Արցախյան մշակութային շաբաթը Լիբանանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախյան մշակութային շաբաթը Լիբանանում

Արցախյան մշակութային շաբաթը Լիբանանում

Հարցազրույց ԼՂՀ մշակույթի եւ երիտսարդության հարցերով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ

 

Մարտի 8-15-ը Լիբանանում կայացել է Արցախյան մշակութային օրերի շաբաթ, որի ընթացքում Արցախի նոր սերունդը ներկայացրել է արցախյան մշակույթը: Արցախցի տաղանդաշատ երիտասարդներից եւ պատանիներից կազմված խումբը Լիբանան էր այցելել ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Լիբանանում գործող <<Արցախ ֆոնտ>> կազմակերպությունը, որը հիմնականում զբաղվում է Արցախի զարգացման ծրագրերով, նախաձեռնել է Լիբանանում արցախյան մշակութային օրերի անցկացման ծրագիրը, ինչին աջակցել է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

— Արցախյան մշակույթը ներկայացնող նոր սերնդի խումբը, որը տարել էինք Լիբանան՝ արցախյան մշակութային շաբաթը ներկայացնելու նպատակով, կազմված էր պատանի եւ երիտասարդ տաղանդավոր կատարողներից: Խմբի մասնակիցները կատարողական տարբեր ժանրերի ներկայացուցիչներ էին՝ ժողովրդական, դասական եւ ժամանակակից երգերի կատարողներ: Լիբանանում արցախյան շաբաթի շրջանակներում անցկացվեց նաեւ արցախցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես: Լիբանանահայության շրջանակներում այդ շաբաթը հագեցած էր Արցախով: Լիբանանահայությունը բավականին կազմակերպված, ամուր գաղութ է, եւ արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից լիբանանահայությունը միշտ թիկունք է կանգնել Արցախին:  Այսօր էլ տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում  <<Արցախ ֆոնտի>> եւ այլ ծրագրերի միջոցով: Մեկ շաբաթվա ընթացքում մեր պատանի եւ երիտասարդ կատարողներն ունեցել են մոտ 8 համերգ: Այցի հենց առաջին օրը հանրային համերգ է կայացել Բեյրութի <<Հակոբ Տեր Մելքոնյան>> թատերասրահում: Այնուհետեւ այցի հաջորդ օրը տեղի է ունեցել ե՛ւ հանրային համերգ, ե՛ւ ցուցահանդես  Այնճարում: Ի դեպ, Այնճարը Մուսալեռցիների բնակավայրն է, այն ինքնատիպ մի վայր է, որտեղ բնակչության գրեթե 100 տոկոսը հայեր են, եւ բավականին լավ ընդունելության են արժանացել արցախցի երիտասարդների եւ պատանիների համերգները: Երկու աշակերտական համերգ է կայացել նաեւ <<Տեր Մելքոնյան>> թատերասրահում: Աշակերտների համար կայացած համերգների հանդիսատեսը եղել է Բեյրութի տարբեր հայկական դպրոցներից: Երկու աշակերտական համերգներ կայացել  են Համազգայինի ճեմարանում եւ Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում: Այդ համերգներին, թեկուզ եւ հանդիսատեսը աշակերտներ էին, բայց բավականին մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում արցախցի կատարողներին: Մենք հաճելիորեն զարմացանք, քանզի այդ աշակերտների մոտ 80 տոկոսը հաճախում է մշակութային տարբեր խմբակներ, ինչն իսկապես ուրախալի էր, քանի որ այդպիսի պայմաններում ոչ միայն պահում են իրենց լեզուն եւ կրոնը, այլ նաեւ պահպանում են իրենց մշակույթը, ինչը շատ կարեւոր է:

Իսկ մարտի 14-ին՝ գալա համերգի ժամանակ, ներկա էին Լիբանանի մտավորականության ներկայացուցիչներ եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը: Ի դեպ, Լիբանանում հավանեցին նաեւ մեր նկարիչների աշխատանքները, որոնք բազմաժանր էին:

 

Լիբանան կատարած այցի ժամանակ հանդիպում եք ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:  Ինչպե՞ս է անցել ընդունելությունը եւ ի՞նչ կպատմեք այդ հանդիպումից:

