Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է. Հրանտ Մարգարյան

Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է. Հրանտ Մարգարյան

Հարցազրույց ՀՅԴ  Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

 

Արցախում առաջին անգամ էր, որ գումարվեց ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողով: Արդյոք դա պատահականություն էր:

 

— Բնականաբար, դա պատահականություն չէ: Դա քաղաքական որոշման արդյունք է: Ես մի առիթով օրերս ասել եմ, որ մենք Արցախ չենք այցելել, մենք ապրում ենք Արցախով: Ժամանակին մենք եղել ենք Արցախյան ազատամարտի առաջին գծում, զենքը ձեռքներիս ենք պաշտպանել այս երկիրը եւ ապահովել նրա ազատությունը: Այսօր կյանքը մեզ ստիպել է, որ տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային բեմերի վրա Ղարաբաղի համար մարտը շարունակենք: Այդ մարտը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ՝ առաջին գծում զենքը ձեռքիդ կռվելուց մինչեւ  ամբողջ կյանքիդ ընթացքում մաքառելով եւ աշխատելով: Աշխատանք դիվանագիտական մարզում, աշխատանք քաղաքական մարզում, աշխատանք տնտեսական մարզում, բայց նույն նպատակի համար` Արցախի համար: Այդ առումով՝ մենք խորթ չենք Արցախին, մենք նոր չենք այստեղ: Մեր կազմակերպությունը ներկայություն ունի  Արցախում, մեր շարունակությունն է Արցախում, որովհետեւ Արցախում ունենք կառույց եւ գուցե այդ առումով մենք զանազանվում ենք բոլոր մյուս հայկական կազմակերպություններից: Միայն մենք ենք, իբրեւ համահայկական կուսակցություն, որ Արցախում ներկայություն ունենք: Միայն մենք ենք, իբրեւ Հայաստանի Հանրապետության մեջ աշխատող կուսակցություն, որ նաեւ աշխատում ենք այստեղ, իսկ սա բավական բան է ասում: Սակայն չպետք է մոռանանք, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեր կազմակերպությունը, Արցախից դուրս աշխատող բոլոր կառույցները Արցախը համարել են իրենց գերխնդիրը: Այդ առումով՝ Արցախը դարձել է մեր ամբողջական կուսակցության գերխնդիրը, եւ դրա համար մենք մեր հնարավորությունների եւ կարելիությունների առյուծի բաժինը տրամադրել ենք Արցախին: Այսօր ավելի ու ավելի ենք համոզվում, որ այդ գործելաոճը արդարացված է, որովհետեւ պայքարը չի ավարտվել: Մենք համոզված ենք, որ մինչեւ վերջնական արդյունք մենք պետք է լինենք պատրաստ, պետք է լինենք ամուր, վճռական, որպեսզի գրանցենք մեր ցանկալի արդյունքը եւ առաջ անցնենք: Իսկ վերջնական արդյունքը Արցախի միացումն է Հայաստանին:

 

—  Դաշնակցության օրակարգում Արցախի հետ կապված ինչ հարցեր գոյություն ունեն:

 

_ Նախ եւ առաջ՝ գոյություն ունի Արցախի դե ֆակտո անկախության փաստն արձանագրելու խնդիր: Այդ առումով՝ երեւի թե դե ֆակտո անկախությունն ավելի կարեւոր է, քան իրավաբանորեն ինչ-որ ձեւակերպումները, սակայն այնուամենայնիվ դա եւս գոյություն ունեցող խնդիր է: Այսօրվա դրությամբ միջազգային քաղաքական կյանքը լարված է ու ալեկոծված: Ստեղծվում է նոր աշխարհակարգ, լարվում եւ կարծրանում են Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունը եւ մենք՝ իբրեւ հայ ժողովուրդ, հայտնվել ենք ինչ-որ ճակատում: Սակայն մենք իրավունք չունենք թույլ տալ, որ Արցախի հարցը Ռուսաստան-Արեւմուտք լարվածության ստվերի մեջ հայտնվի: Մենք նաեւ չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետություն-Արեւմուտք հարաբերության մեջ սպասվող լարվածությունը  ստվերի տակ թողնի Արցախը: Հայաստանի ներքաղաքական կյանքը եւս հանդարտ չէ եւ առկա իրավիճակը հղի է նորանոր անակնկալներով: Այստեղ եւս իշխանություն-ընդդիմություն պայքարի մեջ պետք է զգուշանանք, որ Ղարաբաղի հարցը չմնա այդ հարաբերությունների ստվերի մեջ: Կարեւորն այն է, որ ինչպես մեզ համար, հայ ժողովրդի քաղաքական այլ ուժերի համար եւս Արցախը մնա հստակ, պայծառ, առանձին եւ մեծ կարեւորությամբ խնդիր: Մենք  պետք է կարողանանք Արցախի հարցը՝ որպես հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի արդար հարց, ներկայացնել աշխարհին, որտեղ պետք է ցույց տանք մեր վճռականությունը եւ միասնականությունը՝ Արցախին եւ Արցախի հարցին սատարելու առումով: Ես համոզված եմ, որ սա շատ կարեւոր հանգամանք է:  Մենք չպետք է թույլ տանք, որ  որեւէ երեւույթ իր ստվերը գցի Արցախի հարցի վրա: Եւ այդ հարցի հիմնական երաշխավորը մենք ենք, մենք` իբրեւ հայ ժողովուրդ: Ես մեր կուսակցությանը համարում եմ այդ հարցի երաշխավորը: Ես կուզեի, որ բոլորը մեզ հետ միասին ճիգ թափեն, որ ներքին խնդիրները պատճառ չդառնան, որպեսզի  Ղարաբաղի հարցի հետապնդումը վիրավորվի: Միայն այդպիսով կկարողանանք համայն աշխարհին ապացուցել, որ  Արցախը  ամբողջությամբ  վայելում է  հայ ժողովրդի համակրանքը եւ ապացուցենք, որ Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է: Այս վճռականությունը եւ միասնականությունը գլխավոր նախապայմանն է, որպեսզի կարողանանք հաղթահարել միջազգային քաղաքական ալեկոծված այս փուլը: Աստված մի արասցե՝ որեւէ կորուստ ունենանք:

