Կոմիտաս Հակոբյան. հայտնության սկիզբը կամ բանաստեղծության ինքնազոհաբերության խնդիրը   
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կոմիտաս Հակոբյան. հայտնության սկիզբը կամ բանաստեղծության ինքնազոհաբերության խնդիրը   

Կոմիտաս Հակոբյան. հայտնության սկիզբը կամ բանաստեղծության ինքնազոհաբերության խնդիրը   

Կոմիտաս Արսենի Հակոբյան: Ծնվել է 1972թ. Արցախի Քերթ գյուղում, մտավորականի ընտանիքում: Ընտանիքի յոթ երեխաներից վեցերորդն է: 1989 թ. ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետ: 1993-ին հրատարակել է «Գոյության պատրանք» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: Զոհվել է 1994-ի մայիսի 5-ին՝ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի ազատագրման ժամանակ:

 

Կոմիտաս Հակոբյանը բանաստեղծ էր աշխարհզգացողությամբ, ձիրքով ու վարքով: Նրա կյանքն ընդհատվեց քսանմեկ տարեկանում, պատերազմող զինվորի համազգեստի մեջ, հայրենյաց պաշտպանի խրամատում: Մի ամիս հետո պիտի բոլորեր կյանքի քսաներկու տարին, ընդամենը օրեր էին բաժանում իր և սիրելիի նախասահմանված-չկայանալիք հարսանիքից: Իր կյանքի հետ անավարտ մնացին և՛ սիրո հարսանիքի, և՛ գրական գալիք հանդեսների բերկրանքները: Գիտակցական իր կարճատև կյանքը Կոմիտաս Հակոբյանն ապրեց աշխարհին հրաժեշտ տվողի խոհականությամբ: Իմաստասիրաբար հաշտ էր մահվան հետ: Գիտեր, որ մահը հավերժական կյանքի շրջապտույտն է, իրեն որոնում էր մահվան ու կյանքի հանգրվաններում. «Մի օր կծրարես // Իմ վարքը // Որպես հիշողություն… // Ես չեմ լինի…»:

Ստեղծագործեց ընդամենը երկու-երեք տարի: Գիրն օժտված էր, տարողունակ, անսովոր: Արդեն ուրվագծում էր գեղարվեստի իր տեսակը, խոհազգայական–պատկերային իր համակարգը: Բանաստեղծի հայտնությունը, սակայն, զուգադիպեց իր ժողովրդի վերազարթոնքին, բանաստեղծ- զինվորն էր  այդ վերածննդի, անկախության կերտման դժվարագույն  պայքարի: Գրիչն աշխատում էր ակնթարթներով. զենքի ժամանակն էր: Զինվոր էր վարքով, բանաստեղծ՝ ապրումներով: Մտքերը խռիվ էին, հոգսաբեռ` հայրենիքով, մարտնչող ու զոհված ընկերներով, սպասումի ճանապարհներին տագնապող սիրած էակով: Կյանքի ու մահվան խրամատներում ինքնավերագտնումներից շվարած բանաստեղծի միտքը շարակարգում էր այսպիսի տողեր.

                                           Աչքերիս մեջ` անձրև:

                                           Արև` իմ աչքերում:

                                           Շփոթվել է ժամանակը:

                                           Շփոթվել է այնպես, ինչպես

                                           Եղանակը իմ աչքերում:

                                            …Ես կռվում եմ

                                            Ու կըրակում եմ չափածո…

Կոմիտաս Հակոբյանը ժամանակային վիթխարի ընդգրկումների բանաստեղծ է, հեթանոս անհատականություն` ծնունդով, ինքնայրումով, տիեզերազգացողությամբ: Իր գոյության ակունքների հոգևոր որոնումներից իմաստնացած՝  բանաստեղծը մտահանգում-հայտարարում է, որ ինքնըստինքյան չի ծնվել. հին աստվածներն են ստեղծագործել իրեն.

