Միջոցառումներ Արցախում` նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Միջոցառումներ Արցախում` նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

Միջոցառումներ Արցախում` նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

Յունեսկոյի հայտարարմամբ՝ ապրիլի 18-ը հայտարարված է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի  միջազգային օր: Արցախում այդ օրը սկսել են նշել նախորդ տարվանից: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ  պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի հավաստմամբ՝ 2013 թվականից սկսած  վարչությունը փորձում է  այդ օրը դարձնել հուշարձանների եւ տեսարժան վայրերի հանդեպ համապատասխան վերաբերմունքի եւ մշակույթի ձեւավորման օր:

 

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը հուշարձանների պահպանության միջոցառումները սկսել է դեռ ապրիլի 1-ից, իսկ միջոցառումների հիմնական մասը հենց այսօր է իրականացվում: Զբոսաշրջության վարչությունում հուշարձանների պահպանության օրվան նվիրված ցուցահանդեսի բացմամբ ազդարարվեց օրվա միջոցառումների մեկնարկը: Ցուցահանդեսը կրում էր <<Քաշաթաղի քարե վկաները>> խորագիրը: Ցուցահանդեսում ներկայացված 50 լուսանկարներում ներկայացված էին Քաշաթաղում վերջին 4 տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խաչքարերն ու հուշարձանները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահը Աշոտ Ղուլյանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պատգամավորներ եւ հյուրեր:

 

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետի հավաստմամբ՝ ցուցահանդեսը կազմակերպվել է մարդկանց քրտնաջան աշխատանքների շնորհիվ. <<4 տարի է՝ ինչ գիտնականները այդ շրջանի հուշարձանների ուսումնասիրություն են կատարում եւ ամեն տարի մենք հայտնաբերում ենք նորանոր հուշարձաններ, որոնք թշնամու կողմից ժամանակին ավերվել կամ թաքցվել են հայկական գիտության համար, եւ այսօր արդեն մենք կարողանում ենք բացահայտել այն գաղտնիքները, որ պարունակում է իր մեջ մեր հանրապետության ամենախոշոր շրջանը>>,- նշեց Ս. Շահվերդյանը: Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի հավաստմամբ՝  այս ցուցահանդեսը կարեւոր է այն առումով, որ առաջին անգամ է, երբ փորձում են համախմբված ցույց տալ այն հարստությունը, որ ժառանգել ենք մեր նախորդներից Քաշաթաղի շրջանի տարածքում:

 

Քաշաթաղի շրջանի հուշարձանների ոսումնասիրությամբ զբաղվել են ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, հնագետներ Արտակ Գնունին, Գագիկ Սարգսյանը,      Սլավա Սարգսյանը եւ Զոհրաբ Ըռքոյանը: Վերջինս լուսանկարել է հուշարձանները եւ մասնակցություն ունեցել պատմական հուշարձանների հայտնաբերման գործում:

 

Զորհրաբ Ըռքոյանը, ով Քաշաթաղի շրջանի <<Մերան>> թերթի գլխավոր խմբագիրն է,  Քաշաթաղում է բնակվում 1996 թվականից: Ըստ նրա՝ սկզբում պարզապես նկարել է բոլոր պատմամշակութային կոթողները, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ Քաշաթաղի շրջանում դրանք բավական շատ են, եւ սկսել է աշխատել բնակչության հետ: <<Տեսնելով, որ Քաշաթաղում շատ են պատմամշակութային հուշարձանները, որոնց մի մասը հողի տակ են մնացել, սկսեցի աշխատել բնակչության հետ: Խնդրում էի նրանց, որ երբ հայտնաբերեն պատմամշակութային հուշարձան, տեղյակ պահեն ինձ: 18 տարվա ընթացքում աշակերտները, որսորդները անասնապահները եւ պարզապես բնակիչները մշտական կապի մեջ են եղել ինձ հետ, եւ երբ հուշարձան են տեսել, ինձ տեղյակ են պահել այդ մասին: Իսկ ես գնացել եւ լուսանկարել եմ>>: Զ. Ըռքոյանը տեղեկացրեց նաեւ, որ 2-3 տարի առաջ <<Մեր Քաշաթաղը>> վերնագրով ալբոմ են հրատարակել, որտեղ ներկայացված է եղել Քաշաթաղում հայտնաբերված հուշարձաններ. <<Մենք բացահայտել ենք ամրոցներ, որոնք 2-3 հազար տարվա պատմություն ունեն: Այս ցուցահանդեսում ներկայացվել է նոր լուսանկարներ: Այս ուսումնասիրությունների ընթացքում 4-5 ժայռափոր եկեղեցի ենք հայտնաբերել>>: Ըստ Զ. Ռքոյանի՝ 18-րդ դարից լինելով օտար լծի տակ, տարածքը չի ուսումնասիրվել: Նման հնարավորություն ստեղծվել է միայն Քաշաթաղի ազատագրումից հետո: Նա հավաստիացրեց, որ Քաշաթաղում  նոր բացահայտումներ դեռ կլինեն, քանզի ինքն անձամբ 1996 թվականից  մոտ 1000 հուշարձան է գտել ու լուսանկարել, որից 50-ը եկեղեցիներ են, մոտ 40-ը՝ ամրոցատեղիներ, դամբարանադաշտեր: Իսկ խաչքարերն ու  մատուռատեղիները բավականին շատ են Քաշաթաղում:

 

Հուշարձանների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է իրականացնում նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: ԱԵՄ-ի երիտասարդները Ստեփանակերտի փողոցներում բաժանելու են <<Տեր կանգնենք մեր մշակութային ժառանգությանը>> խորագրով բուկլետներ, իսկ Ստեփան Շահումյանի անվան պուրակում նախատեսվում է ցուցադրել տեսահոլովակ, որտեղ ներկայացվում են հայկական  հուշարձանները, որոնք հանրության հոգածության կարիքն ունեն:  

 

Անի Ազատյան

1