Այս տարի «Անուշ հայրենիք» ճամբարը անց է կացվում նաեւ Շուշիում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Այս տարի «Անուշ հայրենիք» ճամբարը անց է կացվում նաեւ Շուշիում

Այս տարի «Անուշ հայրենիք» ճամբարը անց է կացվում նաեւ Շուշիում

Հուլիսի 28-ին  ԼՂՀ Շուշի քաղաքում մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կազմակերպած «Անուշ հայրենիք» ամառային ճամբարը: Հայաստանում 5-րդ եւ Արցախում 3-րդ տարին է, ինչ Լիբանանից  Արցախ ժամանած հայ երիտասարդները ճամբարներ են կազմակերպում: Լիբանանից Արցախ ժամանած 6 ընկերներին ճամբարի կազմակերպմանը օգնելու են միացել նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ:

 

Ճամբարը ուսուցողական է, նպատակը` պատանիներին ազգային գաղափարախոսություն քարոզելն ու, միաժամանակ, ուրախ ժամանց պարգեւլն է: Ճամբարի ծրագիրը շատ լայն,  հետաքրքիր ու բազմազան է: Նրանց  ուսուցանվում է ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմություն, կազմակերպվում են զանազան հետաքրքիր խաղեր, ֆիլմի դիտումներ, ձեռագործություն եւ այլն:

 

Այս տարի ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը ճամբարներ է անցկացնում միաժամանակ Շուշիում, Հրազդանում եւ Աբովյանում:

 

Հուլիսի 28-օգոստոսի 9-ը Շուշիում կազմակերպվող ճամբարին մասնակցում են 8-16 տարեկան  150 պատանիներ:

 

ՀՅԴ Լիբանանի   երիտասարդական միության  «Անուշ Հայրենիք»  ճամբարի պատասխանատու Գևորգ Քեշիշյանը որևէ դժվարություն չի տեսնում ճամբարի կազմակերպման, պատանիների հետ շփման գործում, սակայն նշում է, որ առաջին մի քանի օրը գրեթե խմբի բոլոր անդամները արցախյան բարբառը հասկանալու հետ խնդիրներ ունեին, սակայն ժամանակի ընթացքում արդեն վարժվում են:

 

«Սա իմ երկրորդ այցելությունն է հայրենիք: Առաջին անգամ` երկու տարի առաջ մասնակցում էի Մարտունիում անցկացվող ճամբարին: Երբ իմացա, որ այս տարի եւս Արցախ պիտի գամ, ուրախությունս պարզապես աննկարագրելի էր: Նման ճամբարներ կազմակերպելով` մենք ուրախանում ենք, քանի որ մենք էլ ենք շատ բան սովորում թե’ պատանիներից, թե’ մեր հասակակիցներից, որոնք հայրենիքում են ապրում, ուրախանում ենք, որ նորից հնարավորություն ենք ունենում լինել հայրենիքում, շփվել հայրենիքում ապրող մեր հասակակիցների հետ: Ուրախ եմ, որ Արցախում եւ Լիբանանում ապրող երիտասարդները հայրենիքի հետ կապված ընդհանուր մտահոգություններն են ունենում: Պետք է նաեւ նշեմ, որ չնայած այն հանգամանքին, որ այս  պատանիներից շատերը չունեն այն ամենն, ինչ իրենց հասակակիցները Լիբանանում, սակայն շատ ավելի ուրախ եւ երջանիկ են իրենց զգում, կարողանում են ուրախանալ նույնիսկ ամենափոքր բաներով: Սա յուրահատուկ առանձնահատկություն է, որ հատուկ է այստեղի երեխաներին»,- ասաց Գեւորգ Քեշիշյանը:

 

Վանա Բալիկ Չակմակչյանն առաջին անգամ է Հայաստանում: 4 ամիս առաջ տեղեկացավ, որ հայրենիք պիտի գա, սակայն խոստովանում է, որ այդ 4 ամիսն անհամբեր էր, ուրախությանը չէր հավատում, մինչեւ որ Երեւանում, վայրէջքի ժամանակ իր սեփական աչքերով չտեսավ Արարատը:

 

«Ծնվել, մեծացել եմ Լիբանանում, սակայն միշտ երազել եմ  գալ  Հայաստան, Արցախ  եւ տեսնել հայրենիքը սեփական աչքերով: Այստեղ մի զարմանալի հանգստություն կա, ճամբաներով կարող ես հանգիստ քայլել. քեզ տանն ես զգում ամենուր,- ասաց Վանա Բալիկը:»

 

Վանա Բալիկը խոստովանում է, որ միակ մտավախությունը լեզվի խնդիրն էր, սակայն զարմացավ, որ պատանիների մեծամասնությունը հեշտությամբ հասկանում է իրենց:

 

«Դասախոսություններիս ժամանակ միշտ նշում եմ, որ մենք մեր կամքով չէ, որ հեռու ենք իրենցից: Թուրքն է պատճառը, որ մենք իրարից  բաժանված ենք , տարբեր երկրներում ենք ծնվել, ոչ թե Հայաստանում, եւ մենք փորձում ենք թեկուզ ճամբարների միջոցով կապ հաստատել հայրենիքի, հայրենիքում ապրող պատանիների, երիտասարդների հետ:  Իմ հետ Լիբանան` նախ պիտի տանեմ անթիվ լավ տպավորություններ, եւ ամենակարեւոր դասը, որ սովորեցի այս պատանիներից,  որ կարեւոր չէ շատ բան ունենաս ուրախ եւ կենսախինդ լինելու համար. թերեւս հայրենիքում ապրելը, հայերով շրջապատված լինելն արդեն բավարար է ,- նշում է նա:

 

Հավելենք նաեւ, որ Արցախում  այս տարվա հուլիսին Դաշնակցության ճամբար կազմակերպվել է արդեն Մարտունիում: Ճամբարներ կլինեն  նաեւ Ասկերանում, Բերձորում, Կովսականում եւ Ստեփանակերտում, որին կմասնակցեն ընդհանուր թվով մոտ 1000 պատանի:

1