Ճարտարցիներին հուզում է արտագաղթի խնդիրը. ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Ճարտարում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ճարտարցիներին հուզում է արտագաղթի խնդիրը. ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Ճարտարում

Ճարտարցիներին հուզում է արտագաղթի խնդիրը. ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Ճարտարում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները, նախընտրական խոստումի համաձայն, շարունակում են իրենց հանդիպումները Արցախի տարբեր բնակավայրերում:

 

Հերթական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 19-ին Ղուզե ճարտարի մարզամշակութային պալատում`  Ճարտարի և Ղուզե  ճարտարի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի  Կենտրոնական կոմիտեի  անդամ Արմեն Սարգսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի  Մարտունու շրջանի ներկայացուցիչ Գենադի Բաղրյանը, Ճարտարի և Ղուզե Ճարտարի գյուղապետերը:

 

Նախքան բնակիչների հետ հանդիպումը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները այցելեցին «Ղարաբաղ կարպետ» ընկերության Ճարտարի մասնաճյուղ և ծանոթացան արտադրամասի գործունեությանը, հետաքրքրվեցին աշխատողնեին հուզող հարցերով:

 

Բնակչության հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը նշեց, որ ԼՂՀ համայնքներում «Դաշնակցություն» խմբակցությունը թվով 97-րդ հանդիպումն է անցկացնում, իսկ Ճարտարի տարածքում արդեն երկրորդ անգամ են հանդիպում բնակիչների հետ: Արմեն Սարգսյանը նշեց, որ ակնկալում է, որ ինչպես մյուս հանդիպումները, այս հանդիպումը նույնպես կլինի անկեղծ մթնոլորտում: «Մեր հանդիպումների նպատակն է լսել Արցախի տարբեր համայնքների բնակիչներին և նրանց հուզող հարցերը բարձրացնել ԼՂՀ Ազգային ժողովում, ինչպես նաեւ բնակչության առջեւ հաշվետու լինել «Դաշնակցություն» խմբակցության գործունեության համար»,- նշեց Արմեն Սարգսյանը:

 

«Դաշնակցություն» խմբակության ղեկավարը համայնքի բնակիչների առջև հանդես եկավ հաշվետվությամբ՝ անցած տարիներին ԼՂՀ Ազգային ժողովում  խմբակցության գործունեության մասին և մանրամասն ներկայացրեց, թե որ օրենքներին և օրենսդրական նախաձեռնություններին է խմբակցությունը դեմ կամ կողմ քվեարկել, բացատրելով դրանց պատճառները:

 

«Ես կարևորում եմ նման հանդիպումները, քանի որ, ցավոք սրտի,  մեր լրատվամիջոցները ամբողջությամբ եւ մանրամասն  չեն լուսաբանում Ազգային ժողովի գործունեութունը և, մասնավորապես, չեն ներկայացվում օրենքների ընդունման ժամանակ պատգամավորների կարծիքներերը, օրենքի շուրջ առկա վիճաբանություններն ու քննարկումները և Ժողովուրդը չի կարողանում լիակատար կարծիք կազմի խորհրդարանի գործունեության մասին»,- նշեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը:

 

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը իր խոսքում նշեց  Արցախի Հանրապետության կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին:

 

Պատգամավորը  անդրադարձավ արտաքին հարաբերություններում առկա մի շարք հարցերի և նշեց, որ երկրի կարևորագույն խնդիրներից մեկը արտաքին հարաբերություններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Վ.Բալայանը նշեց, որ  Արցախը չճանաչված երկիր է եւ  միջազգային  տարբեր ատյաններում Արցախի հետ կապված հարցերով լուրջ գործունեություն է իրականացնում  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

 

Ինչպես ի սկզբանե նշվեց, հանդիպումն անցավ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում, հատկանշական է, որ դահլիճում ներկաների մեջ գերակշռում էին երիտասարդները:

 

Հանդիպումն ավարտվեց հարց ու պատախանով: Մասնավորապես հարց հնչեց երկրից արտագաղթի պատճառների և այն կասեցնելու  կարևորության մասին, որին «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Արտագաղթի պատճառները տարբեր են, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այդ խնդրի շուրջ իր ծրագրերն ունի, դրա եւ երկրի զարգացման հետ կապված ծրագրերը Դաշնակցությունը   ներկայացրել է երկրի կառավարությանը և չեմ կարող ասել, որ այդ հարցում արմատական փոփոխություն է եղել,բայց որոշակի առաջընթաց կա»,- նշեց Արմեն Սարգսյանը:

 

Դաշնակցական պատգամավորը ավելացրեց, որ արտագաղթի խնդիրը ոչ միայն ֆինասական ու սոցիալական խնդիրը է, այլև`  բարոյահոգեբանական և այս խնդիրը առկա է լինելու, քանի դեռ երկրում  լիովին սոցիալական արդարություն չի հաստատվել:

 

Պատգամավոր Վահրամ Բալայանը  ճարտարեցիներին  ասաց, որ ամեն հայ իր տունը պետք է կառուցի իր հայրենիքում, շենացնի իր հողը, եւ հավաստիացրեց, որ ինչքան էլ  դժվարությամբ , բայց եւ  դա է լիարժեք եւ արժանապատիվ ապրելու բանաձեւը:

 

Հանդիպման վերջում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հայտնեց  ճարտարցիներին, որ ցանկացած հարցի , մտահոգությունների  եւ առաջարկների դեպքում կարող են դիմել ՀՅԴ գրասենյակներ:

 

 

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1