Արցախը վերամիավորվելու է միմիայն Հայաստանի Հանրապետությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Արցախը վերամիավորվելու է միմիայն Հայաստանի Հանրապետությանը

Արցախը վերամիավորվելու է միմիայն Հայաստանի Հանրապետությանը

Ուկրաինական ճգնաժամը եւ հատկապես Ղրիմի շուրջ ձեւավորված միջազգային հանրության ուշադրությունը եւ ռուս-ուկրաինական հարաբերությունների նուրբ եւ լարված ընթացքն իրենց  ստվերներն են  գցում նաեւ մեզ ՝ հայերիս վրա: Մեր <<նուրբ>> զգայարանները  հատկապես գրգռեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, իրեն հայ ժողովրդի բարեկամ համարող Վ.Ժիրինովսկու մտքի թռիչքը՝ լրագրողին հարցին ի պատասխան նշելով, որ <<…Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: Այդ պատճառով, լավագույն լուծումը՝  այն Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, ինչի շնորհիվ հայերը  չեն նեղսրտի, ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն համակերպվել>>:

 

Նրա խոսքերով` ԽՍՀՄ կազմի մեջ նախկինում ընդգրկված բոլոր տարածքներն էլ ցանկության դեպքում կարող են Ռուսաստանի մաս կազմել. «…Բոլորդ էլ կարող եք վերադառնալ Ռուսաստան և բոլորի համար էլ լավ կլինի: Խոստանում ենք դեմոկրատիա, անվտանգություն,  բարեկեցություն: Մենք  բոլորս 300, 400, 500 տարի ապրել ենք միասին>>:

 

Իհարկե, ծանոթ լինելով ռուս քաղաքական գործչի անհատականության հետ, կարող ենք ենթադրել, որ այն կարող է լինել նաեւ իր անձնական տեսակետն ու հայտարարությունը: Սակայն, չի բացառվում, որ այն լինի նաեւ ռուսական կողմի հերթական  <<փորձարկումը>>  հայ ժողովրդի եւ հայկական քաղաքական ղեկավարության շրջանակներում:

 

Իհարկե, պետք է ընդգծել, որ հայ ազգաբնակչության ստվար հատվածը պարզապես լուրջ եւ ադեկվատ չի ընդունում ոչ պարոն Ժիրինովսկու կերպարը, ոչ էլ, առավել եւս, նրա ելույթները, չնայած մեր ականջներին հաճելի է եւ միանգամայն ողջունելի, երբ նույն ինքը՝ պարոն Ժիրինովսկին բազմիցս հրակարակավ խոսել է Բիբլիական Արարատն ու Արեւմտյան  Հայաստանը Հայաստանի Հանրապետության կազմ միացնելու եւ հայ ժողովրդի՝ միասնական Հայաստանում ապրելու մասին: Այս համադրությունների ֆոնին՝ կարող ենք ենթադրել, որ ռուս պատգամավորի հայտարարությունը միգուցե պատվիրված էր:

 

 

Ամեն դեպքում, մենք ասելիք ունենք պարոն Ժիրինովսկուն. եթե դա իր անձնական տեսակետն է եւ համոզմունքը, ապա միգուցե իր համար ուշացած, բայց եւ անհարժեշտ ենք համարում նշել, որ ողջունում ենք իր՝ հարգարժան Ժիրինովսկու՝ Միացյալ Հայաստանի կերտման իր համոզմունքն ու ձգտումները՝ պարտադիր շեշտելով, որ Արցախը չի կարող անմասն մնալ մեր երազած Միացյալ Հայաստանից, որ արցախցու  համար Հայաստանը նույնքան հայրենիք է, որքան օտարության մեջ գտնվող մշեցու, վանեցու համար:

 

Իսկ եթե մտածենք, որ՝ այնուամենայնիվ պարոն Ժիրինովսկու շուրթերով հնչել է ռուսական պաշտոնական վարկած, ապա պետք է շեշտել եւ մեկ անգամ եւս հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը հայ ժողովրդի հայրենիքն է եւ հպարտությունը, մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը, եւ եթե երբեւէ Արցախը ցանկություն հայտնի մտնի որեւէ պետության կազմի մեջ, դա անշուշտ լինելու է Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ դեպքում է, որ արցախցիներն, իրոք, չեն նեղսրտվի:

 

 

<<Ապառաժ>>-ի խմբագրական

 

 

1