց հունական պատմական Մակեդոնիա տարածքի վրա հավակնությունների ամրապնդման համար է ստեղծվել Մակեդոնիա «կեղծ պետությունը» եւ մակեդոնացիներ  «կեղծ ազգը»:

 

Ինչպես է ձեւաորվել Մակեդոնիան: Խորհրդային Միության, իսկ ավելի ճիշտ` Ստալինի թելադրանքով 1947-ին Հարավսլավիայի Դաշնային Սոցալիստական Հանրապետության նախագահ Իոսիպ Տիտոն եւ Բուլղարիայի Սոցալիստական Հանրապետության վարչապետ Գեորգի Դիմիտրովը Բլեդ քաղաքում հանդիպել են եւ որոշել, որ ամբողջ Մակեդոնիան, այդ թվում նաեւ` հունական Մակեդոնիան վերջնական արդյունքում պետք է մտնի Հարավսլավիայի կազմի մեջ: Հենց այսպես Հարավսլավիայի կազմում ձեւավորվեց Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետությունը, ինչպես նաեւ մակեդոնացիները ճանաչվեցին որպես առանձին ազգ` Հարավսլավիայի կազմում:  Էթնիկապես մակեդոնացիներն առավել շատ մոտ են բուլղարացիներին, նույնիսկ բուլղարացի ազգագրագետները մակեդոնացիներին համարում են բուլղարացի, իսկ մակեդոներենը՝ բուլղարերենի բարբառ, թերեւս, հիրավի, լեզվաբանական առումով գիտնականները մակեդոներեն լեզուն համարում են բուլղարերենի բարբառ:

 

Ի տարբերություն մեր նախորդ օրինակի՝ Մոլդովայի, Մակեդոնիայում ԽՍՀՄ փլուզումից հետո էլ շարունակվում է ստալինյան կեղծարարության զարգացումը: Մակեդոնացիները ոչ միայն իրենց համարում են առանձին էթնիկ խումբ, այլեւ, ինչպես արդեն նշեցի, տառապում են «կեղծ ազգեր» մոլուցքով՝ սեփականաշնորհելով այլ ազգերի մշակութային եւ ազգային արժեքները: Ավելին՝ մակեդոնացիները ինքնահաստատվելու համար սկսում են կեղծել պատմությունը, իրենց ներկայացնելով որպես հինավուրց ազգ՝ յուրացնելով հարեւան հույն ժողովրդի մշակութային եւ ազգային արժեքները:

 

Այս համատեքստում առավել ցայտուն է Ալեքսանդր Մակեդոնացու անվանման հետ վիճաբանությունները: Մակեդոնացիները նրան համարում են իրենց ժողովրդի ազգային հերոս, նրա անունով անվանում են փողոցներ, օդանավակայաններ, քաղաքներ եւ նույնիսկ, որ առավել զավեշտալի է, վերջերս հայտարարել են, որ իբր իրենց տարածքում գտել են Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը: Սակայն Հունաստանից մակեդոնացիները ոչ միայն գողանում են հունական մշակութային եւ ազգային արժեքները, այլեւ շարժվում են Մակեդոնիայի ստեղծման հիմքում ընկած հունական տարածքների նկատմամբ պահանջների ներկայացման ուղով՝ Հյուսիսային Հունաստանում գտնվող պատմական Մակեդոնիա երկրամասը համարելով իրենց պատմական տարածք:

 

Հունաստանը, քաջ գիտակցելով այդ ամենը, պահանջում է Մակեդոնիայից` վերանայել իրենց պետության եւ ժողովրդի անվանումը՝ անթույլատրելի համարելով ներկայիս Մակեդոնիա պետության նույնականացնումը հին հունական Մակեդոնիա պետության եւ երկրամասի հետ: Հունաստանի պահանջով ՄԱԿ-ը, Եվրամիությունը, միջազգային այլ կազմակերպություններ եւ շատ երկրներ Մակեդոնիան պաշտոնապես ճանաչում են որպես Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիա: Հույները նույնիսկ կատակով մակեդոնացիներին անվանում են ֆիրոմացիներ՝ այդ անվանման անգլերեն հապավման հիման վրա:

 

