Ռուսաստանի պահվածքը մտահոգություն է առաջացնում Հայաստանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ռուսաստանի պահվածքը մտահոգություն է առաջացնում Հայաստանում

Ռուսաստանի պահվածքը մտահոգություն է առաջացնում Հայաստանում

Օրերս պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշագրավ եւ անսպասելի հայտարարություն է արել: Արգենտինական La Nacion հանդեսին տված հարցազրույցում` պատասխանելով ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զինտեխնիկա վաճառելու մասին լրագրողի հարցին` նշել է. «Մեզ համար սա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը մտահոգված է փաստով, որ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես վստահ եմ, սակայն, որ Հայաստանը բավականաչափ ուժ ունի, որ պաշտպանի իր սահմանները: Չնայած, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, կասկած չունեմ, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կատարելու է ստանձնած պարտավորությունները»:

 

Սա, իրոք, հայ իրականության մեջ ուշագրավ փաստ է, երբ նախագահի մակարդակով մտահոգություն է հայտնվում Ռուսաստանի կողմից զինտեխնիկա մատակարարելու փաստին: Հիշեցնենք, որ բազմիցս ՀՀ իշխանությունները եւ իշխանություններին մոտ կանգնած վերլուծաբանները ամեն կերպ փորձում էին արդարացնել ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի կողմից Հայաստանի թշնամի Ադրբեջանին մեծաքանակ զենք վաճառելու փաստը` ներկայացնելով այն լոկ որպես բիզնես գործունեություն, իսկ ավելի շատ զավեշտական է այն պնդումները, որ Ռուսաստանը դրանով փորձում է սպառազինության հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը ինքնին իրականությանը չի համապատասխանում:

 

Բերենք մի քանի փաստեր: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկության համաձայն` 2007-2013թթ. ընթացքում, օրինակ՝ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր կալիբրի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ եւ հրթիռների արձակման համալիրներ, 37 մարտական ուղղաթիռ

 

Ի դեպ, այստեղ ներառված չէ 2013-ին հայտարարված ռուս-ադրբեջանական 4 միլիարդ դոլարանոց ռազմատեխնիկական պայմանավորվածությունը, որովհետեւ Ռուսաստանը պաշտոնապես մայիսի 23-ին է հայտարարել 2011-ին կնքված պայմանագրով Ադրբեջանին հարյուր միավոր Ձ-90հ տանկերի մատակարարման մասին: Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել էր, թե Ռուսաստանը մտադիր է եւս հարյուր միավոր Ձ-90հ տանկ մատակարարել Ադրբեջանին:

՛

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ռեգիստրի փոխանցմամբ՝ 2007-2012թթ. ընթացքում Ռուսաստանից Հայաստան որեւէ ծանր սպառազինություն չի մատակարարվել, եւ միայն 2013-ին մեր երկիրը ստացել է 35 միավոր տանկ, 110 զրահապատ մեքենա, 200 միավոր հրթիռ եւ 50 միավոր հրթիռների արձակման համալիր:
ՀՀ նախագահի այդ հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ասել է, որ Ռուսաստանը չի տեղեկացնում Հայաստանին, թե ինչ սպառազինություն է վաճառում Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:

 

Ադրբեջանին հարձակվողական զինտեխնիկա է վաճառում ոչ միայն ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, այլեւ Ղազախստանն ու Բելառուսը, որոնք Ռուսաստանի եւ Հայաստանի հետ միասին ընդգրկված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեջ: ՀԱՊԿ-ն համարվում է ռազմական բլոկ, որի համաձայն մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում, նաեւ վերացնում են՝ իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-րդ հոդվածով, որի համաձայն մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում մյուս բոլոր մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում, ռազմական, ինչպես նաեւ՝ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով:

 

Ի դեպ, ՀՀ նախագահը վերը նշված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների մասին հարցին, ասել է, որ չի բացառում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը: Ուստի մեր ռազմական դաշնակիցների նման պահվածքը պետք է ոչ միայն ցավոտ թեմա լինի ՀՀ իշխանությունների համար, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ռազմական անվտանգությունն ապահովելուն ուղղված կոնկրետ քայլեր իրականացնել: Այստեղ տեղին է մեջբերել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, ով վերջերս «Ազատության» հետ հարցազրույցում ասաց. «Պետք է Ռուսաստանն անդրադառնա, որ այս ձեւով ինքը չի կարող երկար ժամանակվա համար իր շուրջը դաշնակիցներ պահի: Ինքը պետք է հասկանա, որ այս ձեւով ինքը կկորցնի: Որովհետեւ միշտ ելքեր հնարավոր է գտնել, միշտ ելքեր հնարավոր է փնտրել, միշտ ձեւեր կան` դժվար, դյուրին ճանապարհներ, որոնց ծանր գին կվճարենք, բայց էլի մեզ համար ելք կլինի: Բայց չեմ կարծում, որ մենք այնքան անճար ենք, որ` ուզենք թե չուզենք, մեր միակ ելքը Ռուսաստանի հետ է: Պետք է Ռուսաստանն ինքը նաեւ սա գիտակցի: Եվ պետք է հասկանա, որ սխալ մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ինքը շատ ավելի մեծ կորուստներ ունենա»:

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1