Ով է զինում Ադրբեջանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ով է զինում Ադրբեջանին

Ով է զինում Ադրբեջանին

Վերջին տարիներին Ադրբեջանը լայնածավալ մաշտաբով սկսել է զինտեխնիկա եւ այլ սպառազինություններ գնել:

 

Ինչպես արդեն նշել ենք՝ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն Ադրբեջանը 2007-2013թթ. մեծ քանակությամբ զենք-զինամթերք է գնել, ընդ որում, դրա զգալի բաժինն է կազմում Ռուսաստանից գնված ռազմական սպառազինությունները:

 

Ստոկհոլմում գործող «Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» նոր զեկույցի համաձայն, որը վերաբերում է աշխարհում զենքի առեւտրի ծավալներին, Ադրբեջանը սպառազինություն հիմնականում ներկրել է Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելոռուսից, Ղազախստանից, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից: Ընդ որում, վերջին չորս տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, այդ թվում` երկու «S- 300» տիպի հրթիռային համակարգ, 94 «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա եւ այլ ծանր զրահատեխնիկա: Բելոռուսից Ադրբեջանը գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ եւ 93 «T-72M1» տանկ: Ուկրաինայից Ադրբեջանը գնել է երկու «MiG-29» ռազմական ինքնաթիռ եւ 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ, Ղազախստանից՝ AН-145 ուղղաթիռներ: Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր: Բացի այդ, 2011թ.-ին Ադրբեջանը պայմանագիր է կնքել իսրայելական կազմակերպությունների հետ՝ ռադարներ, հրթիռային համակարգեր եւ ափամերձ պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:

 

Ադրբեջանը նաեւ փորձեր է կատարել` զենք ու զինամթերք գնել այլ երկրներից:

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հուլիսի 11-ին` ասուլիսի ժամանակ, հերքեց ֆրանսիական երկու լրատվամիջոցներում տարածված` Ադրբեջանին զենք վաճառելու մասին լուրը: Ֆրանսիան չի կարող զենք կամ սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը ֆրանսիական մամուլում տարածված այն տեղեկությունը, որ Ֆրանսիան զենք է վաճառելու Ադրբեջանին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց. «Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինություն վաճառել Ադրբեջանին»:
Դեսպանը նշեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի եւ հստակեցրեց. «Չունեմ նման տեղեկատվություն, իսկ (խմբգր. զենք չվաճառելու) պատճառն այն է, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինքնին պարզ իրողություն է, ու չէր էլ կարող հակառակը լինել, որ չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»: 

 

Մեկ այլ եվրոպական երկիր վերջերս նույնպես հայտարարել է, որ մտադիր չէ Ադրբեջանին զենք վաճառել: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության վարչակազմում Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեւիդ Լիդինգտոնը ասել է. «Արտահանման եւ առեւտրային լիցենզիա ստանալու դիմումների մանրակրկիտ հետազոտությունից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հետագայում եւս կիրառելու ԵԱՀԿ-ի սահմանած էմբարգոն, որով արգելվում է զինվորական, ոստիկանական եւ ան-վտանգության ուժերին, ինչպես նաեւ նրանց հետ կապված կառավարական այլ ստորաբաժանումներին ռազմական սարքավորումներ վաճառել, որը կարող է օգտագործվել Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանու»:

 

Գերմանիայի Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարության կողմից կառավարությանը ներկայացված 2013թ. Գերմանիայի զենքի արտահանման մասին զեկույցը, որը հրապարակվել է սույն թվականի հունիս ամսին, նշվում է, որ Ադրբեջանը նույնպես դիմել է Գերմանիայի կառավարությանը` զենք գնելու համար, սակայն դիմումը մերժվել է` հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի արտահանման էմբարգոն:

 

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված` Ադրբեջանին եւ Հայաստանին զենքի մատակարարման էմբարգո (արգելք) է սահմանված ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների կողմից, ինչպես նաեւ Եվրամիության կողմից:

 

Որեւէ կերպ չենք ուզում մեկնաբանել վերը նշվածը, քանի որ ամեն ինչ ինքնին պարզ է եւ ներկայացված է փաստերով: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողներին:

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1