ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը նման է հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման գործընթացին Մանրամասները` yerkir.am կայքում:
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը նման է հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման գործընթացին Մանրամասները` yerkir.am կայքում:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը նման է հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման գործընթացին Մանրամասները` yerkir.am կայքում:

Ձեզ ենք ներյկայացնում ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հարցազրույցը Yerkir.am-ին:

 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված` ՀՀ-ի ու Արցախի միջեւ մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ հստակ ինֆորմացիա, որպես այդպիսին, չկա` չհաշված այն, որ տարբեր պաշտոնական շրջանակներ փորձում են ներկայացնել, թե որեւէ մաքսակետ չի լինելու ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ հավելեց, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանն ու Արցախը միմյանց միջեւ չեն կարող մաքսակետ ունենալ:

 

 «Այսօր Արցախն ու Հայաստանը, հանդես գալով որպես անկախ հանրապետություններ, միջազգային թատերաբեմում փորձում են հանդես գալ տարբեր քաղաքական գործունեությամբ, բայց, այնուհանդերձ, մենք չենք պատկերացնում ՀՀ-ի ու Արցախի’ որպես երկու հայկական պետությունների միջեւ այնպիսի մի մաքսակետ, որը թելադրված լինի ԵՏՄ-ի հետ համագործակցության հանգամանքով»,- նշեց Դավիթ Իշխանյանը:  

 

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցչի խոսքերով’ մաքսակետ հասկացությունն ընդհանրապես առնչվում է տնտեսական գործունեության եւ տնտեսական բաղադրիչի հետ: Բայց ինքն ի սկզբանե հակված է այն տեսակետին, որ ԵՏՄ-ն քաղաքական բաղադրիչ է պարունակում, եւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին քաղաքական շարժառիթների ու քաղաքական նպատակների հետապնդման արդյունք կարող է լինել’ մասնավորապես թելադրված Ռուսաստանի քաղաքական շահերով: Հենց այդ առումով էլ, շեշտեց Դավիթ Իշխանյանը, իր համար ակնհայտ է, որ լուրջ քաղաքական բաղադրիչ պարունակելով, ինչքան էլ այն լինի պարզեցված ու ընկալելի, քաղաքական այս գործընթացում անպատկերացնելի է տարանջատող կետ ունենալ հայկական երկու հանրապետությունների միջեւ: 

«Հնարավոր է՝ մաքսակետ հասկացությունն ունենալ, երբ այն թելադրված է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի պայմանագրերով՝ որպես երկու անկախ միավորների: Բայց որ այն թելադրված լինի ԵՏՄ գործունեությունից բխող համապատասխան գործառույթներից, գոնե այս պարագայում անպատկերացնելի է՝ մասնավորապես հաշվի առնելով, որ դեռեւս լիարժեքորեն բացահայտված չեն ԵՏՄ-ին անդամակցելու բոլոր կետերը կամ այդ փաստաթղթերի փաթեթը, գոնե մեզ համար: Արցախը չի կարող այդպիսի անցակետ թույլ տալ, եւ այդպիսի անցակետ դնելով Հայաստանի ու Արցախի միջեւ՝ այն կարող է ճակատագրական դառնալ Արցախի համար, որովհետեւ այն թելադրված չէ միայն Արցախ-Հայաստան’ երկու հանրապետությունների հարաբերություններից, այլ թելադրված է նույն ԵՏՄ-Արցախ հարաբերություններից ելնելով»,- շեշտեց Դավիթ Իշխանյանը:   

 

Նա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը համեմատում է հայ-թուրքական հարաբերությունների’ արձանագրությունների նախաստորագրման եւ այդ ամբողջական գործընթացի հետ ու նշում, որ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում էլ պաշտոնական կողմը ներկայացնում էր, թե չկան նախապայմաններ, եւ թուրքական կողմը որեւէ նախապայման չի առաջադրում, բայց արդյունքում արցախցիների համար հասկանալի էր, որ հիմնական թնջուկը հենց ԼՂ հիմնահարցն է ու պայմանավորված է ԼՂՀ-ով:   

«Նույն երեւույթը, կարծես, այսօր ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի դեպքում լինի: Տեսե’ք, Հայաստանի պաշտոնական շրջանակների կողմից հույս հայտնվեց, որ հուլիսին արդեն կստորագրվի փաստաթուղթն, ու Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, բայց, մյուս կողմից, ուզում եմ հիշեցնել Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի հոկտեմբերին: Այսինքն’ Հայաստանի անդամակցությունն այս կամ այն առիթով անընդհատ հեռացվում է եւ ժամանակի առումով մղվում է դեպի ապագա: Եվ ես հույս էլ չունեմ, որ հոկտեմբերին Հայաստանի անդամակցությունը կդառնա իրականություն: Որովհետեւ, իմ համոզմամբ, այդ ամենի հիմքում ոչ թե տնտեսական ինչ-որ հարաբերություններ պարունակող չպարզաբանված կետեր են, իհարկե, պաշտոնական տեսակետներով ներկայացվում է, թե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին համապատասխանեցվում են Հայաստանի’ ԱՀԿ-ին անդամակցելու ու դրանից բխող համապատասխան գործընթացներին, բայց ես համոզված եմ, որ այդ ամենի հիմքում հենց քաղաքական կարեւորագույն բաղադրիչ պարունակող ԼՂ հիմնահարցն է, որը դեռեւս գտնվում է, այսպես ասած, չկարգավորված հանգամանքների տիրույթում»,- նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն ու հավելեց, թե մյուս կողմից՝ ԼՂ հիմնահարցը ոմանց համար կարող է որպես խաղաքարտ օգտագործվել ու դրանով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն զուգընթաց նաեւ Ադրբեջանին ներքաշել այդ գործընթացի մեջ: 

1