Այսօր Բեկորը կդառնար 55 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Այսօր Բեկորը կդառնար 55 տարեկան

Այսօր Բեկորը կդառնար 55 տարեկան

Հոկտեմբերի 6-ին ազգային հերոս Աշոտ Ղուլյանը (Բեկոր) կդառնար 55 տարեկան: Այսօր Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի սաներ, զինվորներ՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու նրա հուշարձանին ու եւս մեկ անգամ հիշելու ազգային հերոսին:

 

Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի սաները հնչեցրին Բեկորին նվիրված երգեր ու բանաստեղծություններ:

 

“Արթուր Մկրտչյան” կոմիտեի ներկայացուցիչ Մխիթար  Գեւորգյանի խոսքերով՝  լինում են անհատներ, որոնք իրենց գործունեությամբ վերաճում են ազգային անհատների եւ ազգի հիշողություն մեջ մնում որպես գերագույն դերակատարներ ազգակերտման  եւ պետականաշինության հարընթացում. նման կերպար էր նաեւ Աշոտ Բեկորը:

 

“Նա այն անհատներից էր, որ բազում ներդրումների ու ինքնազոհության ճանապարհով կարողացավ ճանապարհ հարթել դեպի հայի պայծառ ապագան”,- նշեց նա:

 

Աշոտ Բեկորի մարտական եւ կուսակցական ընկեր, ԼՂՀ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշեց, որ Աշոտ Բեկորն այն հերոսների դասին չի պատկանում, որ մի հերոսություն է արել ու ստացել հերոսի կոչում: Նա իր ապրած ամբողջ կյանքով է հերոս:

 

“Բեկորի արդարության, համարձակության, անսովոր ու ճիշտ որոշումներ կայացնելու ունակության մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր նրան ճանաչում էին:  Նա բնատուր արժեքներ ուներ, եւ ժամանակն էլ այնպիսին էր, որ ստիպում էր այդ արժեքներն օգտագործել”,- նշեց Արմեն Սարգսյանը:

 

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն… Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:

 

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտել քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան ժամը 6:30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք”,- ավելացրել էր Բեկորը:

 

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար:

 

1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ”‰ առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս”‰ բարձրագույն կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ”‰ շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում”‰ շքանշանի: Նրա անունով է կոչվում Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։

1