Կարդալով Մակեդոնիայի եւ մակեդոնացիների մասին` երեւի արդեն զգացիք, թե ինչքան են նրանք նման մեր տխրահռչակ հարեւաններ ադրբեջանցիներին՝ իրենց «կեղծ ազգի» հոգեբանությամբ, պատմության կեղծմամբ, ուրիշի ազգային եւ մշակութային արժեքների յուրայնացմամբ եւ այլն: Եվ, հիրավի, դա այդպես է. շատ քիչ բանով են մակեդոնացիները տարբերվում ադրբեջանցիներից:

 

Ադրբեջան

 

Թերեւս ստալինյան «կեղծ ազգերի եւ կեղծ երկրների» քաղաքականության առաջացման հիմքը կարելի է համարել Ադրբեջանը: Եվ ուսումնասիրելով Ադրբեջանի օրինակը` հասկանում ենք, որ այս էքսպանսիստական քաղաքականության ճանապարհները տանում են դեպի Թուրքիա: Ադրբեջան անվանումը ներկայիս Ադրբեջանական տարածքների վրա առաջին անգամ ի հայտ է եկել 1918թ.՝ այսպես կոչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծմամբ: Այդ պետության առաջացումը սերտորեն կապված է Թուրքիայի հետ:

 

Ցարական Ռուսաստանի կործանումից հետո Թուրքիան իր պանթուրքիստական ազգայնական ծրագրերի իրագործման համար ներկայիս Ադրբեջանի տարածքում ստեղծեց Ադրբեջան պետությունը՝ որպես հենակետ Միջին Ասիայի եւ Ռուսաստանի տարածքում թուրքալեզու ժողովուրդներին իրեն միավորելու համար: Անվանումը պատահական չէ ընտրված: Ներկայիս Ադրբեջանից հարավ ընկած է պարսկական Ատրպատական, Ատրպատենա կամ Ադրբեջան պատմական տարածքը: Այդ տարածքում բնակչության մեծ մասը թուրքական լեզվով է խոսում, եւ ապագայում հենց Պարսկաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու նպատակով նորաստեղծ պետությունը կոչվեց Ադրբեջան:

 

Ներկայիս Ադրբեջանի տարածքում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո խորհրդային իշխանություններին եւ հատկապես Ստալինին դուր եկավ այդ գաղափարը եւ սկսեց զարգացնել այդ միտքը՝ զարգացնելով  ոչ միայն Ադրբեջան շինծու պետություն գաղափարը, այլեւ Անդրկովկասում բնակվող թուրքալեզու մահմեդական ժողովուրդների հիմքի վրա ստեղծելով ադրբեջանցի «կեղծ ազգը»՝ որպես հենարան արեւելքի մահմեդական ժողովուրդների վրա խորհրդային կարգեր տարածելու, ինչպես նաեւ հարեւան Պարսկաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար:

 

Եվ, որպեսզի ադ նպատակներն ունենան ամուր հիմք, Ստալինը կամայականորեն նորաստեղծ պետությանը բռնակցեց պատմական հայկական եւ հայաբնակ տարածքները՝ Արցախը, Նախիջեւանը, Գանձակը եւ այլն: Սակայն այս ամենին խանգարում էին հայերը, որոնք ոչ միայն մեծամասնություն էին կազմում շինծու պետությանը բռնակցված հայկական տարածքներում, այլեւ մյուս տարածքներում նույնպես զգալի թիվ էին կազմում, եւ այդ նպատակով Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմավորման ժամանակ առաջ քաշվեց մի թեզ, որ այն հայերի եւ մահմեդականների համատեղ պետություն է, սակայն այդ հիմնավորումը հետագայում` հատուկ տարվող քաղաքականության արդյունքում մոռացության մատնվեց:

 

Այսպես ծնվեց առաջին «կեղծ պետությունը եւ կեղծ ազգը» : Ներկայիս Ադրբեջանը շարժվում է նույն «կեղծ պետության ու ազգի» գործելաոճով եւ հոգեբանությամբ՝ յուրացնելով այլ ազգերի, հատկապես հայերի եւ պարսիկների մշակութային եւ ազգային արժեքները, տարածքային պահանջներ ներկայացնելով հարեւան պետություններին, կեղծելով պատմությունն ու պատմական փաստերը:

 

 Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1