Հայ ժողովրիդի համար Մայիսի 28-ը նոր կյանքի սկիզբ է համարվում,- ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լևոն Հայրյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Հայ ժողովրիդի համար Մայիսի 28-ը նոր կյանքի սկիզբ է համարվում,- ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լևոն Հայրյան

Հայ ժողովրիդի համար Մայիսի 28-ը նոր կյանքի սկիզբ է համարվում,- ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լևոն Հայրյան

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից եւ Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում եւ գոյատեւեց մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

 

-Հայ ժողովրիդի համար Մայիսի 28-ը նոր կյանքի սկիզբ է համարվում,- Aparaj.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լեւոն Հայրյանը եւ հավելեց,- Ցեղասպանություն տեսած ժողովուրդը 1918 թվականին կարողացավ ինքնակազմակերպվել եւ  ստեղծել պետություն: Դրանով հանդերձ՝ հայ ժողովուրդը վաստակեց աշխարհում ապրելու իր իրավունքը: Կոնկրետ ինձ համար Մայիսի 28-ը ամենամեծ տոնն է: Եվ, ըստ այդմ, ինձ համար գոյություն ունի երկու տոն, որոնք ես ի սրտե նշում եմ. մեկը նոր տարին է՝ որպես Քրիստոսի ծնունդ, իսկ երկրորդը Մայիսի 28-ն է, քանզի այդ օրը՝ երկար տարիներ ազգային իշխանությունը կորցնելուց հետո պետականության վերականգնման ծննդի օրն է: Որքան էլ ցավալի լինի՝ հետագայում այս տոնին համարժեք գնահատականներ չեն տրվել: Մայիսի 28-ին ստեղծված պետությունը, որը գոյատեւեց 2 տարի՝ չդիմանալով արտաքին ճնշումներին, որին նպաստեց նաեւ ժողովրդի կազմակերպված չլինելը, վերափոխվեց մեկ այլ հանրապետության, որը դժվարությամբ կկարողանայիր անվանել հայկական: Մեր հանրապետության իսկական անկախության օրը 1918 թվականի Մայիսի 28-ն է: Տոնացույցում Մայիսի 28-ը նշված է՝ որպես Առաջին Հարապետության օր, իսկ որպես անկախության օր՝ նշված է 1992թ. սեպտեմբերի 21-ը:

 

Մեր ժողովուրդն այսօր անկախության իրական գնահատականը չգիտի, առավել եւս՝ որ այսօր Հայաստանի Հանրապետությունը մի մարդու բերանով հայտարարում է, որ մտնում է Մաքսային միություն, որը բերում է Հայաստանի իրական անկախության կորստին: Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ մենք իրական անկախության գնահատականը չենք տվել, իրական անկախության ստեղծողներին մինչեւ այսօր չենք գնահատում: Ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս կատարել:

 

Մեր նորօրյա ազատագրական պայքարի սկիզբը կարելի է համարել 19-րդ դարի 40-50-ական թվականները, երբ ունեցանք մի շարք մտավորականներ, որոնք հանդիսացան ազգային ազատագրական պայքարի հիմնադիրները, խոսքս Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, հետագայում Րաֆֆու եւ այս կարգի մտավորականների մասին է, որոնք սկսեցին ժողովրդի մեջ արթնացնել ազատ հայրենիքի գաղափարը եւ այդ ուղղությամբ էլ  որոշակի քայլեր ձեռնարկել: 20-րդ դարի սկզբին այդ զարթոնքը տվեց իր պտուղները: Անկախության համար պայքարն ավելի մարմնացավ, երբ ստեղծվեցին ազգային կուսակցությունները: Առավել եւս՝ այն իր կերպարով էլ ավելի խտացավ եւ  տեսակով խթանելի դարձավ, երբ ստեղծվեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Այսօր, ցավոք սրտի, շատ քչերն են Դաշնակցության պատմական դերը հասկանում, ընդ որում՝ այդ հասկացողների մի մասն էլ, չգիտես ինչ տրամաբանությամբ, թշնամական դիրքերից ելնելով քննադատում են Դաշնակցության դերը: Դաշնակցությունը զրոյից ստեղծեց պետություն: Եթե 1890 թվականին Դաշնակցությունը չստեղծվեր, ապա 1918 թվականին Հայաստանի Հանրապետություն չէր ստեղծվի: Դաշնակցությունը՝ կուսակցության մեծով եւ փոքրով լծվեց ազատ, անկախ Հայաստանի կերտման գաղափարին, եւ չի կարելի ուրանալ որեւէ մեկի դերն այդ պայքարում: Եվ Դաշնակցության մեջ, եւ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնց դերն առանձնահատուկ է: Հատկապես ուզում եմ խոսել Արամ Մանուկյանի մասին. առանց նրա կյանքի ու պայքարի հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի անկախ հանրապետությունը: Արամ Մանուկյանը  Հայաստանի անկախ հանրապետության ստեղծման ծրագրերի նախագծողներից է եւ այդ ծրագրերի առաջին իրագործողը: Եթե Արամ Մանուկյանի երկաթե կամքը եւ հանճարը չլիներ, երեւի հնարավոր չէր լինի պատկերացնել Մայիսի 28-ը եւ Հայաստանի անկախությունը:

