Ժողովրդավարության սկզբունքից ելնելով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Ժողովրդավարության սկզբունքից ելնելով

Ժողովրդավարության սկզբունքից ելնելով

Արցախի պետության, կայացման գաղափարախոսության հիմքում առկա են ժողովրդավարական հիմունքներ: Արցախյան պայքարի իրավական կարևորագույն սյուներից մեկը Արցախի ժողովրդի կամարտահայտման և այդ հիմքով՝ անկախ պետություն ունենալու իրավունքն է: Իսկ այդ իրավունքի անսակարկելիությունը մեզ հնարավորություն է տալիս բաց ճակատով ներկայանալու միջազգային հարթակներում:

 

Նույն սկզբունքը, բնականաբար, կիրառվել է Արցախի պետական համակարգում: ԼՂՀ Սահմանադրությամբ Արցախը հռչակվել է որպես ժողովրդավարական երկիր: Սակայն, միայն հռչակումը բավարար չէ, եթե հռչակված սկզբունքների գործադրումը լիարժեք չի կիրառվում պետական համակարգում:

Այս պարագայում խոսքը պետական կառավարման համակարգում ժողովրդի ուղղակի մասնակցությունն ապահովելուն է վերաբերում: Ժողովրդավարությունը միայն չի սահմանափակվում որոշակի ժամանակահատվածում ժողովրդի մասնակցությամբ ինչ-որ քվեարկության և այդ ընթացակարգի թափանցիկությամբ ու օրինականությամբ: Ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալը առօրյա և ընթացակարգային պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու և, առավել եւս, յուրաքանչյուր պաշտոնյայի համար:

ԼՂՀ գործող օրենսդրության բազմաթիվ դրույթներում ապահվված է ժողովրդի տեղեկացվածության հնարավորությունը, որը կարող է հիմք հանդիսանալ ժողովրդի կողմից իր կամքի արտահայտման համար:

 

Գործնականում, կառավարման համակարգում որոշումներ կայացնելու թափանցիկությունը՝ որոշումներ կայացնելու հիմնավորումներն ու պատճառները անկեղծորեն հանրությանը ներկայացնելով, տվյալ պետական պաշտոնյան ոչ միայն ավելի ընկալելի է դառնում ժողովրդի կողմից, այլեւ հավատարիմ է մնում ժողովրդավորության սկզբունքներին: Այլ խոսքով, այն իշխանավորին է հաջողված, ով կարողանում է հանրությանը ապացուցել իր որոշման արդարությունն ու համընդհանուր շահերի համընկնումը:
Վերջին 1-2 տարվա ընթացքում ԼՂՀ իշխանությունները պարտավորված են եղել կայացնել դժվարին որոշումներ՝ կապված ջրի եւ էլեկտրաէներգիայի թանկացումների հետ: Սակայն, ժամանակին եւ անկեղծորեն ներկայացնելով խնդիրները՝ կարողացել են հանրությանը ներկայացնել որոշումների կայացման հիմքերը, իսկ հանրությունը, չնայած ծանր տնտեսական պայմաններին, ընկալումով է մոտեցել դրան:

 

Այժմ համանման հարցի դեմ հանդիման ենք կանգնել Ստեփանակերտի տրանսպորտի սակագների թանկացման հարցում: Այս պարագայում ցավալին այն է, որ ոլորտի պատասխանատուներն իրենց որոշումների հիմնավորումները ժամանակին եւ պատշաճ կերպով չեն ներկայացրել հանրությանը, որը դարձել է շահարկումների և թյուր ընկալումների պատճառ:

 

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս կրկնել, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա նախ և առաջ պետք է պատասխանատու լինի հանրությանը: Իսկ այդ պատասխանատվությունն առօրյա գործընթաց է: Ցավալի է, որ որոշ պետական պաշտոնյաների մոտ ժողովրդի հետ հարաբերվելը սահմանափակվում է միայն ընտրությունների նախօրյակով:

 

 

Խմբագրական 17-30 սեպտեմբեր, 2014թ. 

1