                                            Ես չեմ ծնվել:

                                            Աստվածներն են հորինել ինձ,

                                            Իսկ նախաստեղծ իմ օրվանից

                                            Երակներիս ջրհեղեղում

                                            Գալարվում է

                                            Աստվածների վարքն հեթանոս:

Խոհափլիսոփայական էր նաև սիրո պոեզիայում, նոր է խոսքի համակարգը, պատկերավոր` մտորումի եղանակը, կշիռ ունեն բառն ու բանը: Սերը նրա պոեզիայում մերթ մեղմահոս ապրում է, մերթ` տարերային, անափ, անբռնազբոս զգացմունք: Ահա այդ սիրո ինքնարտահայտումներից մեկը: Բանաստեղծի աչքերում անդրադարձվել է աղջկա փշրված հայացքի ցավը: Հիշողությունը տանում է դեպի ոգեղեն տարերքի հին գիշերը, երբ հոգու բռնկումը հասնում է ներգործման այսպիսի ուժի.«Ե՞րբ էր, արդյոք, // Հիշո՞ւմ ես, // Երբ ես գինով, գիշերվա //Երակի մեջ ոսկեղեն // Քո շուրթերի կրակով //Աստվածացա քո գրկում»: Սիրո տեր լինելու հոգեբանական պահը աստվածանալու  զգացողություն է ներշնչում` դառնալով կյանքի բարձրագույն  պարգև: «Քեզ» բանաստեղծության մեջ ամեն ինչ օտարել է աղջկան բանաստեղծի հոգուց: Հիասթափությունը առօրեականացրել է թանկ հիշողությունը, անէացրել սիրո ոգեղեն զգացողության բերկրանքը: Հոգեբանական պահը անդրադարձվում է պատկերակերտման հայտնաբերումներով. ծանոթ փողոցները օտարել են սիրած աղջկա անունը, իսկ «ակվարիումի ձկները»` կերել նրան ընծայված բանաստեղծության ձեռագիրը: Բայց բանաստեղծությունը տրամաբանական անսպասելի ավարտ է ունենում` առանձնանշելով Հակոբյանի արվեստի մեջ հետզհետե իրական դարձող պատկերավոր հակադրությունները: Վերահայտնվում է նախկին բուռն զգացմունքը. «Քեզ հիշելուց արյունս ցավում է, // Այլևս արի»:

Սիրո բանաստեղծական ինքնարտահայտումների մեջ Կ. Հակոբյանի պոետական տարերքը դրսևորվում է լիարժեքորեն: Նրա պոեզիայում աստիճանաբար տիրական է դառնում սիրո տոնը` բանաստեղծությունից բանաստեղծություն պատկերանալով նոր լիցքերով, հոգևոր բռնկման անըստգյուտ պահերով: Նախորդ բանաստեղծություններից եկող սիրո կարոտը, պահի մեջ խտանալով, վերածվում է կարոտացավի` համակելով բանաստեղծի ողջ էությունը. «Կարոտացավից արյունս վարակվել է: Դու շնչում ես իմ մեջ: Բայց դու չկաս հիմա: Ու ես տառապում եմ կա-րո-տա-ցա-վից»: Ինչպես միշտ, այս արձակ բանաստեղծությունում ևս, սիրո տոնի մեջ առկա է գիշերվա խորհրդանիշը: Գիշերը ներդաշնակություն է բերում երազների ճամփորդ բանաստեղծի հոգուն, գիշերի մեջ զգացմունքն ինքնահոս է, ազատ, անկաշկանդ: Պոետական թափառիկ ոգու որոնումների վերջին հանգրվանը երազային աղջկա մաքուր սիրո ափն է:

Մաքուր սերն ու հեթանոս արբշիռությունը Կ. Հակոբյանի սիրո պոեզիայում դառնում են հակադրամիասնություն, զգացական հակադիր փոխներթափանցումները նպաստում են պատկերի տարերային ուժին, խոսքի տպավորության աստիճանին: Բանաստեղծություններից մեկում սիրո հեթանոս հաճույքը դիտվում է որպես կենսաիմաստավորման պայման.