 

Ժողովին ներկա էին նաեւ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատուներ ու աշխատակիցներ: Առաջիկայում շարունակվելո՞ւ են արդյոք ակտիվ աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:

 

— Բնականաբար, այդ աշխատանքները շարունակվելու են, եւ այդ աշխատանքների արդյունքում  ակնկալվում են նորանոր նվաճումներ:  Ես դրանում չեմ կասկածում: Դա մեր պայքարի մի մասն է եւ  մեր էության անբաժան մասը: Արդեն կան հաջողություններ, եւ ես վստահ եմ, որ նորանոր հաջողություններ են լինելու: Մեզ այդ հարցում չպետք է մտահոգի շուտափույթ արդյունքներ ունենալու խնդիրը: Մեզ պետք է ոգեւորի, պետք է ամրացնի այն փաստը, որ արդեն անկախ Արցախը երկու տասնամյակ բոլորած պետություն է: Սա շատ ավելի մեծ արժեք ունի: Արցախի դե յուրե ճանաչումը պետք է գա համալրելու եւ ամբողջացնելու ձեռք բերված նվաճումները:

 

Վերջերս փորձեր արվեց նմանություններ գտնել Ղրիմի եւ Արցախի ինքնորոշման իրավունքների միջեւ: Ձեր տեսակետն այդ հարցի շուրջ ինչպիսին է:

 

-Պատմական երեւույթները կարող են ինչ-որ տեղ իրար նմանվել եւ ինչ-որ տեղ ունենալ ընդհանուր գծեր, բայց ամեն մի հարց ունի իր յուրահատկությունները: Եթե ասեմ, որ Արցախի հարցն ունի իր յուրահատկությունը, դա չի նշանակում, որ ուզում եմ հակադրվել Ղրիմի ինքնորոշման ճիգ ու ջանքին: Եւ եթե ասեմ, որ ունի նմանություններ, դա չի նշանակի, որ ուզում եմ ինչ-որ բան ընդհանրացնել: Արցախի հարցը իր պատմական հոլովույթով, իր ընթացքով յուրահատուկ հարց է, եւ մենք չենք շահի, որ Արցախի հարցը որեւէ հարցի հետ նմանեցնենք: Բայց մի բան գոյություն ունի, որ ժողովուրդների ինքնորոշման խնդիրը սկսվել է գնահատվել բոլորի կողմից: Հենց դա է այն կարեւոր զուգակցումը, որից պետք է կարողանանք հնարավորինս լավագույն արդյունքներ քաղել:

 

— 2015 թվականին նշելու ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այսօր Դաշնակցությունը Հայոց ցեղասպանության հարցում ինչ ծրագրեր է առաջնային համարում:

 

-Ցեղասպանության 100-ամյակը ուղղակի առիթ է, որ մենք կարողանանք մեր պայքարի մեջ մի նոր հանգրվան սկսել: Ես այդ հանգրվանը կանվանեի պահանջատիրական հանգրվան: Մեզ համար 100-ամյակի ոգեկոչումը առավելաբար քաղաքական կարեւորություն ունի: 100-ամյակի ոգեկոչումը ինչ-որ  պատմական թվականի նշում չէ, ծիսակատարություն չէ: Մենք համոզված ենք, որ 100-անյակը առիթ է, որը մենք պետք է օգտագործենք քաղաքականորեն նոր նվաճում արձանագրելու համար: Համոզված եմ, որ այս նպատակն իրականացնելու համար արդեն իսկ առկա են նախապայմաններ: Առաջին քայլն արդեն իսկ արձանագրվեց, երբ մեր զույգ կաթողիկոսները, մեր կրոնական, եկեղեցական ժառանգությանը տեր կանգնեցին եւ, այսպիսով,  հայ ժողովուրդը փաստորեն անցում կատարեց դեպի նոր հանգրվան: Ես հենց դրանով եմ կարեւորում 100-ամյակը՝ համարելով այն պայքարի որակի եւ ուղղվածության առումով անկյունադարձային: 

 

Հարցազրույցը՝ Անի ԱԶԱՏՅԱՆԻ

 

1