Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածը «2-րդ ժեստը» վերնագրով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածը «2-րդ ժեստը» վերնագրով

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածը «2-րդ ժեստը» վերնագրով

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «2-րդ ժեստը» վերնագրով: Հոդվածը ներկայացված է ստորև:

 

Թուրքիայի գործող վարչապետ, նախագահության թեկնածու և գեթ այժմյա տվյալներով առաջիկա հավանական նախագահ Էրդողանին վերագրվող քարոզչական գործողությունները հայկական հարցերի նկատմամբ թվում է, որ աշխույժ ընթացքի մեջ են լինելու: Թեկուզ ապատեղեկատվության կարգով:

 

Պարզ էր, որ «ցավակցական» գործողությանը պիտի հետևեին այլ «ժեստեր»: ժեստային այս քաղաքականությունը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ:

 

Իր այսօրվա կարգավիճակի նկատառումով Էրդողանը, բնականաբար շատ կարևոր պիտի նկատի ներքին սպառման շուկան: Ամբոխային տրամադրությունների վրա ազդելու միջոցների լիարժեք օգտագործման դեպքերը պիտի շարունակեն հաջորդել միմյանց: Խնդիրը այս դեպքում սերտորեն փոխառնչված է: Արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացելու հնարավորություն ցույց տալը ներքին անդրադարձ կունենա, իհարկե նաև իր ազդեցությունն անպայման կթողի քվեահավաքի աշխատանքի վրա։

 

Նախ և առաջ քրդական հանգույցի լուծման համար առնված քայլերը ներթուրքական հասարակության վրա այս կամ այն ձևով ազդեցիկ դեր կունենան: Չենք խոսում դեռևս ուղղակի քուրդ ազգաբնակչության կատարելիք ընտրանքի, իր գերխնդրի լուծման ուղղությամբ առնվող քայլերին համապատասխան գնահատական տալու և այդ գնահատականի քվեական դրսևորումը կատարելու մասին: Եվ բնական է, որ միանշանակ դրսևորումներ չեն արձանագրվի այս դեպքում:

 

Արտաքին-ներքին շարժառիթներ ունեցող նման հարցերի շարքին կարող է դասվել նաև հայկականը: Արտաքին հարց լուծելու տպավորություն թողելով, ներհասարակական շրջանակների վրա որոշակի ազդեցություն բանեցնելու քաղաքականությունը գուցե: Այստեղ ոչ միայն դասական կամ թաքուն համայնքի մասին է խոսքը, այլ նաև այն շրջանակների, որոնք նման հարցերի հարթման համար այլընտրանքային մտածողությամբ են հանդես գալիս:

 

Կարող է ամբողջովին համոզիչ չթվալ այս տեսակետը: Հայերին ուղղված ցավակցությունը կամ սահման բացելու դեռևս թեական խոստումը որքանո՞վ կարող է բարձրացնել Էրդողանի արժեքը ներքին շուկայում: Շարժառիթների փոխառնչության վարկածը այստեղ ինքն իրեն ավելի զգալի է դարձնում իբրև ներկայություն, եթե հիշենք ցավակցական նշանավոր ուղերձի միջազգային ընտանիքին ուղղված լինելը: Աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջ էր սահմանի բացումը: Նույն այդ կենտրոնները շատ անգամ հիշեցրեցին էրդողանական վարչակարգին, որ թելեր ունեն իրենց ձեռքին` շարժելու քաղաքացիական և հասարակական շարժումները Թուրքիայի տարածքում: Չմոռանանք, որ ներհասարակական այդ շարժումները գաղափարական ուղղվածություններով, կենսոլորտի, բնապահպանության և քաղաքացիական տարբեր առաջադրանքներ արծարծելով, չհատեցին ազգային խնդիրների սահմանը: Ինքնության հարցերի բարձրացումը արդեն նոր տարողություն կապահովեր շարժմանը: Այդ պահը չի հասել ըստ երևույթին:

 

Սահմանի բացման ուղղությամբ անպաշտոն տեղեկատվությունը կարող է հակավարկանշային մտադրություն ունեցած լինել` նկատի ունենալով նախագահական ընտրության մոտալուտ լինելը: Հիմա ուշադիր կարդանք լրատվությունը:

 

«Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվամիջոցները, «Թարաֆ» պարբերականին հղում անելով, գրում են, որ դա պիտի լինի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

 

«Թարաֆը» ճանաչված է իբրև հակակառավարական դիրքորոշում ունեցող թերթ: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը (ըստ Ադրբեջանական լրատվության) նախ և առաջ մտածել է տալիս, որ «Թարաֆը» նման ապատեղեկատվություն կատարել է ընտրություններին Էրդողանի վարկանիշը նվազեցնելու համար: Անկախ դրանից, որ սահմանի բացումը կկայանա, թե ոչ, այս «անպաշտոն» տեղեկատվությունը իբրև «ցավակցության» շարունակություն է ընկալվում: Ինչ էլ եղած լինեն շարժառիթները, սահմանի բացման հավանականությունը արդեն իբրև լրատվություն թուրքական լրատվադաշտում աշխուժորեն շրջանառության մեջ է դրվել: Թուրքական կողմը առաջադրում է այն ընկալել իբրև ժեստ հայկական կողմից աւելի, միջազգային ընտանիքից: Փաստորեն, այդպես էլ բնութագրված է` 2-րդ ժեստ:

 

Հայկական լրատվադաշտը, եթե այս հայտարարությունը ներկայացնի իբրև 2-րդ ժեստ, ոչ միայն պատճենահանած կլինի թուրքական տեղեկատվական մեքենայի արտադրությունը, այլ ավելի՛ն: Ընդունած կլինի ցավակցության առաջին ժեստ լինելը:

 

Բաքուն անպայման կարձագանգի այս լրատվությանը: Ամենայն հավանականությամբ թուրքական տարբերակով` «անպաշտոն» ձևով: Դա արդեն արել է, հերքելով լուրը։

 

Մեր անմիջական խնդիրը այս տեղեկատվական գործողությունը իբրև ժեստ չընկալելն է, աշխատելը, որ իբրև այդպիսին չընկալի նաև միջազգային կարծիքը:

1