Հարյուր տարի մոռացության մատնված ողբերգություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հարյուր տարի մոռացության մատնված ողբերգություն

Հարյուր տարի մոռացության մատնված ողբերգություն

 Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան:

Հովհաննես Թումանյան

 

 Պատմության փոշին շատ հաճախ սքողում է իրողություններ, որոնց նշանակությունը, անշուշտ, էական է՝ հետադարձ հայացքով դրանք իրենց ողջ մերկությամբ տեսնելու, գնահատելու եւ, բնականաբար, այդ ամենից ուսանելի դասեր քաղելու համար։ Բարեբախտաբար, պատմության փոշին՝ ինչքան էլ հաստ ու բազմաշերտ, ժամանակի հոլովույթում նույնպես նոսրանալու ենթակա է, ինչի շնորհիվ այդ իրողություններն ի վերջո վեր են հանվում հանիրավի մոռացության խորխորատից՝ ի շահ սերունդների իմացության եւ առաջընթացի։ Միեւնույն ժամանակ, դա հնարավորություն է տալիս զուգահեռել ու բացահայտել հեռու ու մոտ անցյալում արձանագրված երեւույթները, տվյալ պարագայում՝ անցած դարասկզբին ու դարավերջին կովկասյան թաթարների (պատմության հեգնանքով՝ ներկայիս ադրբեջանցիների) գազանաբարո էության եւ իրագործած մարդկային սպանդների համարժեքության գործոնը. դարասկզբին՝ Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանի բնիկ հայ ազգաբնակչության եւ այդ տարածքով տուն դարձող ռուսական զորքերի, իսկ դարավերջին՝ Արցախյան շարժման տարիներին, Ադրբեջանական ԽՍՀ երկու պետականակիր ժողովուրդներից մեկի՝ հայության եւ ռուս բնակչության հանդեպ։ Երկու դեպքում էլ՝ սոսկ գիշատիչներին հատուկ բնազդային դաժանությամբ, անհագուրդ արյունռշտությամբ։

…Եվ այսպես, մի ամբողջ դար շարունակ պատմության, հետեւապես եւ մոռացության փոշու ընդերքում էր գտնվում 1918թ. հունվարին Կովկասյան ռազմաճակատից տուն դարձող ռուսական զորքերի սոսկալի ջարդերի, ալան-թալանի մի ամբողջ շղթա, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում իրականացրել էին մուսավաթական-թաթարական ջոկատներն ու ավազակախմբերը՝ տեղի, այսպես կոչված, «կովկասյան թաթար» բնակչության հետ միասին։ Յոթ փակի տակ պահելով իրողությունը, այդ մասին համառորեն լռում էր խորհրդային եւ նույն համառությամբ շարունակում է լռել հետխորհրդային պատմական ու քաղաքական միտքը, գիտական շրջանառության, այսպես ասած, «հետնաբակ» մղելով անցած դարասկզբին տեղի ունեցած այդ եղերական իրադարձությունները։ Ու հիմնականում միայն վերջերս է՝ այդ եղեռնագործության հարյուրամյակի օրերին, որ զանգվածային լրատվության միջոցներում սկսեց բարձրաձայնվել այդ թեմայի մասին՝ հանրային քննարկման ներկայացվելով «Շամխորի ողբերգություն» ընդհանրական անվան տակ։

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ ներկայիս Ադրբեջանի բնակավայրերով անցնող Անդրկովկասյան երկաթուղու կայարաններում։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի կայսրության, ապա եւ  Ժամանակավոր կառավարության անկումից հետո, երբ իշխանությունը զավթվել էր բոլշեւիկների կողմից, 1917թ. նոյեմբերի 11-ին Թիֆլիսում կազմավորվել էր բանվորագյուղացիական եւ զինվորական պատգամավորների խորհուրդ կամ, այլ կերպ, Անդրկովկասի կոմիսարիատ, որը կոչված էր մինչեւ Հիմնադիր ժողովի գումարումը կառավարել երկրամասը։ Կոմիսարիատում իշխանությունը գտնվում էր վրաց-թաթարական ազգայնականների ձեռքում՝ վրաց քաղաքական գործիչ, մենշեւիկ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ։ Այդ շրջանում Գանձակ-Ելիզավետպոլը դարձել էր մուսուլմանական ուժերի կենտրոն՝ Ալի Մարդանբեկ Թոփչիբաշեւի գլխավորությամբ, ով պատմության մեջ է մտել որպես հայ եւ ռուս բնակչության հանդեպ իրագործված բազմաթիվ զանգվածային կոտորածների կազմակերպիչ։ Իսկ Բաքվում իշխանությունը պատկանում էր բանվորների, գյուղացիների եւ զինվորների պատգամավորների խորհրդին՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։

