Թուրքիայում շարունակվում են բախումները քրդերի և ոստիկանական ուժերի միջև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Թուրքիայում շարունակվում են բախումները քրդերի և ոստիկանական ուժերի միջև

Թուրքիայում շարունակվում են բախումները քրդերի և ոստիկանական ուժերի միջև

Բախումներն սկսվել են Սիրիայում գտնվող՝ Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքը <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորման կողմից հարձակման ենթարկելու պատճառով: Թուրքիան փակել է սահմանը և թույլ չի տվել, որ Թուրքիայի տարածքում բնակվող քրդերն աջակցեն շրջափակման մեջ հայտնված իրենց հայրենակիցներին:

 

Թուրքիայի ամբողջ տարածքով մեկ՝ Ստամբուլից մինչև Վան, «Ոչ մի դեպքում թույլ չտալ Քոբանիի անկումը» կարգախոսով քրդերը դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի կառավարության վարած քաղաքականության դեմ:

 

Որոշ քաղաքներում ցուցարար քրդերի և ոստիկանության միջև բախումներ են եղել, որոնց արդյունքում կա առնվազն 16 զոհ և ավելի քան 30 վիրավոր: Փողոց դուրս եկած քրդերը պնդում են, որ թուրքական բանակը, որի տանկերը կանգնած են պաշարված քրդաբնակ Քոբանի քաղաքի մոտակայքում, չեն ցանկանում որևէ աջակցություն ցույց տալ սիրիացի քրդերի ջոկատներին:

 

Հայաստանի Հանրապետությանը սահմանակից հայկական Սուրմալու գավառում գտնվող Իգդիր քաղաքում բախումներ են եղել նաև քուրդ ցուցարարների և քաղաքի ադրբեջանցի բնակիչների միջև: Բախումներն սկսվել են՝ երբ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ նետված քարերը դիպել են ադրբեջանցի քաղաքացիների աշխատատեղերի լուսամուտներին և ջարդել ապակիները, ինչը քրդերի և ադրբեջանցիների միջև բախման պատճառ է հանդիսացել: Քրդերն ու ադրբեջանցիները միմյանց քարեր են նետել և հարվածել փայտերով: Զանգվածային կռվի ժամանակ, որին մոտ 300 մարդ է մասնակցել, 15 մարդ վիրավորվել է:

 

Ցուցարար քրդերը համոզված են, որ եթե քաղաքն անցնի «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին և նրանք գրավեն Քոբանի քաղաքը, ապա այնտեղ մնացած մոտ 50 հազար քրդերին կոտորած է սպասում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորությամբ գտնվող սիրական քրդաբնակ Քոբանի (արաբերեն՝ Այն-ալ Արաբ) քաղաքի  փողոցներում կատաղի պայքար է ընթանում քուրդ աշխարհազորայինների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների  միջև:

 

Միացյալ Նահանգների կողմից գլխավորած Կոալիցիոն օդուժը մի քանի անգամ հարվածներ է հասցրել քաղաքի ուղղությամբ հարձակվող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին:

 

Թուրքիան դեռևս չի շտապում օգնության ձեռք մեկնել քրդերին: Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռևս չի պատասխանել Թուրքիայում այս պահին ամենագլխավոր հանդիսացող հարցին` միջամտելո՞ւ է թուրքական բանակը Քոբանիում ծավալված մարտերին, թե՞ ոչ: «Միայն օդային հարվածներով «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման հարցը չի լուծվի: Ամիսներ են անցնում, բայց որևէ արդյունք չկա: Այսօր Այն էլ-Արաբ քաղաքը, որ նաև որպես Քոբանի է հայտնի, անկման եզրին է», — հայտարարեց Էրդողանը: Նա նաև նշել է. «Մեզ համար «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» և Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների միջև որևէ տարբերություն չկա»:

 

Էրդողանի ելույթից հստակ է միայն մի բան, որ թուրքական բանակը քրդերի հետ համատեղ իսլամիստ ծայրահեղականների դեմ որևէ ռազմական գործողություն չի իրականացնի:

 

Վերլուծաբանները գտնում են, որ Քոբանիում կռվող քրդական ջոկատները` «Ժողովրդական պաշտպանության ուժերը»` YPG-ն, Աբդուլլահ Օջալանի հիմնադրած Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի դաշնակիցներն են և սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահի հետ: Թուրքիայում որոշ շրջանակներ նույնիսկ պնդում են, թե Սիրիայում կռվող  քրդական ջոկատներն Օջալանի կուսակցության տեղական մասնաճյուղն են:

 

Իր հերթին՝ քրդերի առաջնորդ համարվող Աբդուլլահ Օջալանն Իմրալի կղզու բանտից ողերձով է հանդես եկել. «Եթե իսլամիստները գրավեն Քոբանին` կոտորելով տեղի խաղաղ բնակչությանը, դա կնշանակի՝ Քրդական աշխատավորական կուսակցության և թուրքական կառավարության միջև անցած տարի մեկնարկած հաշտեցման գործընթացի ավարտ»:

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

1