Արցախը աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Արցախը աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում

Արցախը աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբյուսի հետ: Հանդիպման արդյունքների մասին ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է նաև Արցախի հիմնախնդիրը: Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը: 

 

Չնայած այս ձևակերպումներն առաջին հայացքից թվում են ոչ այդքան կարևոր, ու կարծես թե Արցախի հիմնախնդրի շուրջ հնչած հերթական հռչակագրային բնույթ ունեցող ձևակերպում են, սակայն այստեղ հատկապես պետք է առանձնացնել            << համանախագահ երկրների միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը>> ձևակերպմանը: Վերջին շրջաններում շատ քաղաքական վերլուծաբաններ սկսել են խոսել Արցախի հիմնախնդրի կարգավորման մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տարաբաժանման մասին, մի կողմից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, և դա կարծես թե  առավել ընդգծվում է ուկրաինական հակամարտության ֆոնին: Հատկանշական է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպել են Մոսկվայում, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ Փարիզում: Այդ ամենն առավել ցայտուն կերպով է դրսևորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումներում: Իր վերջին գրառումներում նա նշում է, որ մի շարք հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: <<Մոսկվայում խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ արժեքավոր են: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան միասին կաշխատեն, որպեսզի աջակցեն խաղաղությանն ուղղված ջանքերին>>: Թե ինչ խորհրդակցությունների մասին է խոսքը՝ հանրությանը ծանոթ չէ, սակայն և՛ Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, և՛ Ուորլիքի գրառման մեջ ընդգծվում է համատեղ ջանքերի մասին, որը պետք է ուղղված լինի խաղաղությանը: Եվ այստեղ հարց է ծագում՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ուկրաինական ճգնաժամի ֆոնին Արցախում պատերազմի հրահրման վտանգ են տեսնում: Հատկապես վերջին հարցադրումը հիմնավորում է նույն Ջեյմս Ուորլիքի մեկ այլ գրառում, որտեղ նա մտահոգություն է հայտնում, որ Ուկրաինական իրադարձությունները կարող են ազդել Արցախում իրավիճակի սրման վրա: <<Ես լսել եմ մտահոգություններ՝ որ այն ժամանակ, երբ ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայի վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունները կարող են ավելի սրվել>>:

 

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Արևմուտքը կարծես թե մտահոգություն ունի Ուկրաինական զարգացումնների ֆոնին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման համար: Արևմուտքին ձեռնտու չէ նոր լարվածություն հետխորհրդային տարածքում, մանավանդ այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, որն անմիջապես սահմանակից է Իրանին, իսկ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն անմիջապես կանդրադառնա նաև Արևմուտք-Իրան՝ առանց այդ էլ լարված բանակցություններին:

 

Արմուտքը փորձում է հարաբերությունները կարգավորել Իրանի հետ, ինչն ուղիղ հարված կլինի Ռուսաստանի շահերին, քանի որ Իրանի հետ լավ հարաբերությունններ ունենալու դեպքում՝ պարզ է, որ իրանական նավթն ու գազը կհոսեն դեպի Եվրոպա, ինչը նախ տնտեսական մեծ հարված կլինի Ռուսաստանի համար, որի տնտեսությունը հիմնականում կախված է բնական պաշարների արտահանումից, ինչպես նաև Եվրոպային դուրս կբերի Ռուսաստանից գազային կախվածությունից և Ռուսաստանը կկորցնի իր քաղաքական լծակները Եվրոպայի վրա: Արևմուտք-Իրան մերձեցումը դուր չի գալիս նաև Թուրքիային, քանի որ այդ դեպքում Իրանը կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում և ատիճանաբար դուրս կմղի Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին.  այդ մերձեցումը նաև փորձում է կանխել Իսրայելը՝ հայտնի պատճառներով:

 

