Տարիները մոռացության չեն մատնում Արթուր Մկրտչյանի կերպարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տարիները մոռացության չեն մատնում Արթուր Մկրտչյանի կերպարը

Տարիները մոռացության չեն մատնում Արթուր Մկրտչյանի կերպարը

22 տարի առաջ ապրիլյան այս օրը Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան բոթը ցնցեց հայ ժողովրդին: Ամեն տարի Արթուր Մկրտչյանի ծննդյան եւ մահվան օրերին մարդաշատ է լինում Ստեփանակերտի հուշահամալիրը, որտեղ ամփոփված է Արթուր Մկրտչյանի մարմինը:

 

Այսօր ` Արթուր Մկրտչյանի անմար հիշատակը հարգելու համար նրա շիրիմին ծաղիկներ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին ԼՂՀ ԱԺ նախագահը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը, ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Արթուր Մկրտչյանի հարազատները:

 

 

Օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով՝ Արթուր Մկրտչյանը Արցախյան շարժման հորձանուտում հայտնվեց որպես հանրության կողմից ընդունելի դեմք ու կազմակերպիչ, իսկ հետագայում նա դարձավ ազգային խորհրդանիշ: Արթուր Մկրտչյանն Արցախյան շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապես տիրապետում էր ազգային արժեքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի եւ պայքարի:

 

 

<<Մեզ համար Արթուր Մկրտչյանի շիրիմին այցելությունները դարձել են ավանդական, եւ տարին մի քանի անգամ մենք մեր զինակիցներին, Արցախյան շարժման առաջին սերնդի մեր առաջնորդներին հիշելու հնարավորություններ ունենում ենք,- նշեց ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը եւ հավելեց,- Արթուր Մկրտչյանը պատկանում է այն սերնդին, որը բարեբախտություն է ունեցել ամենաակտիվ մասնակցությունը բերել մեր ազգային ազատագրական պայքարին: Եւ թերեւս նրա գործունեությունը, որպես սկիզբ, որպես խորհրդարանական աշխատանքային տարեգրության մեկնարկ, այսօր էլ մեզ օգնում է, որպեսզի մենք մեր ճանապարհը շիտակ կառուցենք>>:

 

 

Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, խոսելով Արթուր Մկրտչյանի մասին՝ որպես կուսակցական ընկերոջ եւ որպես քաղաքական գործչի, նշեց, որ տարիներն Արթուրի կերպարը մոռացության մատնելու փոխարեն ավելի հստակ են դարձնում.

 

 

<<Տարիների վաղեմությունը կարծես թե ինչ-որ բան պետք է մոռացության տա, բայց Արթուր Մկրտչյանի պարագայում մենք ունենք հակառակ պատկերը: Մենք տարեցտարի ավելի ենք զգում եւ ավելի ենք գիտակցում Արթուր Մկրտչյանի կերպարը ոչ միայն որպես պետական գործիչ, ոչ միայն կուսակցական գործիչ, այլ առհասարակ նրա  կերպարի անհրաժեշտություն ենք զգում: Իր թողած ամենամեծ դասերը մեզ համար դառնում են ավելի ուսանելի>>:

 

Արցախի ԿԿ ներկայացուցիչը խոսեց նաեւ Արթուրի սկսած գործի շարունակման մասին.

 

<<Ցավոք, բայց պետք է ասեմ, որ կան բավականին բացթողումներ, եւ այն, ինչ երազում էր, այն հիմքը, որ դրել է Արթուր Մկրտչյանը, դժբախտաբար որոշակի շեղումների ընթացք է ստացել, սակայն ես լիահույս եմ, որ մեր ժողովուրդը եւ մեր սերունդը այդ հիմքը կարող է արդյունավետ հասցնել իր վերջնագծին>>:

 

Արթուր Մկրտչյանի եղբայրը՝ Ղարիբ Բադասյանը, դժվարությամբ էր զսպում արցունքները, երբ խոսում էր եղբոր մասին.

 

<<Արթուրի մահից անցել է 22 տարի, սակայն ամեն անգամ Արթուրի շիրմին այցելելիս նույն ցավն ու նույն տառապանքն եմ զգում, քանզի նա այլ հոգեբանության տեր մարդ է եղել: Կարծում եմ՝ Աստծո գործերից է եղել, որ այսքան ազնիվ մարդը այդքան արդարացի պայքարի արդյունքում ընտրվել է ԳԽ առաջին նախագահ: Արթուրը ոչ միայն մեր նորաստեղծ հանրապետության խորհրդանիշն է դարձել, այլ նաեւ արդարության, շիտակության, մաքրության խորհրդանիշը: Եւ պատահական չէ, որ այսօր նրա անվան դպրոց է գործում, որի սաները կշարունակեն Արթուրի գործը, քանզի Արթուրի գործն անմահ է: Նա միայնակ չի կերտել մեր երկրի ապագան: Գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին>>:

 

 

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք են  թողել հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ մնում է ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը:

 

 

Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից էր, ում մասին ասում են` նա բարոյականություն էր քաղաքականության մեջ: Որքան էլ ասված խոսքերը պարադոսքային թվան առաջին հայացքից, սակայն Արթուր Մկրտչյանին քաջածանոթ մարդիկ հաստատում են այդ խոսքերը: Արցախյան պայքարի գործընթացի ամենակարեւոր հարցը կամ գործոնը մաքրությունն էր, գաղափարի նախապատվությունը ամեն տեսակ նպատակներից: Ղեկավարի կերպարը, նկարագիրը պետք է բարոյական լինի:

 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1