Ստեփանակերտցիների կարծիքները ուղեվարձի թանկացման վերաբերյալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտցիների կարծիքները ուղեվարձի թանկացման վերաբերյալ

Ստեփանակերտցիների կարծիքները ուղեվարձի թանկացման վերաբերյալ

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի քաղաքային տրասնպորտի ուղեվարձը կթանկանա 30 դրամով: Նախկին 70 դրամի փոխարեն քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 100 դրամ: Ուղեվարձի թանկացման մասին խոսեցինք 3 տասնյակից ավելի  քաղաքացիների հետ: Պետք է նշել, որ հարցվածներից որեւէ մեկը չի ողջունել քաղաքապետարանի նման որոշումը: Չկրկնվելու համար նպատակահարմար գտանք ներկայացնել մի քանի կարծիքները: 

 

Աննա, 30 տարեկան, տնտեսագետ

 

Շատ բացասական եմ վերաբերվում տրասնպորտի թանկացմանը, քանի որ Ստեփանակերտը փոքր քաղաք է և, ըստ իս, անգամ ներկայիս գործող ուղեվարձն էլ թանկ է: Բացի դրանից, մենք ապրում ենք Արցախում, որտեղ առանց այդ էլ պրոբլեմներ շատ կան՝ զուտ ֆինանսական առումով: Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բնակեցնեն երկիրը, այլ ոչ թե ամեն օր մի այնպիսի պրոբլեմ ստեղծեն մարդկանց համար, որը նրանց  կդրդի  մտածել այլ երկրներում ապրելու մասին. դեռ  չեմ խոսում ուսանողների մասին:  Ուղեվարձի բարձրացումը հաճախ կապում են աշխատավարձի  բարձրացման հետ, սակայն պետք է նշեմ, որ  քաղծառայողների աշխատավարձն է  բարձրացել, որը շատ մեծ տոկոս չի կազմում, իսկ մնացածների մոտ աշխատավարձերը մնացել են նույնը: Մասնավոր սեկտորում էլ ահավոր իրավիճակ է: Այնտեղ այնպիսի իրավիճակ է տիրում, որ գործատուներին ցանկացած հարցով դժգոհելու դեպքում պատասխանը մեկն է՝ հարմար չէ՝ մի՛ աշխատիր:

 

Անուշ, 21 տարեկան, քաղաքագետ

 

Ես ինքս աշխատում եմ մասնավոր սեկտորում, և ստանում եմ ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ: Դա բավարարում է հոգալ տրասնպորտի ծախսը, մասամբ՝ ուտելիքի ծախսը: Եթե ծնողներս չօգնեն, բնականաբար, չեմ կարող գոյատեւէլ: Ի՞նչ կարող է անել երիտասարդը 60 հազար դրամ աշխատավարձով: Իհարկե՝ ոչինչ: Նույնիսկ ամբողջ տարին աշխատելով՝ չես կարող քեզ թույլ տալ Արցախից դուրս մի տեղ հանգստանալ, անգամ՝ ՀՀ-ում:

 

Սիրան, 29  տարեկան, պատմաբան-քաղաքագետ

 

Թանկացմանը բացասական եմ վերաբերվում, քանի որ Ստեփանակերտում ընդամենը 1-2 կիլոմետր ճանապարհ գնալու համար 100 դրամ վճարելը անհեթեթություն է: Ես ինքս չեմ օգտվում տրանսպորտից, նախընտրում եմ քայլել. Ստեփանակերտի փոքր լինելու առավելություններից մեկն էլ հենց դա է: Իմ աշխատավարձի բարձրացումը թույլ է տալիս, որ ես էականորեն չզգամ մի շարք թանկացումներ, սակայն ես մենակ եմ ապրում եւ իմ ստացած աշխատավարձը ինձ բավարարում է: Իսկ, օրինակ, քույրս, որ 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, այդ փոփոխությունը կզգա:

 

Սոնա, 43 տարեկան, մանկավարժ

 

Դպրոցում  դասավանդում եմ, ունեմ ընդամենը 8 ժամ: Ապրում եմ աշխատավայրից հեռու: Երեխաներիցս մեկը դպրոց է հաճախում, մյուսը՝ մանկապարտեզ, ըստ այդմ՝  ստիպված եմ լինում օրական մի քանի անգամ օգտվել տրանսպորտից: Վերջերս ամեն ինչն է թանկացել՝ թե հագուստը, թե ուտելիքը, առաջն էլ ձմեռ է գալիս: Իհարկե, չեմ ուզում վատատես լինել, սակայն ուրիշ կերպ չի ստացվում: Ամեն տեսակ թանկացումներին, բնականաբար, վատ եմ վերաբերվում:

 

Ալվարդ, 58 տարեկան,  տնային տնտեսուհի

 

Ունեմ հաշմանդամության կարգ եւ ի վիճակի չեմ աշխատելու: Ստանում եմ ընդամենը 26 հազար դրամ թոշակ: Ստացածս թոշակը նույնիսկ դեղորայքին չի բավարարում, դեռ չեմ խոսում օրեցօր թանկացող ապրանքների մասին: Հիմա էլ հանրային տրանսպորտն է թանկանում: Պետք է կառավարությունը հաշվի առնի, որ իմ նման մարդիկ բավական թիվ են կազմում հանրապետությունում, եւ այդ 30 դրամի թանկացումը՝ գուցե մի շարք պաշտոնյանների չի ազդի, սակայն մեր ամենօրյա կյանքին դա բավական ազդեցություն կունենա:

 

Սերգեյ, 71 տարեկան, թոշակառու

 

Չեմ ուզում մանրամասն ներկայացնել իմ ֆինանսական դժվարությունները, սակայն միայն այն փաստը որ թոշակառու եմ, զավակներս էլ ֆինանսապես շատ կայուն չեն, որպեսզի օգնեն,  կարծում եմ՝ բավարար է հասկանալու, որ ցանկացած թանկացում ինձ շատ վատ է ազդում:

 

Լուսինե 19 տարեկան, ուսանող

 

Ես միանգամայան դեմ եմ տրանսպորտի թանկացմանը: Ես և’ առկա բաժնում եմ սովորում, և’ կես դրույքով աշխատում եմ: Աշխատավարձս կազմում է ընդհամենը 35 հազար դրամ: Աշխատավայրս բավականին հեռու է գտնվում իմ տնից, դրա համար մատավորապես օրեկան 4 անգամօգտվում է տրանսպորտից: Եթե հաշվեք թե հարյուր դրամի դեպքում ես օրեկան  ինչքան պիտի ծախսեմ միայն քաղաքային տրանսպորտի վրա, ապա պարզ կդառնա իմ դժգոհությունը:  

1