Կովկասյան ռազմաճակատում գտնվող ռուսական բանակը, որ բախտի քմահաճույքին էր թողնվել ու կորցրել նախկին կազմակերպվածությունը, անշուշտ, ոչ առանց բոլշեւիկների քայքայիչ քարոզչության, առավել եւս՝ արձագանքելով «Խաղաղության մասին» եւ «Հողի մասին» լենինյան դեկրետներին, սկսել էր զանգվածաբար նահանջել թուրքական ռազմաճակատից՝ լքելով Արեւմտյան Հայաստանի մինչ այդ ազատագրված տարածքները։ Ռուսական զորքերով լեցուն հարյուրավոր վագոններ երկաթուղով շարժվում էին դեպի հյուսիս՝ Տամբով, Ռյազան, Սարատով, Բրյանսկ եւ այլեւս բոլշեւիկյան Ռուսաստանի այլ քաղաքներ։

Այդ ժամանակ՝ 1918թ. հունվարի 6-ին, ժորդանիան հեռագիր հղեց Անդրկովկասի բոլոր մակարդակների խորհուրդներին՝ կարգադրելով ամենայն գնով զինաթափել տուն վերադարձող ռուսական զորքերին։ Հետագայում, իհարկե, նա ժխտել է, թե նման հեռագիր է ստորագրել, թեկուզ այն ամբողջությամբ առկա է շրջանառության մեջ, առավել եւս՝ այդ հեռագրի իսկությունը հունվարի 11-ին ռուսական զորքերի հրամանատարության հետ բանակցությունների ընթացքում հաստատել է նաեւ ջարդերի գլխավոր կազմակերպիչներից Ասլան բեկ Սաֆիքյուրդսկին։ Այնուամենայնիվ, այդ հեռագրին հետեւեց, այսպես կոչված, ԱԺԴՀ (Անդրկովկասի ժողովրդավարական դաշնային հանրապետություն՝ ինքնահռչակ պետական կազմավորում, գոյություն է ունեցել մինչեւ 1918թ. մայիսի 26-ը) ներքին գործերի նախարար Նոյ Ռամիշվիլու համարժեք հրամանը։ Երկաթգծի կայարաններում ռուսական զորքերի զինաթափման գործողության ընդհանուր  ղեկավարությունն իրականացնում էր վրաց իշխան, գնդապետ Լեւան Մաղալաշվիլին (Մաղալով), իսկ անմիջապես տեղերում՝ մուսուլմանական զանգվածների գլուխ կանգնած խոշոր կալվածատերեր Ասլան բեկ Սաֆիքյուրդսկին, դոկտոր Խուդադաթ բեկ Ռուստամբեկովը, Ադիլխան Զիադխանովը եւ ուրիշներ, ովքեր, սերտ կապեր հաստատելով, գործում էին թուրքական զորքերի հրամանատարության հետ միասին, որը, հասկանալի պատճառներով, խիստ շահագռգռված էր ռուսական զորքերի կազմալուծման հեռանկարով։