 

Հայ ժողովուրդն ինչպես է գնահատում Արամ Մանուկյանի եւ մնացած դաշնակցականների գործը:

 

— Թե ինչպես է ժողովուրդը գնահատում Արամ Մանուկյանի եւ մնացած դաշնակցականների գործը, մենք դա շատ լավ տեսնում ենք: Թեկուզ այս օրերին մամուլում տեղ գտած այն բանակռիվը, որ ուզում են բոլշեւիկ Միկոյանի արձանը տեղադրել Հայաստանում: Արամ մանուկյանն այնքան ներդրում, այնքան ծառայություն ունի, որ Հայաստանի բոլոր քաղաքների եւ գյուղերի կենտրոնական մասերում պետք է կանգնեցրած լինեին Արամի արձանը: Մինչդեռ այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա Արամ Մանուկյանի արձանը: Եթե չեմ սխալվում՝ Արամի կիսանդրին տեղադրել են Ներքին գործերի նախարարության շենքի բակում՝ նրան համարելով ներքին գործերի առաջին նախարար: Ի պաշտոնե, իհարկե, դա այդպես է եղել, սակայն մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նա ավելին է եղել. նա  անկախ հանրապետության հիմնադիրն էր եւ ոչ թե ներքին գործերի նախարար:

 

Մայիսի 28-ի խորհուրդը մեծ է նրանց համար, ովքեր ծառայում են իրենց ազգին եւ պաշտում են անկախությունն ու ազատությունը: Մայիսի 28-ը չի կարող խորհուրդ ունենալ այն մարդկանց համար, ովքեր որոշել են ծառայել ռուսական կայսրությանը: 

Ես այն համոզմունքին եմ, որ այն ազգերը, որոնք իրենց ճակատագիրը կապել են ռուսների հետ, հավիտյան դժբախտ են լինելու:

 

 

-Նշեցիք, որ ձեզ համար երկու տոն գոյություն ունի: Հավանաբար նոր տարին եւ Քրիստոսի ծնունդը նշում եք՝ ինչպես բոլոր հայերս ենք նշում: Հետաքրքրական է՝ Մայիսի 28-ն ինչպես եք նշում:

 

-Մայիսի 28-ը նշում եմ մեծ ոգեշնչումով, մեծ ուրախությամբ եւ աշխատում եմ իմ ոգեշնչումն ու ուրախությունը փոխանցել իմ շրջապատին: Վերջին մի քանի տարիներին Մայիսի 28-ն անցկացնում եմ Երեւանում՝ Արամ Մանուկյանի ապրած տան դռան մոտ պատվո պահակ կանգնելով իմ սակավաթիվ ընկերների հետ միասին: Մեզ միացողները շատ քիչ են, բայց մինչ լուսաբաց կանգնում ենք Արամի տան մոտ: Ես Արամի տուն եմ գնում իմ հոգու հանգստության համար: Իմ ընկերական շրջապատում քննարկվել է այսպիսի մի հարց, թե ինչու Արամի գերեզմանոց չեմ գնում, որ գնում եմ Արամի ապրած տուն: Պատասխանս հետեւյալն է՝ ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ նա ապրել է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ նա թաղված է: Արամի գործը կյանքի գործ է ամբողջ երկրի համար, հայության համար, եւ  գտնում եմ, որ իր գործը եւ ինքը Արամը պետք է կենդանի ընդունվի: Ես Արամին իր զինակիցներից եւ ոչ մեկից բարձր չեմ գնահատում, պարզապես ինձ համար Արամը նրանց բոլորի ընդհանրացումն է:

 

Այսօր Արամի տունը գտնվում է անմխիթար վիճակում: Առաջին տարին, որ գնացի պատվո պահակ կանգնելու, Արամի տան տարածքն ամբողջությամբ աղբի մեջ կորած էր: Դուռը, որտեղով Արամն է մտել, աղբակույտի էր վերածվել: Սեփական ուժերով փորձեցինք մաքրել՝ որքան հնարավոր է, հետո մարդ կանչեցինք՝ մնացած գործն իրենք ավարտին հասցրեցին: Արամի տան վիճակից երեւում է, թե ինչպես են վերաբերվում մեր անկախությանը հայ ազգի առաջնորդները: Սա առաջին հերթին գնահատական է հենց իրենց՝ իշխանավորներին, քանզի՝ եթե իշխանավորը չի հպարտանում իր երկրի պատմությամբ կամ մտահոգված չէ իր երկրի զարգացմամբ, նշանակում է նա ստրուկ է:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1