Նախագահների հանդիպում Փարիզում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահների հանդիպում Փարիզում

Նախագահների հանդիպում Փարիզում

Փարիզում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:  Մինչ երկկողմ հանդիպումը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախ առանձին-առանձին ընդունել է երկու երկրների նախագահներին, այնուհետեւ կայացել է եռակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ: Իսկ այսօր առավոտյան կայացել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

 

 

Բանակցություններն ամփոփվեցին  Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ:

Բանակցություններին է անդրադարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: “Նովոստի-Արմենիա” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նա նշել է. “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնել Փարիզում` մի կողմից, որ պատկերացում կազմվի այն գործիքների մասին, որոնք վստահություն կներշնչեն, կնպաստեն, որպեսզի քաղաքացիներ և զինվորականներ չմահանան, մյուս կողմից` որպեսզի հիմնվելով 3 հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման, բանակցություններին նոր խթան հաղորդվի”:

 

 

Վերջերս շատ է խոսվում, որ Արեւմուտքը, որը արցախյան խնդրում ներկայացված է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջոցով,  սկսում է ակտիվանալ Արցախի խնդրի բանակցային գործընթացում: Թերեւս, հիրավի, նկատելի է այդ հանգամանքը: Օգոստոսյան լարված իրավիճակի ժամանակ Ռուսաստանի նախագահի հրավերով անցկացված Սարգյան-Ալիեւ  հանդիպումից հետո հարաբերական անդորր հաստատվեց սահմանում:Այդ ամենով Ռուսաստանը հստակ ակնարկեց Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում իր կարեւոր դերը:

 

 

Դրանից հետո Արեւմուտքն ավելի ակտիվացավ կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ նախորդ հանդիպումն անց է կացվել Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ:  Այս հարցն ավելի հետաքրքրական է դառնում Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. «Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Փարիզում հանդիպում կազմակերպելու նախագահների մակարդակով։

 

 

Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, և դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ կոնտեքստում էր նաև այսօրվա հանդիպումը Փարիզում: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանդիպումների կազմակերպմանը` հատկապես ամենաբարձր մակարդակով, որոնք հնարավորություն են տալիս կողմերին` ավելի լավ ծանոթանալու մոտեցումներին, իրար, և հնարավորություն է փնտրելու մոտեցնել դիրքորոշումները»: Նալբանդյանն իր խոսքում հավասարություն է դնում բոլոր երեք երկրների կատարած ջանքերի միջեւ՝ ակնարկելով, որ այս հարցում տարաձայնություններ չկան Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:

 

 

Էդվարդ Նալբանդյանը նախագահների փարիզյան հանդիպումը բնորոշել է` որպես կոնստրուկտիվ,  կառուցողական, օգտակար եւ անկեղծ, ու ավելացրել. «Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, նաեւ վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկվել էին դեռ Ֆրանսուա Օլանդի կողմից իր՝ մայիսին տարածաշրջան այցելության ժամանակ, եւ  որոնք ողջունվել էին նաեւ եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները նույնն են, ինչ որ եռանախագահների մոտեցումներն են։

 

 

Այդ կարգի վստահության միջոցառումները կարող են լավ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար բանակցային գործընթացում։ Ադրբեջանի մոտեցումը մի փոքր այլ է։ Իրենք այլ ծայրից են, այսպես ասած` մոտենում, որովհետև կարծում են, որ բանակցությունների առաջընթացը կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների համար։ Բնականաբար, դա մի փոքր տարբեր մոտեցում է, բայց դա հայտնի մոտեցում է, ինչը որ եղել է նաեւ նախկինում: Այսօր հանդիպման ընթացքում հնարավորություն եղավ քննարկելու նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային, միջազգային խնդիրներին, որոնք բավական հետաքրքիր քննարկումներ էին, որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել»:

 

Սակայն Նալբանդյանը չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվել: Հետաքրքրական է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահի կողմից նշվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, սակայն հստակ պարզ չէ, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու: Այս շրջանակներում թերեւս կարելի է դիտարկել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ֆրանսիայի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակման վերաբերյալ: Հետաքրքրական է նաեւ, որ արդեն վերլուծական շրջանակները նույնպես սկսել են խոսել այս հանդիպման ժամանակ բանակցություններում որոշակի բեկման մասին, սակայն ոչ ոք դեռեւս չի նշում, թե այդ բեկումն ինչ ուղղությամբ է եւ ինչպես կարող է արտահայտված լինել:

 

 

Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, ԼՂՀ ԱԺ  «Դաշնակցություն»  խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը նշեց, որ ընդհանուր առմամբ ողջունելի է նման բանակցությունները, քանի որ նման հանդիպումների միջոցով փորձ է արվում մոտենալ հարցին: «Եթե չկա բանակցություններ, ապա դրան հաջորդում է պատերազմը, ուստի ցանկացած անարդյունք բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը: Իհարկե, հույս ունենալ, որ ինչ որ դրական տեղաշարժ կլինի, անիրական է, որովհետեւ դրա համար հնարավոր պայմաններ չկան. չի մասնակցում բանակցությունների հիմնական կողմ հանդիսացող Արցախը, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի մաքսիմալիստական ձգտումները թույլ չեն տալիս հասնել որևէ տեղաշարժի»: Վահրամ Բալայանը նշեց նաեւ, որ տարբեր մակարդակներով հանդիպումները հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ` լինի հասարակությունների, տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների կամ քաղաքական մակարդակներով, օժանդակում է տարածաշրջանում լարվածության թուլացմանը: 

 

 

Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` մի կողմ թողնելով տարաձայնությունները` քաղաքական կամք դրսեւորել եւ իրենց երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը: Նալբանդյանի հայտարարությունը կարելի է դիտարկել նաեւ այս համատեքստում, սակայն դեռեւս անհայտ է մնում, թե ինչ միջոցառումների մասին է խոսվում, ու մնում է միայն կռահել: Այս հայտարարության մասին առավել ուշագրավ են Արցախից հնչած պատասխանները:

 

 

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am,-ին տված հարցազրույցում նշել է. «Առաջին հերթին պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը. խաղաղության պայմանագիրը պետք է լինի հիմնական կողմերի` Արցախի և Ադրբեջանի միջև: Հայաստանն այստեղ ներգրավված կողմ է, քանի որ Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ արցախահայությանը նոր ցեղասպանության շեմին էր կանգնեցրել: Երկրորդ` խաղաղության պայմանագիրը հնարավոր է, եթե կողմերն ուզում են դեպի խաղաղություն գնալ, իսկ Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում այդպիսի ձգտում, ընդհակառակը` նրանք զարգացնում են ֆաշիզմը, հերոսացնում մարդասպանին, որը քնած մարդու է կացնահարում»:

 

Հետաքրքրականն այն է նաեւ, որ, ի տարբերություն հայկական կողմի, ադրբեջանական կողմը, բացի պաշտոնական հաղորդումներից, նախագահների հանդիպման վերաբերյալ որեւէ այլ  մանրամասներ չի հաղորդում:

 

Վահե Հարությունյան

1