Մինչ Անդրկովկասի կոմիսարիատի կազմավորումը՝ Ելիզավետպոլում անցկացված Կովկասի մուսուլմանների ռազմական համագումարում որոշում էր ընդունվել ստեղծել ռազմական կորպուս, որի միջուկ պետք է դառնային, այսպես կոչված, Վայրի դիվիզիայի մեջ մտնող թաթարական հեծելազորային գնդի սպաները։ Իսկ 1917թ. դեկտեմբերի 14-ին, Կովկասյան ռազմաճակատի շտաբը Ելիզավետպոլի մուսուլմանական խորհրդի ճնշման ներքո բավական քանակությամբ զենք ու զինամթերք էր տրամադրել այդտեղ տեղակայված թաթարական գնդին, որի հրամանատար էր նշանակվել վերոհիշյալ Մաղալաշվիլին։ Ընդ որում, խնդիր էր դրված կազմակերպել առավել մեծաքանակ զինված ուժեր։ Ուստի շեշտը դրվեց ցարական բանակի տուն շտապող զորամասերի զինաթափման վրա։

Դեկտեմբերի 19-ին Ելիզավետպոլից Թիֆլիս հաղորդագրություն է ստացվում՝ առ այն, որ մուսուլմանների ամբոխները քանդել են Ելիզավետպոլից մինչեւ Շամխոր ձգվող երկաթգիծը։ Կոմիսարիատը ստուգելու համար հանձնաժողով է ուղարկում այնտեղ։ Մաղալաշվիլին հանձնաժողովին հավաստիացնում է, թե ռուսական զորամասերն անարգել բաց կթողնվեն մուսուլմանների վերահսկողությանը ենթակա տարածքներով, եթե ռուսները խաղաղ պահեն իրենց։ Թե որքան փարիսեցիական էին այդ խոստումները, որոնք ապակողմնորոշեցին ռուսական հրամանատարությանը, բացահայտվեց զգալի ուշացումով, ավաղ,  միայն բուն եղեռնագործության ընթացքում։

Այս առումով՝ եւս մեկ հատկանշական հանգամանք։ Ռուսական զորքերին տեղափոխող զինվորական կառաշարերը Սարիղամիշից պետք է մեկնեին դեպի Ելիզավետպոլ։ Կառաշարերից մեկի պարետ Չելովը, ում հրաշքով հաջողվել էր ողջ մնալ, հետագայում վկայել է, որ զինվորականները կարող էին ընտրել մեկ այլ երթուղի՝ դեպի Բաթում, բայց Թիֆլիսում նրանց համոզել են, որ առավել հուսալին  Ելիզավետպոլի ուղղությունն է։ Ընդ որում, դա այն պարագայում, երբ այդ ժամանակաշրջանի Բաքվի մամուլն ահազանգում էր, որ Ելիզավետպոլից մինչեւ Եվլախ բոլոր կայարանները կողոպտվում են մուսուլմանական ավազակախմբերի և բնակչության կողմից։ Դժվար չէ կռահել, որ այդ կապակցությամբ որոշակի պայմանավորվածություն կար Թիֆլիսի կոմիսարիատի եւ Ելիզավետպոլի մուսուլմանական կենտրոնի միջեւ։

Վրաց պատմաբան Ս. Բերիձեի տեղեկատվությամբ՝ «Մուսուլմանական ազգային կոմիտեն բացահայտ կերպով Ելիզավետպոլ է ձգել, հավաքել հազարավոր մուսուլմանների, զինել նրանց, նստեցրել գնացքներ եւ ուղարկել Շամխոր։ Այդ զանգվածների գլուխ էին կանգնած Ասլան Բեկ Սաֆիքյուրդսկին, դոկտոր Խուդադաթ բեկ Ռուստամբեկովը, ովքեր զենքը ձեռքներին անմիջականորեն ղեկավարել են ռուսական զինվորների դեմ ռազմական գործողությունները»։

Այն օրերին «Բակինսկի ռաբոչի» թերթը գրում էր. «Նոյ Ժորդանիան եւ նրա մշտապես ոչ խելամիտ ջանասեր օգնական Նոյ Ռամիշվիլին զրահագնացք են ուղարկել՝ Աբխազավայի գլխավորությամբ, որը զենք է բաշխել մուսուլմաններին եւ օգնել է նրանց գնդակահարելու հազարավոր զինվորների ու զինաթափելու կառաշարերը»։

