Մեր երկու երկրների միջեւ խնդիրներ ստեղծելը ողջունելի չէ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեր երկու երկրների միջեւ խնդիրներ ստեղծելը ողջունելի չէ

Մեր երկու երկրների միջեւ խնդիրներ ստեղծելը ողջունելի չէ

Օրերս նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մեղմ ասած, հաթաթա տվեց Արցախի իշխանություններին՝ հայտարարելով. «Պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու, եւ իրենք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով, թող… Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, ա՛յ, քեզ բան…»:

Ի՞նչ են մտածում այս մասին Արցախի պաշտոնյաները, փորձեցինք հետաքրքրվել Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանից, ով այսպես ասաց.

-Արցախի եւ Հայաստանի հանրապետությունները եղբայրական պետություններ են, մի ժողովուրդ են, ի վերջո, ներկայացնում այս երկու պետությունները: Այդ իսկ պատճառով զգայուն թեմաների նկատմամբ պետք է բավականին զգույշ լինել, որովհետեւ նման թեմաների շահարկումը երկու երկրների եւ ընդհանրապես հայության շահերից չի բխում: Բնականաբար, մենք մի բան պետք է մշտապես հաշվի առնենք եւ հիշենք, որ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը մեր միասնակության շնորհիվ էր: Բայց այսօր, ցավոք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր փորձ են անում ինչ-որ լարվածություն, խնդիրներ առաջացնել երկու երկրների միջեւ` ինչն առհասարակ ողջունելի չէ: Եվ կարծում եմ, որ պետք է հնարավորինս հեռու մնալ ներքաղաքական որոշակի զարգացումներին միջամտելու փորձից. դա վերաբերում է թե՛ ՀՀ-ին՝ Արցախի նկատմամբ, եւ հակառակը` Արցախի կողմից` ՀՀ-ի նկատմամբ: Սա է իմ մոտեցումը: Բայց առավել մտահոգիչ են մեզ համար վերջին զարգացումները, ոտնձգությունները եկեղեցու, հայ ավանդական ընտանիքի նկատմամբ, որին մենք ականատես ենք լինում: Իսկ ազգային արժեքների ոտնահարումը մեզ բոլորիս որեւէ լավ տեղ չի հասցնի, պետք է հեռու մնանք նման բաներից:

– Բայց սա առաջին դեպքն է, երբ ՀՀ իշխանությունները նման կոշտ ձեւով են արտահայտվում Արցախի վերաբերյալ: Սա Ձեզ չի՞ մտահոգում:

– Իրավացի եք: Բնականաբար, ընդունելի չէ նման միտինգային ձեւով հարցերի քննարկումներ անելը: Եթե անգամ կան խնդիրներ, մենք այդ խնդիրները կարող ենք փակ ռեժիմով քննարկել եւ լուծումներ ապահովել: Ի վերջո, քաղաքական գործընթացների մեջ ամեն բան չէ, որ նպատակահարմար է հանրությանը ներկայացնել: Իսկ այսօր արդեն իսկ այ նմանատիպ քննարկումների շնորհիվ բանը հասել է նրան, որ կրկին սկսել են տարանջատել, շահարկել ղարաբաղցի-հայաստանցի տերմինը: Ինչի համար մենք տարիներ շարունակ մեծ աշխատանք էինք տարել, որպեսզի նման եզրույթները վերանան մեր հասարակության լեքսիկոնից: ՀՀ քաղաքացին իրեն տեր էր զգում Արցախի նկատմամբ եւ, սահմանները պահելով, գիտակցում էր, որ պահում է նաեւ Երեւանի, Սյունիքի անվտանգությունը: Այսինքն, այդ գիտակցումը վերջին տարիներին ընդունելի էր, բայց այսօր, ցավոք, հայտնվել են ուժեր, որոնք փորձում են կրկին տարանջատում մտցնել ղարաբաղցու-հայաստանցու միջեւ, ինչը, կրկնում եմ, հղի է լուրջ վտանգներով եւ որեւէ լավ բանի չի բերի մեր ժողովրդին: Մենք շրջափակված ենք թշնամիներով եւ յուրաքանչյուր հարցի մասին խոսելիս` պետք է հաշվի առնենք, որ մեզ ուշի-ուշով հետեւում են թշնամական երկրները:

– Իսկ այսօր կա՞ն Արցախի եւ ՀՀ-ի միջեւ խնդիրներ, որոնք թեկուզ փակ ռեժիմով քննարկելու հարցեր են:

– Ես կարծում եմ խորքային խնդիրներ, որքանով որ ես եմ տեղյակ, չկան: Բայց եթե մի կողմի մոտ կան ինչ-որ հարցեր, ապա պետք է քննարկել:

– Պարոն Բալայան, տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ կարծիքներ են հնչեցնում «հողեր հանձնելու» մասին: Եվ վերջին լարվածություններն էլ նկատվեցին հենց այդ ֆոնին:

– Գիտեք, ամեն դեպքում ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ իշխանությունները նպատակադրված են նման քայլերի գնալու: Բոլոր դեպքերում, հետագա զարգացումները, ինչպես ասում են, կյանքը ցույց կտա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

iravunk.com

1