Արցախի ակնարկները Ռուսաստանին անելանելի վիճակի մեջ են դրել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Արցախի ակնարկները Ռուսաստանին անելանելի վիճակի մեջ են դրել

Արցախի ակնարկները Ռուսաստանին անելանելի վիճակի մեջ են դրել

Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ Արցախի բուռն արձագանքները, միգուցե նաև կազմակերպիչների սպասումներին հակառակ, Ռուսաստանին դրեցին անելանելի վիճակի մեջ: Ենթադրությունները տարբեր էին, երբեմն՝ տեղին, երբեմն՝ անտեղի: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ Ստեփանակերտում կայացած միջոցառումները նկարահանել էին ռուսական հեռուստաընկերությունները, սակայն այդպես էլ եթեր չէին հեռարձակել:

 

Եվ ահա, կարծես թե Մոսկվան արձագանքում է, բայց, ինչպես միշտ, ոչ թե պաշտոնապես, այլ Կրեմլին մոտ կանգնած ինչ որ մեկի շուրթերով: Այս անգամ դա արվեց Մաքսիմ Շևչենկոյի միջոցով: Իսկ ո՞վ է Մաքսիմ Շևչենկոն: Նա Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ է: Պարզ է, որ Շևչենկոն ամենևին էլ պատահական մարդ չէ, և չէր կարող՝ առանց Կրեմլի պաշտոնյաների հետ որևէ համաձայնության նման հայտարարություն անել:

 

Եվ, ինչպես միշտ, հայաստանյան ԶԼՄ-ներում սկսվեցին մեկնաբանությունները հայտնի և անհայտ, քաղաքական և ոչ քաղաքական մեկնաբանների կողմից:

 

Շատերն են հասկանում, թե ինչ նշանակություն ունեին Շևչենկոյի խոսքերը, որոնք, սակայն,  տեղի ու անտեղի մեկնաբանությունների առարկա դարձան: Յուրաքանչյուրը պարտավորված զգաց՝  ինչ որ բան ասել: Սակայն ոչ ոք այդպես էլ ուշադրություն չդարձրեց, թե ինչ նպատակ էին հետապնդում Շևչենկոյի մեկնաբանությունները և ում էին ուղղված: Բնական է, որ դրանով նա ամենևին էլ  նպատակ չուներ ի ցույց դնել ադրբեջանական պատմության իր ունեցած <<գիտելիքները>>: Շևչենկոն այնքան էլ անգրագետ չէ, որ չիմանա տարածաշրջանի իրական պատմությունը: Այն ուղղված էր առաջին հերթին Ադրբեջանում կրքեր հանգստացնելուն, քանի որ Ադրբեջանում խիստ անհանգստացած էին Ղրիմում տեղի ունեցածով: Ղրիմը Ուկրաինայի կազմում էր հայտնվել ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում:

 

Սակայն, միաժամանակ, խոսքերն ուղղված էին նաև Հայաստանին ու Արցախին: Քանի որ՝ նույնիսկ անզեն աչքով հստակ երևում են որոշակի նմանություններ, Հայաստանին հասկացնում են, որ երբեք չփորձի Արցախի ու Ղրիմի միջև հավասարություն դնել, այսինքն՝ Ռուսաստանը փորձում է այդ նմանությունները չեզոքացնել: Հենց այդ նպատակն է հետապնդում Շևչենկոյի <<մտքի գոհարների>> այն մասը, որտեղ նախ նա ասում է, որ չպետք է Ղրիմը համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ, այնուհետև, որպես ապացույց, ասում, թե իբր՝ ի տարբերություն Ղրիմի՝ Արցախում եղել են էթնիկ զտումներ:

 

Սակայն Շևչենկոն այստեղ մի մեծ վրիպում է արել: Նախ՝ Արցախում հայկական կողմից չի իրականացվել էթնիկ զտումներ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նույնիսկ նախքան Արցախյան պատերազմը սկսվեցին հայերի նկատմամբ էթնիկ զտումները և մասսայական կոտորածները: Եվ երկրորդ, Արցախյան պատերազմը Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիա էր, որի նպատակն էր հայաթափել Արցախը և ոչնչացնել այնտեղ բնակվող հայերին: Այդ են վկայում Արցախի խաղաղ բնակչության ոչնչացմանն ուղղված գործողությունները՝ քաղաքների ու գյուղերի ռմբակոծումը, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ի կողմից արգելված մասսայական ոչնչացման զինատեսակներով:

 

Շևչենկոյի մտքի մեկ այլ <<գոհարը>>, թե իբր ադրբեջանցիները տեղաբնակ են համարվում Արցախում՝ թուրքախոս ադրբեջանցիների խառնելով լեզգիներին ու կովկասյան մյուս ժողովուրդներին, ընդհանրապես անհեթեթություն է, նույնիսկ պետք չէ անդրադառնալ դրա իսկությանը: Սակայն այն հանգամանքը, որ Մոսկվան սկսել է իր շահերին ծառայեցնել ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքները, մտահոգության տեղիք է տալիս:

 

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ իզուր են բոլոր այն հույսերը, թե իբր Ռուսաստանը Ղրիմի օրինակով նաև Արցախում ինչ որ բան կանի: Նախ՝ Ռուսաստանը չի սրի  իր հարաբերություննները Արևմուտքի հետ, որոնք առանց այն էլ շատ են բարդացել Ղրիմից հետո, ինչպես նաև՝ Ռուսաստանը դեռևս շարունակում է հույսեր փայփայել՝ Ադրբեջանին Մաքսային Միության կազմում տեսնելու: Բացի այդ, Ռուսաստանն արդեն իսկ փորձեր կատարել է Արցախի հարցում մենաշնորհ հաստատելու համար, ինչը տապալվել է: Պատահական չէ Արևմուտքի պաշտոնյանների, այդ թվում նաև՝ ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով արված հայտարարություններն այն մասին, որ Արցախի խնդրում դիրքերը չեն զիջելու և շարունակելու են իրենց բոլոր ջանքերը ներդնել այդ հարցում:

 

Այս ամենից կարելի է մի բան հասկանալ, որ, իրոք, Ռուսաստանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Մի կողմից՝ նա չի ցանկանում կորցնել հայկական հասարակության մեջ Ռուսաստանի հանդեպ ունեցած համակրանքը, իսկ մյուս կողմից՝ չի ցանկանում իր դեմ լարել Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ դեռևս որոշակի նպատակներ ունի այդ երկրների հետ կապված: Դրա համար փորձում է որոշակի ճիգեր գործադրել, որպեսզի Ղրիմի հարցը որևէ առնչություն չունենա Արցախի հետ՝ բերելով անհիմն փաստեր: Եվ արդեն պարզ չէ, թե իրականում <<ապտակը>> ում կողմից է: Քանի որ մոտ երկու շաբաթ առաջ Արցախը Ռուսաստանին հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարածքում ինքնորոշման առաջին նախադեպը եղել է հենց Արցախում:

 

 

1