Ճամբարից մինչև բարեգործություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ճամբարից մինչև բարեգործություն

Ճամբարից մինչև բարեգործություն

ՀՅԴ Ամերիկայի երիտասարդաց միության ճամբարները AYF Youth Corps-ի շրջանակներում արդեն 4-րդ տարին է ինչ անցկացվում է Արցախում: Նախորդ տարի Միացյալ Նահանգներից ժամանած երիտասարդները ծանոթացան 11 ամյա Պավելի հետ, ով շատ խելացի և զարգացած տղա է, սակայն տառապում է ռեվմատոյիտ-արտրիտ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ և դժվարությամբ է քայլում: Սակայն Պավելը Ասկերանում անցկացրած ճամբարների ժամանակ շատ ակտիվ է իրեն դրսևորում և սիրված է բոլորի կողմից:

 

Պավելի հիվանդության մասին նախորդ տարվա ճամբարի պատասխանատու Սանան Շիրինյանը պատմել է Միացյալ Նահանգներում բնակվող իր բարեկամներին՝ Հայ օգնության միության անդամներ Լորիկ Սիվազլյանին և Լորա Ագաքանյանին, որոնք այս տարի ժամանել էին Արցախ և ցանկություն են հայտնել տեսնել Պավելին ու նրա ծնողներին փոխանցել բուժման համար որոշակի դրամական միջոցներ:

 

Aparaj.am-ի հետ զրույցում Լորիկ Սիվազլյանը ասաց «Անցյալ տարի Ասկերանում անցկացված ճամբարի պատասխանատու Սանան Շիրինյանը, ով իմ զարմուհին է, խոսել է մեզ հետ Պավելի ու նրա հիվանդության մասին և ասել է, որ նա բուժման համար դեղերի կարիք ունի: Այս տարի իմ աղջիկը և Լորաի աղջիկը նույնպես մասնակցում են ճամբարին որպես վարիչներ և որոշեցինք, որ գանք Արցախ, տեսնենք ճամբարը և օգնության կարիք ունեցող երեխային և մի քիչ դրամական օգնություն ցուցաբերենք նրան՝ որպեսզի նա կարողանա գոնե մի քանի ամսվա համար դեղեր ունենա»:

 

Մենք զրուցեցինք նաև փոքրիկ Պավել Խաչատրյանի հետ, ով իր գոհունակությունը հայտնեց ճամբարի կազմակերպման համար: Պավելը արդեն 3-րդ տարին է մասնակցում ՀՅԴ Արևմտյան Ամերկայի Հայ երիտասարդաց միության կազմակերպած ճամբարներին: «Ես այս ճամբարներում շատ բան եմ սովորել, սովորել եմ կարգապահություն, կազմակերպվածություն, նոր ընկերներ եմ ձեռք բերել, ամեն տարի միշտ լավ վարիչներ են լինում, ես նրանցից շատ գոհ եմ»,- ասաց Պավելը և կիսվեց մեզ հետ ՀՅԴ ճամբարներում իր ունեցած փորձի ու տպավորությունների մասին.  «Առաջին տարին ընդամենը հինգ օր կարողացա գալ ճամբարին, երկրորդ տարին էլ եմ մասնակցել ու ինձ համար շատ լավ է անցել, այս տարի նույնպես լավ է շատ բազմաշերտ է և ինտելեկտուալ, վարիչներն էլ են շատ լավ ,մեզ վերաբերվում են ծնողի պես»: Պավելը նաև իր բարեմախթանքը հայտնեց ճամբարի վարիչներին՝ ցանկանալով շատ լավ կյանք ու երջանկություն և ցանկություն հայտնեց, որ նրան վերադառնան Արցախ, որպեսզի միշտ միասին լինենք:

 

Aparaj.am-ը բարերարների հետ այցելեց նաև Պավելի ծնողներին և զրուցեց նրանց հետ: Պավելի մայրը գոհունակություն հայտեց բարերարներին՝ բուժման համար տրված դրամական գումարի համար և ասաց, որ երեխայի հիվանդությունը մինչև վերջերս ասում էին, որ անբուժելի է և ընդամենը մի տարի առաջ բժիշկները տեղեկացրին, որ հնարավոր է բուժել, արդեն համապատասխան դեղամիջոցներ կան և 80 տոկոսով բուժվում է: «Նույն հիվանդություն ունեցող երկու երեխա Երևանում արդեն անցնում են համապատասխան բուժումը: Մեզ ասել են, որ երեխան երկու տարի պիտի բուժում ստանա ապաքինվելու համար, որի համար անհրաժեշտ է համար անհրաժեշտ է ամիսը մեկ սրսկում, իսկ մեկ սրսկման համար դեղի արժեքը կազմում է 800 ԱՄՆ դոլլար: Մենք անհրաժեշտ միջոցներ չունենք դրա համար և չենք ուզում ռիսկի դիմել: Ուզում ենք դիմել ԼՂՀ կառավարությանը, որպեսզի օգնեն Պավելին բուժում կուրս անցնի, Արցախում միայն նա ունի նման հիվանդություն»,- ասաց Պավելի մայրը:

 

 Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1