ՀՅԴ-ն մաս չի կազմի ՀՀ նոր ձեւավորվող կառավարությանը. հայտարարություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ-ն մաս չի կազմի ՀՀ նոր ձեւավորվող կառավարությանը. հայտարարություն

ՀՅԴ-ն մաս չի կազմի ՀՀ նոր ձեւավորվող կառավարությանը. հայտարարություն

Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:  

 

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում:

 

Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:   ՀՅ Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում:

 

Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի:   Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

 

Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետեւյալ մոտեցումները.

 

  1.- Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:  

 

2.- Հետեւել իշխանության եւ կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:

 

  3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:  

 

Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը:   ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:

 

  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 17 ապրիլի 2014թ 

1