Արցախում մեկնարկել է Դաշնակցության ճամբարները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում մեկնարկել է Դաշնակցության ճամբարները

Արցախում մեկնարկել է Դաշնակցության ճամբարները

Արցախում սկսվել են արդեն ավանդական դարձած Դաշնակցության պատանեկան ճամբարները: Արդեն 4-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում:

 

Այս տարի ճամբարների մեկնարկը տրվեց Մարտունի քաղաքից, որտեղ մոտ 100 երեխաներ յուրովի անցկացնում են ամառային հանգիստը` ոչ միայն ուրախ ժամանց անցակացնելով, այլեւ ճամբարի ժամանակ ուսանելով շատ կարեւոր բաներ:

 

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Մարտունու ճամբարի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Բարսեղյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը: Բացման ժամանակ ելույթ ունեցան ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Բարսեղյանը, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի երիտասարդական միության պատասխանատու Անյա Հակոբյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության վարիչ մարմնի անդամ Ալյոնա Դադամյանը: Ելույթներից հետո ճամբարականները հանդես եկան համերգային ծրագրով:

 

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության կազմակերպմամբ Արցախ են ժամանել 12 երիտասարդներ, որնց միացել են նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության երիտասարդները: Ի տարբերություն նախորդ տարիներին այս տարի մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնվել է, եթե նախկինում Արցախում ճամաբար կազմակերպելու համար ամերիկահայ երիտասարդները ժամանում էին միայն Կալիֆորնիայից, այս տարի երիտասարդների թվում են Թեքսասում եւ Բոտոնում բնակվող ամերիկահայ երիտասարդներ:

 

Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի երիտասարդական միության պատասխանատու Անյա Հակոբյանը, խոսելով ճամբարում սպասվող առօրյաի մասին նշեց, որ երեխաների համար նախատեսել են շատ հետաքրքիր առօրյա` տարբեր խաղեր կլինեն, անգլերենի դասընթացներ կանցկացվեն, հայրենասիրական եւ այլ թեմաներով դասախոսություններ կկարդացվեն: Անյան նշեց, որ ճամբարի նպատակն է, որպեսզի արցախցի երեխաների համար ուրախ ժամանց կազմակերպեն ու նորանոր բաներ սովորեցնեն: Նպատակների մեջ նա նաեւ նշեց, որ ցանկալի կլինի, որ ճամբարական պատանիները, ճամբարի ընթացքում զգալով Դաշնակցության ոգին, ապագայում, ցանկության դեպքում, համալրեն Արցախի երիտասարդական միության պատանեկան միությունների շարքերը: «Երկրորդ նպատակը վերաբերվում է մեզ` այս ծրագրին մասնակցող սփյուռքահայ երիտասարդներիս, մենք այս ծրագրի շրջանակներում տեսնում ենք Հայրենիքը, Արցախը, ծանոթանում մեր հայրենիքի հետ: Լսել եմ ճամբարների ծրագրում նախորդ տարիներին ընդգրկված ընկերներից, որ այս ճամբարների ընթացքում ավելի լավ են զգում հայրենիքը եւ մասնակցելով այս ծրագրին մեր կապը հայրենիքի հետ ավելի է ամրապնդվում»,- ասաց Անյան: Նա նաեւ հույս հայտնեց, որ բոլոր նպատակները կիրականան, սակայն մտահոգված է, որ ոչ բոլոր տեղերում կան պատանեկան միություններ, քանի որ ճամբարի նպատակներից մեկն էլ Արցախի երիտասարդական միության պատանեկան միությունների համալրումն է:

 

Կալիֆորնիայից ժամանած Արփա Հացպանյանը արդեն երկրորդ անգամ է մասնակցում Արցախում կազմակերպվող ճամբարներին:

 

Արփան նշեց, որ ճամբարների ծրագիրը Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության ծրագրերով անց է կացվում 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունունում, իսկ 2010 թվականից նաեւ Արցախում: Իր խոսքի մեջ նա նշեց, որ ճամբարների անցկացման կա-րեւոր նպատակներից է, որպեսզի երեխաներին դաստիրակենք Դաշնակցության գաղափարներով, իսկ իրենք էլ մեզ փոխանցեն Հայրենիքի եւ Արցախի ոգին: «Ես նկատել եմ, որ ճամբարները եւ մեզ համար է լավ, եւ երեխաների համար, քանի որ երկուստեք ձեռք ենք բերում մեզ համար շատ կարեւոր փորձ»,- նշեց նա: Արփան ասաց նաեւ, որ ինքը կրկին որոշեց մասնակցել ծրագրին, քանի որ 2011թ. մասնակցելով այս ծրագրին շատ լավ ժամանակ անցկացրեց եւ շատ բաներ սովորեց տեղի երիտասարդներից եւ նույնիսկ երեխաներից ու շատ տպավորված վերադարձավ, այս ամենը նրան ստիպեց կրկին մասնակցել ճամբարների ծրագրին: Արփան ճամբարների նպատակների վերաբերյալ շատ կարեւորեց այս ծրագրի շնորհիվ սփյուռքի եւ հայրենիքի երիտասարդների միջեւ կապի հաստատումը, ինչի արդյունքները արդեն կան, քանի որ սփյուռքի երիտասարդները արդեն սկսել են ավելի լավ հասկանալ հայրենիքում ապրող երիտասարդներին եւ այս ծրագիրը յուրօրինակ կամուրջ է ստեղծում սփյուռքի եւ Հայրենիքի ու Արցախի երիտասարդների միջեւ: Արփան նաեւ կարեւորեց, որ Հայաստանում եւ Արցախում երեխաները սովորեն եւ մեծանան դաշնակցական գաղափարներով, ինչին նպատակաուղղված է նաեւ այս ճամբարները:

 

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության վարիչ մարմնի անդամ Ալյոնա Դադամյանը, ով ամերիկահայ ընկերների հետ նույնպես մասնակցում է Մարտունիում ճամաբարի կազմակերպչական աշխատանքներին Aparaj.am-ին հայտնեց, որ այս ճամբարները նպատակաուղղված են երեխաների մեջ կազմակերպվածություն, կարգապահություն եւ հայրենասիրություն սերմանել, եւ ընդգծեց, որ այն նաեւ հնարավորություն է տալիս կապ հաստատել սփյուռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջեւ, նաեւ թույլ է տալիս, որպեսզի սփյուռքահայ երիտասարդները ավելի մոտիկից եւ ավելի լավ ծանոթանան հայրենիքում առկա խնդիրներին:

 

Ինչ խոսք, մեր երիտասարդներին մաղթում ենք հաջողություններ իրենց սկսած կարեւոր եւ հայրենանվեր գործի մեջ:

 

Հավելենք նաեւ, որ այս տարի հուլիս եւ օգոստոս ամիսներին Դաշնակցության ճամբարներ կկազմակերպվեն նաեւ Շուշիում, Ասկերանում, Բերձորում, Կովսականում եւ Ստեփանակերտում, որին կմասնակցեն ընդհանուր թվով մոտ 1000 պատանի:

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1