Այսպիսով՝  կարելի է ասել, որ Արցախի հիմնահարցի կարգավորման հետագա զարգացումները կամա թե ակամա ընգրկվելու են տարածաշրջանային գլոբալ զարգացումնների մեջ, և ներկայումս հայկական դիվանագիտությունն, առավել քան երբեք, պետք է զգուշավոր և խելացի գործի: Իսկ այն, որ Հարավային Կովկասը և մասնավորապես Արցախը դարձել է գերտերությունների գլոբալ շահերի բախման կենտրոն, առավել քան իրատեսական է: Դրանում համոզվելու համար բավական է մի քանի ուշագրավ փաստեր դիտարկել: Փետրվարի 1-ին Մյունխենի անվտանգության համաժողովում  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «Աշխարհում չկա մի տեղ, որտեղից ԱՄՆ-ը նահանջում է։ Մենք ակտիվ, խորապես ու հետեւողականորեն աշխատում ենք բոլոր տեղերում, եւ մեր նպատակը իրական փոփոխության հասնել է։ Կիպրոսում մենք աննկատ ենք աշխատում։ Դուք դրա մասին չեք լսում։ Աշխատում ենք նաեւ Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում»: Կարծում եմ՝ Քերիի խոսքերն այստեղ ուղղակի պետք է դիտարկել, այսինքն՝ Միացյալ Նահանգները չի պատրաստվում նահանջել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իր ունեցած դիրքերից, ինչքան էլ որ Ռուսաստանը ցանկանա մենաշնորհ հաստատել այդ հարցում: Իսկ վերջերս Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր, հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժերենովսկին <<Նորությունների ռուսական ծառայություն>> ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանելով ռադիոլսողի հարցին՝ այն մասին, որ հնարավոր է արդյոք, որ Ղրիմի օրինակով Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը միացվեն Ռուսաստանին, մասնավորապես ասել է. <<Լեռնային Ղարաբաղի հարցով  երբեք պայմանավորվածության չեն գա, դրա համար լավագույն տարբերակը այն (Լեռնային Ղարաբաղը) նույնպես մտցնել Ռուսաստանի կազմի մեջ. այդ ժամանակ և հայերը չեն նեղանա, և  ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել, քանի որ այն Հայաստանին չի մնալու, այլ մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ>>: Ի դեպ, հարցը հնչեցնողն ասել է, որ իբր Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի ժամանակ բոլորն արտահայտվել են ՌԽՍՖՍՀ-ի (Ռուսաստանի) կազմի մեջ մտնելու օգտին: Այս մասին հայկական մամուլը, չգիտես ինչու, չի նշում, մինչդեռ՝ հենց դա է ապացուցում, որ այդ հարցը հատուկ ծրագրված էր և ուղղված հենց Արցախին: Նման սցենարի մասին վաղուց էր խոսվում ռուսաստանյան որոշ վերլուծաբանների կողմից:

 

Սակայն պետք է նշել, որ ներկա դրությամբ հնարավոր է, որ Ռուսաստանին նույնպես ձեռնտու չէ Արցախում իրավիճակի լարումը, քանի որ՝ ևս մեկ լարված կետ իր սահմանների մոտ՝ կաղճատեն ուկրաինական ֆրոնտում ռուսական ռազմաքաղաքական ուժերը, սակայն նաև հնարավոր է հակառակ սցենարը՝ փորձել Արևմուտքի ուշադրությունը շեղել:

 

Այս ամենի համատեքստում պետք է դիտարկել նաև Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցը Հայաստան, որի մասին հայտարարվեց Նալբանդյան-Ֆաբյուս փարիզյան հանդիպման ժամանակ, ինչպես նաև՝ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ այս տարի Հայաստան պետք է ժամանի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

Ինչ էլ որ լինի, մենք՝ հայերս, պետք է միայն ու միայն մեր հույսը դնենք սեփական ուժի վրա ու երբեք օտարների վրա դրված հույսով չապրենք, քանզի թերթելով պատմության եջերը, տեսնում ենք, որ այն ժամանակ, երբ մեր հույսը դրել ենք սեփական ուժի ու կարողությունների վրա, ունեցել ենք ձեռքբերումներ, իսկ երբ հույս ենք դրել օտարի օգնության վրա, ունեցել ենք միայն ու միայն կորուստներ:

 

 Վահե Հարությունյան

1