Երիտասարդներն հանրապետական թերթ չեն գալիս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Երիտասարդներն հանրապետական թերթ չեն գալիս

Երիտասարդներն հանրապետական թերթ չեն գալիս

<<Ապառաժ>>-ի հարցազրույցը <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ

 

— Արդեն ավելի քան 6 տարի է, ինչ զբաղեցնում եք <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել հանրապետության պաշտոնաթերթը:

 

— Այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ չեն եղել: Ձեռքբերումներ եղել են տեխնիկական առումով: Կառավարության օգնությամբ  նոր համակարգիչներ եւ տպիչ սարք ենք ձեռք բերել. վերջինս նպաստել է թերթի որակի լավացմանը:

Հանրապետության պաշտոնաթերթն ունի մեկ հիմնական խնդիր, որը շարունակում է մնալ չլուծված: Դա շենքային պայմաններն են, ինչը խմբագրության համար շարունակում է մնալ որպես ցավոտ հարց:

Խմբագրության սենյակները, որտեղ աշխատում են լրագրողները, շատ փոքր են: Եթե սենյակում  3 սեղան է դրված, այդտեղ  աշխատում են 5 լրագրողներ, ովքեր անգամ  նստելու տեղ չեն ունենում:

 

Խմբագրության շենքային պայմանների հարցը բարձրացվել է մեր հիմնադիրների մակարդակով՝ ե՜ւ Նախագահի աշխատակազմում, ե՜ւ կառավարությունում, ե՛ւ Ազգային ժողովում,  բայց մինչև օրս սայլը տեղից չի շարժվել: Իրականում, շենքային վատ պայմաններն ազդում են լրագրողների աշխատանքի եւ նյութերի որակի վրա: Հնարավոր չէ փոքր սենյակում խցկված նստել 5-6 հոգով եւ որակով նյութ պատրաստել:

Վեց եւ կես տարի է,  ինչ հանրապետական թերթի գլխավոր խմբագիրն եմ, խմբագրությունում սերնդափոխություն չի կատարվել: Երիտասարդները հանրապետական թերթ չեն գալիս: Հավանաբար, հեռուստատեսությունն իրենց համար ավելի հետաքրքիր է ու գայթակղիչ:

 

 

 

— Տարիներ առաջ հանրապետական թերթը տպագրվում էր 1500 տպաքանակով: Ներկայումս թերթի տպաքանակը  650  է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 

— Շարժման տարիներին թերթի տպաքանակը հասել է անգամ 90 000-ի։ Շարժման ալիքի վրա թերթի հանդեպ հետաքրքրությունը շատ ավելի բարձրացավ։ Այդ տարիներին թերթն այն հիմնական լրատվամիջոցն էր, որն ստույգ տեղեկություն էր տրամադրում ընթերցողին: Նույնիսկ նախկին Սովետական Միության քաղաքներ էր առաքվում:Թերթի տպաքանակի նվազումը ես ժողովրդի սոցիալական վիճակի հետ  եմ կապում  ու կարծում եմ, որ բոլորը չեն ի վիճակի թերթ գնել՝ չնայած այն արժե ընդամենը 70 դրամ:

 

Կա եւս մեկ խնդիր: Խորհրդային տարիներին գոյություն ուներ <<Սոյուզպեչատը>>, որը թերթը հասցնում էր անգամ ամենահեռավոր գյուղեր, իսկ հիմա թերթը զրկված է նման հնարավորությունից: Ներկայումս գործում է <<Մեդիամոստ>> գործակալությունը, որը սահմանափակվում է  թերթերը  շրջկենտրոններ հասցնելով:

 

Այսօր մենք թերթի տարածման խնդիր ունենք: Վիճակը բավականին տխուր է, եւ մենք ի վիճակի չենք մեր ուժերով այդ հարցը լուծել: Կարծում եմ, որ այդ հարցում պետք է լինի պետական աջակցություն, թեկուզ եւ՝ սուբսիդավորման եղանակով, որպեսզի թերթը հասցվի գյուղեր: Դիմել եմ կառավարությանը եւ խնդրի լուծման իմ տարբերակներն եմ առաջարկել, սակայն հարցը դեռ չի լուծվել: Թերթի պահանջարկ կա. գյուղական բնակավայրերից բազմիցս են դիմել այդ հարցով:

 

— Էլեկտրոնային ԶԼՄ-ներն օրեցօր  առավել տարածում գտնելու պայմաններում՝ ինչպե՞ս եք գնահատում տպագիր մամուլի կարեւորությունը:

 

— Արցախի պարագայում՝ կարող եմ ասել, որ համացանցից հիմնականում օգտվում են երիտասարդները: Միջինից բարձր տարիքային խումբը գրեթե չի օգտվում համակարգչից, եւ տեղեկատվություն ստանալու բացը լրացնում է հեռուստատեսությունը: Չեմ կարծում, թե երիտասարդները հետաքրքրվում են պարբերական մամուլով:

 

Ինձ  թվում է, որ երիտասարդների մոտ ընթերցանության հանդեպ նախկինում առկա հետաքրքրությունը չկա: Տպագիր մամուլը պետք է գոյատևի գոնե միայն նրա համար, որ այն մնայուն է եւ պատմություն է: Գալիք սերունդները թերթերի միջոցով կարող են պատկերացում կազմել, թե տվյալ ժամանակաշրջանում ինչ է կատարվել:  Տպագիր մամուլը ոչ միայն պետք է լինի,  դեռ ավելին՝ այն պետք է զարգանա:

 

— Որպես հանրապետության գլխավոր թերթի խմբագիր՝ ինչպե՞ս եք գնահատում լրատվության մակարդակը:

 

— Այս տարիների ընթացքում, ինչ թերթի խմբագիրն եմ, լրատվության հետ կապված՝ ոչ մի խնդիր չի եղել: Թերթի գործունեության հանդեպ երբեւէ ճնշում չի գործադրվել: Ոչ ոք մինչ օրս  ինձ չի պարտադրել որեւէ նյութ տպել կամ չտպել: Իրականում՝ մենք ազատ ենք գործում:

 

Կարծում եմ՝ Արցախում գործող մյուս լրատվամիջոցների համար նույնպես չկան սահմանափակումներ: Քանի որ <<Ազատ Արցախ>> թերթը հանրապետության պաշտոնաթերթն է, մեր խնդիրն այն է, որ ներկայացնենք պետական քաղաքականությունը, պետական մարմինների գործունեությունը: Բնականաբար, աշխատում ենք լուսաբանել գրեթե բոլոր բնագավառներում կատարվող գործընթացները:

 Անի ԱԶԱՏՅԱՆ

1