 Ես երբևէ

Արքայություն չեմ երազել,

 Ինձ հերիք է,

 Որ ես դառնամ տիրակալդ:

 Չեմ երազել

 Ես պերճաշուք ոչ մի պալատ,

Հերիք է և

Ունայնության մեջ տառապող

Նեղ սենյակն այս:

Խոսքի զգացմունքային լիցքը ընդգրկման նոր չափանիշներ է ձեռք բերում հակադրությունների պատկերակերտմամբ. «Դու փոթորիկ քո մարմինը // Փռիր իմ այս նեղ սենյակի // Խեղճուկրակ մահճակալին, //Թող փշրված գիշերներս ամբողջանան»:

«Տիրուհի-ին» բանաստեղծության մեջ առկա են կորցրած սիրո ցավն ու ներքին հաշտության, սիրո մոռացության անհանգրվան որոնումները: Սիրո կորուստի հետ իմաստասիրաբար համակերպվող բանաստեղծի միտքը տրամաբանական այսպիսի երանգ է ստանում. «Ես իմ ապրած-չապրած կյանքում //Կորցրել եմ հույսեր, // Եվ դու //Իմ կորած հույսերից մեկն ես…»: Բայց հաշտությունը միայն գիտակցության մեջ է, իսկ ենթագիտակցականում դեռ մխում է հոգետանջ ցավը: Երկատված հոգեվիճակում տեսլանում է ոգեղեն աղջիկը, և վերակրկնվում է սիրո բերկրանքը:

Կ. Հակոբյանի սիրո բանաստեղծություններում պատկերակերտման արվեստով և խոհազգայական հասուն նրբերանգներով առանձնանում է «Աստղերը մրսում էին երկնքում» սկզբնատողով բանաստեղծությունը` պոետական անսովոր խոկանքի մի փոքրիկ հայտնություն.

                                            Աստղերը մրսում էին երկնքում,

                                            Փետրվարյան ցուրտ գիշեր էր,

                                             Իսկ բառընդերքում մեր սերն էր տաքանում…

                                             Ուր է թե մենք կարողանայինք

                                             Գեթ մի անգամ ետ բերել

                                             Այն լուսնյակ գիշերը:

                                              Ամեն ինչ մնաց

                                              Հիշողության ընդերքում,

                                              Եվ մի պառավ տատիկ

                                              Մեր հուշերն է վաղուց ավլել

                                              Այն փողոցից…

«Քեզ» և «Ա˜խ, աղջկայք-դիցուհիներ» սկզբնատողով բանաստեղծությունների մեջ կին-գեղեցկություն-սերը կերպավորվում է որպես պատերազմող զինվորի առօրյան իմաստավորող ոգեղեն ուժ: «Այս գիշեր դարձիր անքնությունս»,- «Քեզ» բանաստեղծության մեջ թախանձում-հրահանգում է քնարական հերոսը, իսկ հաջորդ երգում`

                                             Ա˜խ, աղջկայք-դիցուհիներ,

                                              Չի համբուրել ձեզնից ոչ ոք

                                              Ցեխոտ շուրթս խրամատում,

                                              Չի ջերմացել սառցակալած օրերի մեջ

                                              Դեմքս երբեք ձեր տաք շնչից:

                                              Ձեր անունն եմ կրել ինձ հետ

                                               Ու ջերմացել լուսնի արծաթ հիշողությամբ`

                                               Խրամատի զարկող ու բութ սառնության մեջ:

Սիրո շնչով իմաստավորվում ու մխիթարանք է ձեռք բերում անգամ մահը, սերը դառնում է կյանքի գերագույն հաճույք, հայրենիքի համար զոհաբերության վերջին սփոփանք. «Ա˜խ, աղջկայք-դիցուհիներ… //Դուք մարտերում նահատակված//Հերոսների շիրիմներին //Լացո˜ղ, լացո˜ղ, լացո˜ղ աչքեր…»:

Սկիզբն ու անհատականությունը զարմանալիորեն մեկտեղված են Կոմիտաս Հակոբյանի դեպքում, ինչպես Դուրյանի և Մեծարենցի պարագայում: Սեր և հայրենիք. ահա Հակոբյանի պոեզիայի անկշռելի արժեքները, որ վերաիմաստավորվում են միմիայն նրան ներհատուկ բնութագծերով` միանգամից ուրվագծելով նրա պոետական անհատականությունը ժամանակի գրական համապատկերում:

