Ամեն անգամ, երբ Արցախում եմ լինում, ես ինձ զգում եմ ավելի ուժեղ և նպատակասլաց. Էլենի Թեոխարուս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ամեն անգամ, երբ Արցախում եմ լինում, ես ինձ զգում եմ ավելի ուժեղ և նպատակասլաց. Էլենի Թեոխարուս

Ամեն անգամ, երբ Արցախում եմ լինում, ես ինձ զգում եմ ավելի ուժեղ և նպատակասլաց. Էլենի Թեոխարուս

Օրերս Արցախ էր այցելել Կիպրոսը ներկայացնող` Եվրամիության խորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանում Եվրամիություն–Հայաստան  բարեկամության խմբի նախագահ  Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը: Էլենի Թեոխարուսին ուղեկցում էին իր օգնականան Յանիս Խարալամպիդիսը,  ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և Բելգիայի  Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլին:

 

 

Ձեզ ենք ներկայացնում Aparaj. am-ի հարցազրույցը Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ:

 

Ինչ նպատակ է հետապնդում Ձեր այցը

Նախկինում ես այցելել էի Արցախ: Իմ այս այցի հիմնական նպատակը Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելն է, և, իհարկե, տեսնել Արցախի իմ ընկերներին, այս հրաշալի տարածաշրջանի ժողովրդին, և ձեզնից, ազատության ձգտման ձեր տենչից ուժեր հավաքեմ: Ամեն անգամ, երբ այստեղ եմ լինում, ես ինձ զգում եմ ավելի ուժեղ և նպատակասլաց՝ ազատության համար պայքարի գործում:

 

 

Ձեր կարծիքով` ինչպես պետք է պատասխանել ադրբեջանաթուրքական հակահայկական քարոզչությանը եվրոպական ատյաններում:

Մենք կարող ենք դիմակայել ադրբեջանաթուրքական քարոզչությանը բոլոր այն հիմնավորումններով, որոնք մենք ունենք նրանց հարվածելու համար՝ երկխոսությունների, զրույցների, սեմինարների միջոցով, բայց թուրքերն ու ադրբեջանցիներն ուրիշ մեթոդներ են օգտագործում, որոնք ոչ տրամաբանական են, ոչ էլ  քաղաքական փաստարկներով հիմնված: Նրանք փորձում են գնել մարդկանց` օգտագործելով նրանց որպես իրենց գործակալներ: Այս առումով` մենք չենք կարող դիմակայել: Հասկանում եք, երբ որևէ մեկը կաշառք է վերցնում, նա չի կարող իր տեսակետը փոխել, և անօգուտ է նրան որևէ բան ապացուցել: Եվ դա Արցախի հարցը ճիշտ ներկայացնելու համար դժվարություններ է ստեղծում:

 

 

Եվրամիության և Լեռնային Ղարաբաղի միջև արդյոք հնարավոր է ուղղակի համագործակցություն, և  ինչպիսի համագործակցություն կարող է լինել դա:

Սա շատ բարդ հարց է: Ես ավելի հեշտ կարող էի պատասխանել այս հարցին, եթե դա վերաբերվեր Հայաստանին: Ի տարբերություն Արցախի`  Հայաստանը ստորագրել է համաձայնագիր Մոսկվայի գլխավորած Մաքսային միության հետ, և կարծում եմ, որ Եվրամիության հետ համագործակցության մեջ՝  տարածաշրջանում գործընկեր լինելու և ամուր կապեր հաստատելու համար, մեծ դժվարություններ կլինեն: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը դժվար է, քանի որ այն դեռևս  Հայաստանի մաս չէ, դեռևս ճանաչված պետություն չէ, և մենք պետք է  նկատելի գործընթաց սկսենք` ամրապնդելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դա քաղաքական հարց է, և ես կարծում եմ, որ լավ կլինի` եթե մենք այս հարցին մոտենանք Հայաստանի հետ համագործակցության մեր աշխատանքների ձևաչափի սահմաններում:

 

 

Արդյոք Արցախը ճանաչելի է եվրոպական քաղաքական և հասարակական շրջանակներում, և ինչ պետք է անել, որպեսզի ավելի ճանաչելի դարձնել Արցախը:

Մենք պետք է ներկայացնենք Արցախի իրադարձությունները, Արցախի ժողովրդին: Եվրախորհրդարանում մարդկանց մեծ մասը չգիտեն պատմությունը, չգիտեն, թե ինչպես է Արցախի ժողովուրդը հասել իր ազատությանը՝ վերջ տալով  Ադրբեջանի օկուպացիային: Նրանք կարծում են, որ դա անջատողական շարժում է: Բայց շատ հեշտ է ապացուցել, որ դա ճիշտ չէ: Դա մեր պարտքն է՝ խոսել իրականության մասին և համառորեն ապացուցել մարդկանց` ովքեր չգիտեն,  ովքեր չեն լսում մեզ, ովքեր անտեսում են մեզ: Մենք գիտենք, որ դա շատ դժվար առաջադրանք է, բայց պետք է իրականացնենք:

 

 

Ինչու Եվրոպայի կողմից համապատասխան արձագանք չեղավ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված վերջին դիվերսիոն հարձակումների համար:

Մենք Եվրախորհրդարանում դատապարտում ենք այդ արարքը: Իհարկե, դեռևս որևէ բանաձև չի եղել: Դա երկու  պատճառ ունի: Նախ այն, որ դա պատահեց ամռանը՝ մի ժամանակաշրջան, երբ Եվրոպական խորհրդարանը չէր գործում, ինչպես նաև այն, որ Եվրախորհրդարանի պատգամավորների  65 տոկոսը նոր ընտրված էին, և մենք նույնիսկ չէինք ճանաչում այդ նորընտիր անդամներին ու չգիտեինք, թե ինչպես ազդել նրանց վրա: Ես հավատում եմ, որ այս պայմաններում մենք մեծ հնարավորություններ ունենք` աշխատել և միջոցներ ձեռնարկել.  օրինակ՝  այս չորեքշաբթի Եվրախորհրդարանում նշվելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի հաղթանակը: Մենք պետք է խթանված աշխատանք տանենք և ստիպենք Եվրախորհրդարանին`հասկանալ դա:

 

 

Դուք չեք վախենում Ադրբեջանի <<սև ցուցակում>> հայտնվելու հնարավորությունից, և ինչպես եք վերաբերվում ադրբեջանական <<սև ցուցակին>>:

Ես արդեն Ադրբեջանի սև ցուցակում եմ: Ես գիտեմ ֆաշիստական ռեժիմի երեք երկրներ, որտեղ իմ մուտքն  արգելված է. դրանցից մեկը Ադրբեջանն է:

 

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1