Դաշնակցության համար Արցախի հարցը ազգային գերխնդիր է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցության համար Արցախի հարցը ազգային գերխնդիր է

Դաշնակցության համար Արցախի հարցը ազգային գերխնդիր է

Դեկտեմբերի 5-ին Հ1 հեռուստաընկերության եթերում կայացավ հեռուստաբանավեճ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների առաջին համարները ներկայացնող թեկնածուների միջև: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իրապես նոր փոփոխությունների համար դուռ բացեց: Սակայն շարժման արդյունքը բերեց մարդափոխության` պարզապես Սերժ Սարգսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանը:

Եվ, Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե շարժման արդյունքը մնա այն, ինչը հիմա կա, ապա դա շատ մեծ հիասթափության է բերելու: Մինչդեռ իրական հեղափոխությունը պետք է շարունակվի, դառնա լիարժեք: Դրա համար հեղափոխությունը պետք է ունենա հստակ բովանդակություն, դա ազգային, սոցիալիստական գաղափարներից բխող մոտեցումներն են, ազգային խնդիրները, Արցախի խնդիրը պետք է լուծվի` չզիջելով մեր սկզբունքային մոտեցումները, սոցիալական խնդիրները այնպես պետք է լուծվեն, որ ոչ մի աղքատ մարդ չլինի:

Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պայքարելու կոռուպցիայի դեմ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հեծանիվ չպետք է հորինել, և եթե իրապես ուզում են իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, ապա դա չպետք է արվի կառավարության կողմից:

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է արվի ինստիտուցիոնալ և անկախ մարմնի կողմից: Երբ դա արվում է կառավարության կողմից, պարզվում է, որ կոռուպցիա չկա, կոռուպցիան վերացել է, և պայքարն էլ տարվում է ոչ թե ներկաների, այլ` նախկինների դեմ: Ուստի կառավարության մակարդակը պետք է գնահատեն անկախ մարմինը, ընդդիմությունը և քաղհասարակությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա պետք է կյանքի կոչել Սահմանադրությամբ հռչակված սոցիալական շուկայական տնտեսությունը: Այսինքն պետությունը պետք է էական դեր ունենա տնտեսության կարգավորման զարգացման գործում, ինչպես նաև ազգային արդյունքը վերաբաշխելու հարցում:

«Այսօր մենք շրջափակված երկիր ենք , ուստի ամեն ինչ պետք է անենք, որ տնտեսությունը ունենա հստակ ուղղություն` ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա հենված, ինքնաբավության և ինքնարժեքը նվազեցնելու վրա հենված տնտեսական կարգն է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին,թե ինչ մոտեցում ունի Դաշնակցությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում, Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը համարում է ազգային գերխնդիր:

«Արցախի հարցը մեր համար սրբության սրբոցն է: Մենք Արցախի խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը: Սահմանադրության 175 հոդվածը ասում է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»: Ասել է, թե ստատուս քվոն չի կարող փոխվել, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը, նրա անկախությունը, չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը: Ի գիտություն ասեմ, որ խոսքը գնում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին, այլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որը ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջանն է: Այսօր մենք ունենք Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող մոտ 701 քառակուսի կիլոմետր տարածք , որը գրավյալ տարածք է Ադրբեջանի կողմից: Տարածքային ամբողջականության վերականգնման մասին որ խոսում է Արցախի ժողովուրդը, դրա մասին է խոսում: Ուստի բանակցություններում պետք է առաջնորդվել դրանով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

1