Ինքնորոշման շարժումներ. Շոտլանդիա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ինքնորոշման շարժումներ. Շոտլանդիա

Ինքնորոշման շարժումներ. Շոտլանդիա

Պատմական ակնարկ

 

Շոտլանիան անկախ երկիր է եղել 843թ. մինչև 1707 թ.: 1603թ. Շոտլանդիայի թագավոր Հակոբ VI-ը դարձել է Անգլիայի թագավոր և միավորել երկու թագավորություններն իր անձնական Ունիայում: Սակայն Շոտլանդիան և Անգլիան շարունակում էին մնալ առանձին պետություններ, որոնք ունեին միայն ընդհանուր միապետ:  1707թ. անգլիական և շոտլանդական խորհրդարաններն ընդունեցին Ունիայի մասին ակտը, որով երկու թագավորությունները դարձան մեկ թագավորություն: Այսպես ծնվեց Մեծ Բրիտանիայի թագավորությունը, որը հետագայում դարձավ հզոր Բրիտանական կայսրություն:

 

Ինչպես տեսնում ենք՝ պատմագրության մեջ շոտլանդական խնդիրն էականորեն տարբերվում է արցախյան խնդրից, քանի որ, ի տարբերություն Արցախի, որը բռնակցվել էր Ադրբեջանին՝ ի հեճուկս ժողովրդի կամարտահայտության, Շոտլանդիայում պատմական պրոցեսներն այլ ընթացք են ունեցել. նրանք իրենց կամքով միացել են և կազմել միացյալ պետություն:

 

Ինքնորոշման շարժում

 

19-րդ դարի կեսերից սկսած Շոտլանդիայում առավել հստակորեն  սկսեցին արտահայտվել սեփական կառավարություն ունենալու համար: Շոտլանդիայի ինքնավարության հարցի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց 1853թ., բայց այս հարցը իր համակիրները գտավ միայն պահպանողական շրջանակներում, և հիմնականում նշվում էր, որ Իռլանդիան ավելի լայն ինքնավարություն է ստացել, քան Շոտլանդիան: Այս շարժման արդյունքում՝ 1885թ. վերականգնվում է Շոտլանդիայի հարցերով նախարարությունը և Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից Շոտլանդիայի հարցերով քարտուղարությունը:

 

20-րդ դարի սկզբին անկախության համար շարժումները Շոտլանդիայում սկսեցին ավելի մեծ թափ ստանալ: 1921թ. Ստեղծվեց Շոտլանդական ազգային լիգան, այն ի սկզբանե կողմ էր արտահայտվում միայն Միացյալ թագավորության կազմում ինքնակառավարման ընդլայնման օգտին, քանի որ այն ժամանակ լիիրավ անկախությունը շոտլանդացիների համար թվում էր անիրականանալի:

 

1979թ. Շոտլանդիայում տեղի ունեցավ առաջին հանրաքվեն, որի արդյունքում Շոտլանդիայում պետք է ստեղծվեր հատուկ օրենսդիր մարմին՝ Շոտլանդական ասամբլեան, սակայն բրիտանական կառավարութոյւնը հրաժարվեց ընդունել՝ պատճառաբանելով, որ բավարար քանակությամբ մարդիկ չեն մասնակցել քվեարկությանը: 1997թ. տեղի ունեցավ Շոտլանդիայի ինքնավարության համար երկրորդ հանրաքվեն, որի արդյունքում քվեարկողների մեծ մասը քվեարկեցին շոտլանդական խորհրդարանի ստեղծման օգտին: 1998թ. Բրիտանական խորհրդարանն ընդունեց Շոտլանդիայի խորհրդարանի մասին ակտը, որի համաձայն՝ Շոտլանդիայում պետք է ստեղծվեր սեփական խորհրդարանը և կառավարությունը: 2010թ. Տեղական խորհրդարանական ընտրություններում ազգայնականների հաղթանակից հետո ազգայնական կուսակցությունը խոստացավ Շոտլանդիայի լիակատար անկախության համար հանրաքվե անցկացնել: 2012թ. բրիտանական և շոտլանդական կառավարությունները համաձայնության եկան՝ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվե անցկացնելու: Անկախության համար քարոզարշավն սկսվեց 2012թ. մայիսի 25-ին, երբ Շոտլանդիայի կառավարության ղեկավարը շոտլանդացիներին կոչ արեց ստորագրել անկախության համար հայտարարության օգտին: 2014թ. անկախության համար արդեն ստորագրել էին 1 միլիոնից ավելի շոտլանդացիներ: 2014թ. սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ անկախության համար հանրաքվե: Շոտլանդիայի ինքնիշխանության օգտին քվեարկել է 44.58 տոկոսը, իսկ դեմ` 55.42 տոկոսը: 

 

Իրավական հիմնավորում

 

Ցանկացած պետություն պետք է հարգի իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում նաև՝ ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքը, որը համարվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարը:

 

Եվ Շոտլանդիայի, և Արցախի դեպքում մեկ բան կարելի է հստակ ասել, որ միջազգային իրավահարաբերություններում կարևորագույն սկզբունքն ազգերի ինքնորոշման իրավունքն է, քանի որ՝ նախ այն իրավունք է և սերտորեն կապված է մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հետ, ինչպես նաև՝ ցանկացած դեպքում չի կարելի անտեսել ժողովրդի ազատ արտահայտվելու և իր ապագան ազատ տնօրինելու իրավունքը:

 

Ինչպես տեսնում ենք՝ Արցախում և Շոտլանդիայում ընթանում էին ինքնորոշման համար շարժումներ, որոնք իրենց ակտիվությանը հասան ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ 20-րդ դարի վերջին: Սակայն, ի տարբերություն Արցախի, Շոտլանդիայում ինքնորոշման գործընթացներն ընթանում էին ժողովրդական սկզբունքներով, ինչպես նաև շոտլանդացիների կամքի ազատ արտահայտման համար համեմատաբար բռնություններ չեն եղել: Եվս մեկ կարևոր հանգամանք. Շոտլանդիան չի բռնակցվել Անգլիային: Շոտլանդացիների գիտակցության մեջ նստած է միասնական պետության գաղափարը, իսկ արցախյան հակամարտության դեպքում Արցախը բռնակցվել է Ադրբեջանին՝ ի հեճուկս արցախահայության կամքի, իսկ արցախահայությունը երբեք չի համակերպվել բռնազավթման իրողությանը եւ միշտ ձգտել է ազատության:

 

(շարունակելի)

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1