Եվրոպայի հասարակությանը ցույց կտրվի, որ Արցախը միայն հակամարտություն չէ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Եվրոպայի հասարակությանը ցույց կտրվի, որ Արցախը միայն հակամարտություն չէ

Եվրոպայի հասարակությանը ցույց կտրվի, որ Արցախը միայն հակամարտություն չէ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ  2014-ի հոկտեմբերը Եվրոպական երկրներում «Արցախի ամիս» է լինելու:

 

Բելգիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Հայ Դատի հանձնախմբերի, ինչպես նաև Արցախի ներկայացուցչությանների համագործակցությամբ կիրականացվեն տարբեր միջոցառումներ եւ ցուցադրություններ:

 

Եվրոպայի  ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատող Պետո Դեմիրճյանը Aparaj.am-ին հայտնեց, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից «Արցախի ամիս» հայտարարելը մի քանի նպատակ ունի:

 

Նա նշեց, որ Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Հայ Դատի հանձնախմբերի համագործակցությամբ, ցանկանում են ցույց տալ եվրոպական երկրների հանրությանը և քաղաքական շրջանակներին, որ Արցախը միայն հակամարտություն չէ, այլև` կայացած ու ստեղծագործող պետություն, որտեղ մարդիկ են ապրում, եւ բնակիչներն էլ ստեղծագործում են, հետաքրքրված են արվեստով , ունեն արվեստագետներ և զարգացող մշակույթ:

 

Հիշեցնենք, որ ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի, Արցախի և այլ վայրերի արվեստագետների, մտավորականների մասնակցությամբ Եվրոպական մի շարք երկրներում  տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, նկարչական եւ այլ ստեղծագործական ցուցադրություններ, ֆիլմի ներկայացումներ:

 

Պետո Դեմիրճյանի խոսքերով նման մշակույթային միջոցառումները  լավագույն պատասխանն են մեր հանդեպ հնչող ռազմատենչ կոչերին և սպառնալիքներին: «Համագործակցելով Եվրոպայի տարածքում գործող մշակութային կենտրոնների հետ, առաջին հերթին, Արցախի արվեստագետները կշփվեն այդ շրջանակների հետ, կներկայացնեն իրենց արվեստն ու ստեղծագործությունները, դրանով իսկ ցույց տալով Եվրոպայի հասարակությանը, որ Արցախի հայությունը կառուցել է իր ազատ ու անկախ պետությունը եւ չնայած, որ այն միջազգային հանրության կողմից չի ճանաչվել, սակայն ապրում և ստեղծագործում է ու միմիայն խաղաղություն և բարորություն է տենչում»,- նշեց նա: 

1