Թալիշում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը, իսկ խմելու ջրի խնդիրը դեռ չի լուծվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թալիշում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը, իսկ խմելու ջրի խնդիրը դեռ չի լուծվել

Թալիշում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը, իսկ խմելու ջրի խնդիրը դեռ չի լուծվել

Պետբյուջեի միջոցներով 2013թ. վերջին սկսվել է կառուցվել Թալիշի դաշտերի համար նախատեսված` տարածաշրջանում աննախադեպ հզորության պոմպակայան, որն այժմ ի վիճակի է մղել վայրկյանում առավելագույնը 700-750 լիտր ջուր: Ներկայումս պոմպակայանն աշխատում է վայրկյանում շուրջ 500 լիտր հզորությամբ: Ջուրը մղվում է Թարթառ գետից, 3 կիլոմետրանոց ջրատարով այն բարձրացվում է 157 մետր: Պոմպակայանն առավելագույն հզորությամբ օգտագործելու պարագայում հնարավոր է ոռոգել ավելի քան 1000 հեկտար տարածք:

 

Պոմպակայանի մղած ջրի արդյունքում սկզբում ոռոգվում է Մատաղիսի ցանքատարածքները` մոտ 70 հեկտար, եւ 550-560 հա ցանքատարաք, որը պատկանում է  Թալիշի համայնքին: «Պոմպակայանը մինչեւ 1000 հեկտար ոռոգելու հնարավորություն ունի,- տեղեկացրեց ԼՂՀ վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը,-սակայն այն հնարավոր կլինի իրականացնել որոշակի գյուղատնտեսական խնդիրներ լուծելուց հետո միայն»: Ա. Մխոյանի խոսքերով` այլ համայնքներում նույնպես անհրաժեշտություն կա նման ծրագրեր իրականացնելու, քանզի Արցախում այսօր կան մեծ քանակի հողեր, որտեղ միայն ոռոգման ջրի բացակայության պատճառով անհնար է կատարել լուրջ գյուղատնտեսական աշխատանքներ: Ա Մխոյանը հավաստիացրեց, որ  այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում եւ անհրաժեշտություն կա  փորձը կիրառել նաեւ մյուս տնտեսություններում:

 

Ի դեպ, պոմպակայանի կառուցման արդյունքում ջուրը Ադրբեջան չի հոսում: «Պոմպակայանի կառուցումը երկու կարեւոր նպատակ է հետապնդում: Նախ` չենք թողնում, որ ջուրն անցնի սահմանը, եւ այդ ջուրն օգտագործում ենք` ի նպաստ գյուղատնտեսության զարգացման,- նշեց Ա. Մխոյանը եւ հավելեց,- այն ջուրը, որը տարիներ շարունակ հոսել է հարեւան հանրապետություն, հիմա այդ ջուրը  պոմպակայանի օգնությամբ մղում ենք վերեւ եւ ոռոգում Թալիշի եւ Մատաղիսի գյուղատնտեսական ցանքատարածքները»:

 

Թալիշում պոմպակայանի կառուցմամբ լուծվել է ոռոգման ջրի խնդիրը, մինչդեռ գյուղում խմելու ջրի խնդիր կա: Գյուղացիները խմելու ջուր են ստանում 2 օրը մեկ անգամ, այն էլ` մեկ կամ 2 ժամով: Ա. Մխոյանի հավաստմամբ` Թալիշում հորել են արտիզյան ջրի 2 հոր, եւ գյուղի բնակիչները 2 օրը մեկ անգամ կարճ ժամանակով խմելու ջուր են ստանում. «Այնպես չէ, որ այս երկրում բոլոր խնդիրները մեկ օրում են լուծվում: Դրանք կապված են մեծ ծախսերի հետ, տվյալ տեղանքի հնարավորությունների հետ: Նախկինում ե’ւ ոռոգման, ե’ւ խմելու ջուրը այս տարածքում լուծվել է բնական ճանապարհով, իսկ այդ ջուրն, արդեն 20 տարի է, կտրված է մեր հարեւանների կողմից: Գյուղը, որը 100-ավոր տարիներ առաջ հիմնվել է, հիմնվել է բնական ջրի եւ գետի վրա, որն ապահովել է ե’ւ խմելու, ե’ւ ոռոգման խնդիրներ»: Ըստ Ա Մխոյանի` քանի որ ադրբեջանցիները Թալիշի բնակչության համար կտրել են բնական գետի հունը, դա արդեն հիմք է տալիս, որպեսզի  խնդիրները  լուծում ստանան  այլընտրանքային ճանապարհով:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1