Ոգին ու հավատամքը Հակոբյանի հայրենասիրական պոեզիայի գաղափարական նժարներն են: Հայրենիքի պատմական ճակատագրի քննապատկերներում լույսն ու կարմիրը կողք կողքի են.«Ես քո խաչքարերի // Կնճռոտված հայացքներում // Կարդում եմ պատմությունդ կարմիր, // Որ լոկ քոնն է»: «Հայրենիք իմ, Արցախ»  բանաստեղծության մեջ հայրենիքի կերպարի և ճակատագրի շուրջ խոկն ու խորհրդածությունը դրսևորվում են այսպիսի կարծրակոփ պատկերով, որից ճառագում է հայրենիքի անվախճանականության լույսը.

                                                 Քո երկնքում ամեն օր

                                                 Հույսի աստղեր են ծնվում,

                                                  Որոնց արձագանքն այստեղ

                                                  Օրորոցներ են:

                                                  Դու` լեռնացող երազ,

                                                  Կորստյան մոխիրներից կարկառված քարերդ

                                                  Վիմագիր կոչեր են,

                                                   Որ ոգեշնչում են կյանքդ…       

Կ. Հակոբյանի հայրենասիրական երգը դեռ ինքնավերագտնումների մեջ էր, հոգևոր զարգացման ճանապարհին պիտի հասունանար և ամբողջանար` դառնալով զտարյուն պոեզիա: Բայց բանաստեղծի կյանքի հետ անավարտ մնաց նաև նրա հայրենասիրական պոեզիայի հոգևոր ընթացքը:Նույնը չի կարելի ասել Հակոբյանի խոհափիլիսոփայական բանաստեղծությունների մասին: Դրանք արդեն իսկ հասուն ոգու ներքին մենախոսություններ են: Ի՞նչն է զարմանալի. բանաստեղծն անընդհատ խոսում է անդրաշխարհային գոյության մասին, ոգու աչքերով կանխատեսում իր չգոյությունը երկրային կյանքում. «Ես վախենում եմ, // Որ մի օր չլինեմ, // Եվ օրս, // Հաշմված օրս // Ավերվի իմ չգոյությունից…»: Այսքանից հետո տեղի է ունենում բանաստեղծի ինքնահաշտեցումը մահվան հետ, միայն թե իր վախճանը նման լինի «աստղային մահվան` «հաջորդ օրը երևալու ակնկալությամբ»: Կյանքի ներդաշնակության չգոյությունն է նաև, որ բանաստեղծին մղում է այլաշխարհային որոնումների. «Տուր ինձ ապրելու //Մի այլ ձև, // Դուրս մղիր ինձ // Քո մգլոտ երակի միջից, // Չգոհացող դժգոհությունը կյանքից «Գոյության պատրանք» պոեմում վերածվում է աղերսի` ուղղված տիեզերքի ամենաշնորհ տիրակալին: Նարեկացիական ոգով ու շնչով Հակոբյանը հասնում է խոսքի հզոր ճարտարապետական կառույցի` բառարարումի և պատկերակերտումի անըստգյուտ ժայթքումներով, ինչպես` մահահղի մենություն, օրը` կորուստների դագաղ, տենչանքների անդամալույծ շղթաներ և այլն:

                                                              Շնորհ արա, Տեր,

                                                              Երանգափոփոխ իմ ինքնության

                                                              Հիմնաքարերը շրջելու,

                                                              Թե չէ տարտամ այս քայլերով

                                                               Ուր կտանես տենչանքներիս

                                                              Շղթաները անդամալույծ,

                                                              Եվ կամ ոնց կփարատես

                                                              Իմ մենությունը մահահղի:

                                                              Շնորհ արա, Տեր, որ օրս այսպես

                                                              Չդառնա դագաղն

                                                               Իմ կորուստների…

«Գոյության պատրանք» ժողովածուն Կ. Հակոբյանի բանաստեղծական հայտնության առաջին ազդն էր և, անշուշտ, միակն ու վերջինը չէր լինի, եթե ճակատագիրն այլ կերպ նախասահմանվեր, եթե բանաստեղծը չդառնար «գոյության պատրանք» հայրենիքի լինելության մաքառման երթին…

Նարինե Հովհաննիսյան, բ.գ.թ., դոցենտ

1