Եվ այսպես, 1918թ. հունվարի սկզբներին Շամխոր գյուղի մերձակայքում կուտակվել էին 5 երկաթուղային կառաշարեր՝ ռուսական զինվորներով ու սպաներով։ Հունվարի 7-ի երեկոյան Ելիզավետպոլի մուսուլմանական կոմիտեն, առաջնորդվելով Ժորդանիայի վերոհիշյալ հեռագրով, որոշում է ամենայն գնով զինաթափել նրանց։ Նախապատրաստվելով այդ զանգվածային բռնությանը, թաթարական ավազակախմբերը եւ տեղացի մուսուլման, նույն ինքը՝ կովկասյան թաթար կոչված խաժամուժը, վաղօրոք  քանդում են երկաթգիծը, խրամուղիներ փորում երկու կողմից՝ գծի երկայնքով մեկ, ի լրումն՝ ճանապարհը փակում Թիֆլիսից օգնության ուղարկված եւ հրանոթներով ու գնդացիրներով սպառազեն Աբխազիայի զրահագնացքով։ Կանգնեցված կառաշարերի ռուս զինվորականությանը զինաթափվելու պահանջ ներկայացվեց, ինչը մերժվեց։ Ապա հետեւեց մուսուլմանական ավազակախմբերի գրոհը, որը գլխավորում էր Մաղալաշվիլին։ Երկու կողմից շրջափակված եւ, այսպես ասած, աքցանի մեջ առնված կառաշարերի զինվորական անձնակազմերը, չհասցնելով հարմար դիրքավորվել, ինչպես նաեւ առձեռն զենք չունենալով, քանզի այն պահպանման տակ էր դրված առանձին հատուկ վագոններում, փաստորեն պատրաստ չէին հետ մղելու ավազակների հարձակումը։ Իսկ գնդակները, որ համազարկերի տեսքով ժայթքում էին թաթարների հրացաններից ու գնդացիրներից, ինչպես նաև զրահագնացքից դիմահար արձակվող հրետանային արկերը, որոնք, բաքվեցի ռուս պատմաբան Տոկարժեւսկու հավաստմամբ, զրահագնացքի հրանոթներից կրակում էին Սպիտակ գվարդիայի հրետանավոր սպաները, կարկտի նման թափվելով վագոնների վրա, անխնա ոչնչացնում էին գրեթե ձեռնունայն մնացած ռուս զինվորներին։ Պայմաններն առավել քան անհավասար էին, եւ մարտերն ավարտվեցին ռուսական զինվորական կառաշարերի գրավմամբ ու դրան հետեւած ջարդերով, որոնք տեւեցին հունվարի 9-ից մինչեւ 12-ը։ Զինվորներից նրանք, ովքեր վիրավորվել էին, խողխողվում էին տեղնուտեղը։ Թաթար ավազակներն անգամ չէին խնայում ամուսինների հետ միասին տուն վերադարձող սպաների կանանց՝ գիշատչաբար հոշոտելով նրանց։

Ռուս պատմաբան Ստավրովսկու վկայությամբ՝ այդ ջարդերի արդյունքում թաթարական ջոկատները բռնագրավել են ոչնչացված ռուսական զորքերի ամբողջ սպառազինությունը՝ 12 հազար (այլ աղբյուրների համաձայն՝ 15 հազար) հրացան, 100 (70) գնդացիր, 30 (20) հրանոթ, այլ զինատեսակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զինամթերք։ Սպանվել եւ անհայտ կորել են, տարբեր աղբյուրներով, 2-5 հազար ռուս զինվորներ ու սպաներ։ Բացի այդ, թալանվել է կառաշարերի ամբողջ գույքը, սպանվածների վրայից հանվել, տարվել են նրանց համազգեստները եւ անգամ ներքնաշորերը, իսկ մերկացված դիակները թողել փռված կայարանի եւ նրա շրջակա տարածքում՝ ի հոշոտումն արդեն չորքոտանի գիշատիչների։ Շամխորի այդ ողբերգական ջարդերը կովկասյան թաթարները հետագայում որակել են որպես իրենց զինված ուժերի մարտական «մկրտություն», որի արդյունքում հաջողվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք առգրավել, այն, ինչին ձգտել են Թիֆլիսի կոմիսարիատի վրաց-թաթարական մեծամասնությունը եւ Ելիզավետպոլի մուսուլմանական խորհուրդը։

