Երեխայի ձայն՝ ամփոփված մեկ գրքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երեխայի ձայն՝ ամփոփված մեկ գրքում

Երեխայի ձայն՝ ամփոփված մեկ գրքում

Ստեփանակերտում կայացավ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Nowhere: A story օf exile» (Ոչ մի տեղ. աքսորի պատմություն) գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված է երեխայի ձայնը, ով ականատեսն է եղել Բաքվի դեպքերին, եւ բոլորից ծածուկ պահելով օրագիր` մանրամասն նկարագրել է, թե ինչ է կատարվում իր շուրջը:

1989-ին Բաքվում թողնելով ամեն ինչ, Աննայի ընտանիքը երեք տարի հաստատվել է Հայաստանում՝ որպես փախստական, այնուհետև 1992-ից մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հաստատվել այնտեղ:

«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը գրված է 14-ամյա Աննայի օրագրային գրառումների հիման վրա: Աննայի հավաստմամբ` իր օրագրային դրվագներից ոչինչ չի փոխվել, բացառությամբ մեկ-երկու անվան՝ մանկության իր մտերիմների կամ ընկերների անվտանգության նկատառումներից ելնելով, քանզի նրանցից ոմանք դեռ ապրում են Բաքվում: Գրքում նկարագրված են Բաքվում հայերի հանդեպ կազմակերպված ջարդերը:

Ավելի քան 20 տարի անց գրված` Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հուշագրությունը նկարագրում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունը, ինչի մասին մինչ այդ շատ հազվադեպ էին խոսում Արեւմուտքում: Հեղինակի խոսքերով` երբեւէ չի պատկերացրել, որ իր օրագիրը կտպագրվի: Օրագիրն ավարտելով 16 տարեկանում` Աննան այն մի կողմ է դրել ու մոռացել դրա մասին, սակայն մայր դառնալուց հետո որոշել է, որ իր երեխաները պետք է իմանան, թե որտեղից է ինքը սերում, ինչ արմատներ ունի իրենց մայրը եւ որտեղ է նրա ծննդավայրը: Եւ երեխաներին իր կյանքի պատմությանը ծանոթացնելու նպատակով օրագիրը թարգմանել է անգլերեն: Իսկ գրքի խմբագիր Թաթուլ Սոնետզ — Փափազյանի հորդորով օրագիրը տպագրվել է եւ տարածում գտել ե’ւ համացանցում, ե’ւ ԱՄՆ տարբեր նահանգներում:
Աննան, հաստատվելով ԱՄՆ-ում, Պորտլենդի Մեյն իրավաբանական դպրոցում կարողացել է ստանալ իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, եւ այժմ աշխատում է Հաագայի Միջազգային քրեական դատարանում: 2013-ին նա ամուսնու հետ միասին մեծ ներդրում ունեցավ ԱՄՆ Մեյն նահանգում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացում:

Աննան գրքի շնորհանդեսի ժամանակ հավաստիացրեց, որ այսուհետ ավելի մեծ եռանդով է աշխատելու Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ եւ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի իր եւ իր նմանների պատմությունը լսելի լինի աշխարհում, քանզի 22 տարի առաջ նույն գերտերությունները լռել են եւ աչք փակել ադրբեջանական կայսրության կողմից իրականացված ոճրագործությունների հանդեպ:
1988-1992 թվականների հայկական ջարդերի մասին պատմող գիրքն արդեն ներկայացվել է ԱՄՆ մի քանի նահանգներում, խոշոր քաղաքներում, Կանադայում, եվրոպական մի շարք երկրներում և այլուր:

 

Գիրքը նախատեսվում է թարգմանել նաև հայերեն, ռուսերեն և թուրքերեն, սակայն դրա համար ֆինանսական ռեսուրսները դեռ բավարար չեն: Մինչ այսօր արդեն վաճառվել է գրքի 1200 տպագիր և 900 էլեկտրոնային տարբերակներով օրինակներ:

 

1