 

-Մենք հանդիպում ունեցանք Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսի հետ: Արցախցի տաղանդաշատ երեխաները փոքրիկ համերգ ունեցան հենց վեհարանում: Վեհափառը հանդիպման ժամանակ կարեւորեց նման այցելությունները եւ բարձր գնահատելով արցախցի պատանիների շնորհաշատ տաղանդը՝ առանձնահատուկ շեշտեց Արցախին կապված լինելու հրամայականի կարեւորության մասին: Նաեւ նշեց, որ Արցախի հզորացումն ու ծաղկումը համահայկական առաջնահերթություն է հանդիսանում, եւ՝ որ  յուրաքանչյուր հայ պարտավոր է իր մասնակցությունը բերել այդ նվիրական գործին:

 

Լիբանանում նմանատիպ միջոցառում երբեւէ անցկացվե՞լ է:

 

-2011 թվականին <<Արցախ ֆոնտի>> նախաձեռնությամբ նմանատիպ միջոցառում անցկացվել է Լիբանանում: Եվ սա հերթական նախաձեռնությունն էր, որն էլ ընդունվեց եւ աջակցություն ստացավ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Լիբանանահայության եւ Արցախի մշակութային կապերի հիմքը դրվել նաեւ է Զաքար Քեշիշյանի շնորհիվ, ով Շուշիում ստեղծեց Վարանդա երգչախումբը, որից կարճ ժամանակ անց Բեյրութում ստեղծեց Կարկաչ երգչախումբը: Համագործակցության արդյունքում՝ Վարանդան այցելել է Բեյրութ, իսկ Կարկաչը՝ Արցախ: Այս մշակութային կապերը նոր չեն, եւ շարունակական բնույթ ունեն, քանզի եւ Վարանդա-Կարկաչ երգչախմբերի եւ <<Արցախ Ֆոնտի>> ու ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջեւ  հաստատված կապերի շնորհիվ, ամենայն հավանականությամբ, այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

 

-Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Լիբանանից:

 

-Լիբանանահայությունը հիացած էր մեր երիտասարդ տաղանդների կատարումներով: Մենք Լիբանանից վերադարձել ենք չափազանց տպավորված: Լիբանանահայ գաղութը բավականին ամուր, միասնական գաղութ է, եւ լիբանանահայ գաղութն ապրում է Արցախով: Եւ անկախ այն բանից՝ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են, թե հայ կաթոլիկ են կամ հայ ավետարանչական եկեղեցու հետեւորդ, նրանց բոլորին միավորել է մի կարեւոր գաղափար, դա Արցախի վերակառուցումն է, Արցախին տարբեր  ծրագրերով օգնելը:

 

Լիբանան կատարած այցի ընթացքում եղել են արդյո՞ք հանդիպումներ, որոնք կցանկանայիք առանձնացնել:

 

-Հանդիպում է տեղի ունեցել Համազգայինի Կենտրոնական վարչության հետ, ինչպես նաեւ այցելություններ են եղել Համազգայինի մշակութային կենտրոններ, մասնավորապես՝ Լեւոն Շանթի կենտրոն:

Հանդիպում է եղել ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի հետ: 

<<Ազդակ>> թերթի նախաձեռնությամբ <<Փյունիկ>> սրահում հանդիպում է կայացել Լիբանանի մտավորականության հետ: Եւ մեր հիմնական թեման Արցախյան մշակութային կյանքն է եղել: Հանդիպում է կայացել նաեւ Հայկազյան համալսարանում, որտեղ դասախոսություն եմ կարդացել ուսանողների համար Արցախյան թեմայով: Ի դեպ, Լիբանանում հայկական այն եզակի գաղութն է, որտեղ առկա են կրթական բոլոր փուլերը՝ սկսած նախակրթարանից մինչեւ համալսարանական կրթություն, եւ հենց Լիբանանում է գործում Հայկազյան համալսարանը, որտեղ կրթություն են ստանում ոչ միայն հայ երիտասարդներ, այլ նաեւ քրիստոնյա եւ մահմեդական արաբներ:

 

Հարցազրույցը` Անի ԱԶԱՏՅԱՆ

1