ՀՅԴ-ն կամուրջ է ներդրողների և Արցախի միջև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » ՀՅԴ-ն կամուրջ է ներդրողների և Արցախի միջև

ՀՅԴ-ն կամուրջ է ներդրողների և Արցախի միջև

ՀՅԴ-ն գաղափարական եւ իրական ներուժ ունեցող միակ քաղաքական ուժն է հայ իրականության մեջ, որը ոչ միայն կարեւոր դեր է ունեցել Արցախյան շարժման եւ ազատագրման կազմակերպման ու պայքարի մեջ, այլեւ այսուհետ նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ Արցախի զարգացման գործում:

 

Հայ իրականության մեջ ՀՅԴ-ն աշխարհի միակ քաղաքական կառույցն է, որը ներկայացված է աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներում, եւ ներգրավված է տարբեր երկրների թե’ քաղաքական, թե’ տնտեսական, թե’ մշակութային ասպարեզներում:

 

Անհրաժեշտ է, որ երկու հայկական հանրապետությունների թե’ իշխանությունները, թե’  հասարակությունը հաշվի նստի դրա հետ եւ ճիշտ մոտեցումներ ցուցաբերի այդ հզոր ռեսուրսի օգտագործման եւ ուղղորդման հարցում:

ՀՅԴ Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցները աշխարհի հզորագույն երկրներում ազդեցիկ լոբբիստական կազմակերպություններ են համարվում, եւ ունեն տարբեր լծակներ, որոնց միջոցով ներկայացնում են հայ ժողովրդի համար կարեւորագույն հիմնախնդիրները` Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ ԼՂՀ միջազգային ճանաչում:

 

Աշխարհի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները եւ ՀՅԴ ակումբները յուրօրինակ դեսպանատներ են հանդիսանում` շատ հաճախ գերազանցելով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների իրականացրած աշխատանքները: Բացի վերը նշված քաղաքական լծակներից, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները` որպես ներհամայնքային ազդեցիկ ուժ, մեծ ազդեցություն ունեն տվյալ երկրում գործարարությամբ զբաղվող թե’ հայ եւ թե’ օտարազգի գործարարների վրա:

 

ՀՅԴ-ն կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի պոտենցիալ ներդնողների եւ Արցախի միջեւ: ՀՅԴ-ն արդեն իսկ ստանձնել է Արցախի տնտեսության մեջ ներդրումների խրախուսելու պատրաստակամությունը:

 

Ներդրումների կառավարման եւ արդյունքների երաշխավորման ասպարեզում ՀՀ-ի ձախողած ընթացքը պետք է դաս լինի, որպեսզի Արցախում իրական, այլ ոչ թե իմիտացիոն մթնոլորտ ձեւավորվի ներդրումների համար` թե’ իրավական, թե’ տնտեսական դաշտում:

 

Դժբախտաբար, ՀՀ-ում տարբեր գործարարների ներդրումները սպասված արդյունքներ չեն ապահովել, որի հիմնական պատճառը ՀՀ իշխանությունների կողմից իրականացված անհեռատես եւ օրվա շահույթով առաջնորդվելու քաղաքականությունն է:

 

Արցախն ունի մեծ տնտեսական ներուժ եւ կարող է գրավիչ լինել օտարերկրյա ներդնողների համար, մասնավորապես` գյուղատնտեսության մի քանի բնագավառներում կարող է ոչ միայն ինքնաբավ լինել, այլեւ դառնալ արտահանող երկիր, սակայն թե’ արտաքին, թե’ ներքին որոշակի գործոններ խոչընդոտում են դրան:

 

Եթե արտաքին խոչընդոտների վրա չենք կարող ազդեցություն ունենալ որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ապա պետք է ներքին խոչընդոտները լիովին վերացվեն, որը կարող է փոխհատուցել արտաքին գործոնների վտանգը:

 

Պատերազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է համալրի նաեւ տնտեսական ասպարեզում ձեռք բերվելիք հաղթանակներով, որը կարող է հանդիսանալ ոչ միայն Արցախի բնակչության ապագայի նկատմամբ հույսի եւ ներշնչանքի աղբյուր, այլեւ, ինչպես պատերազմի օրերին, համախմբել ողջ հայ ժողովրդին հայրենիքի բարգավաճման գաղափարի շուրջ:

 

Նկատելի է ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների աջակցությամբ ՀՅԴ Արցախի կառույցի եւ ԼՂՀ կառավարության փոխգործակցության արդյունքում օտարերկրյա ներդրումների խրախուսումը Արցախի տնտեսության մեջ: Սակայն, դեռ վերը նշված ներուժը լիովին օգտագործված չէ եւ դեռ մեծ աշխատանքների կարիք կա, ինչի ուղղությամբ այսօր ՀՅԴ կառույցները մեծ աշխատանքներ են տանում:

1