Այդ օրերին Թիֆլիսի կոմիսարիատի հանձնարարությամբ դեպի Ելիզավետպոլ թռիչք է կատարում մեր հայրենակից օդաչու, պորուչիկ Տեր-Մարտիրոսյանը։ Վերադառնալով՝ նա զեկուցում է, որ Աղստաֆայի մոտ կանգնած են երեք ջարդուփշուր արված կառաշարեր, իսկ Շամխորի կայարանի մերձակա տարածքում ամենուրեք հրդեհ է բռնկված՝ այրվում են վագոնների կմախքները։

Շամխորի կոտորածներին հետեւել են ռուսական զորքերի վրա նաեւ այլ հարձակումներ Ադրբեջանի մի շարք այլ վայրերում՝ հիմնականում երկաթուղային կայարաններում, ինչպես նաև երկաթգծից հեռու գտնվող զորամասերում՝ Շամխոր, Դալլյար, Աղստաֆա, Ջուլֆա (Ջուղա), Եվլախ, Խաչմաս,  Ալաբաշլի, Կարյագինո եւ այլն։

Այդ մասին «Բաքու» թերթի 1918թ. հունվարի 31-ի համարում տպագրված «Շամխորի ողբերգությունը (ականատեսի վկայություն)» ակնարկում գրել է նաև պարբերականի ռուս հեղինակ Ստանիսլավ Եդիեւսկին՝ պատմելով հունվարի 8-ին Թիֆլիսից Բաքու մեկնած փոստային գնացքի անձնակազմի, ուղեկցող զինվորների եւ 400 ուղեւորների դառը ճակատագրի մասին։

Ակնարկի հեղինակի հաղորդմամբ՝ Դալլյար կայարանում մուսուլմանները շրջապատում են գնացքը եւ պահանջում, որպեսզի զինվորները հանձնեն զենքը։ Վերջիններս սկզբում հրաժարվում են, բայց հետո, այնուամենայնիվ, ստիպված հանձնում են։ Թաթարներն անմիջապես տեղնուտեղը գնդակահարում են զինաթափված զինվորականներին, բռնագրավում զենքը, ապա մինչեւ վերջին թել կողոպտում բոլոր ուղեւորներին։ Դալլյարից Շամխոր երեք վերստ ճանապարհը կիսամերկ, ոտաբոբիկ, կիսակենդան ուղեւորներն անցնում են ոտքով, ամեն քայլափոխի հանդիպելով սպանված, շորահան արված ռուս զինվորների ցաքուցրիվ փռված դիակների։

Ինչպես տեղեկացնում է պատմաբան Հրանտ Աբրահամյանը «Գոլոս Արմենիի» թերթում օրերս հրապարակված «Շամխորի սպանդ» հոդվածում, թաթարական խաժամուժն ավազակային հարձակումներ է գործել ռուսական բանակի նաեւ այն զորամասերի վրա, որոնք տեղակայված էին Իրանի հետ սահմանում։ Ըստ հոդվածագրի՝ Կարյագինոյում (հետագայում՝ Ֆիզուլի, ներկայումս՝ Արցախի Հանրապետության Վարանդա), տեղակայված էր ռուսական սահմանապահ զորքերի 6-րդ գունդը։ Մուսուլմանների ջոկատները գիշերը գրոհել են գնդի տարածքը, զավթել զինապաշարը, կոտորել զինվորներին։ Ըստ արխիվային նյութերի՝ 200 հոգուց ողջ է մնացել ընդամենը երկու հոգի՝ փրկություն գտնելով Բանազուր հայկական գյուղում։ Հեղինակի հավաստմամբ՝ այդ ամենին եռանդուն աջակցել են թուրքական հրամանատարության էմիսարները։ Ըստ էության, ասում է նա, վերը հիշատակված ավազակախմբերը Թուրքիայի «հինգերորդ շարասյունն էին», սկզբում՝  Օսմանյան, ապա՝ քեմալական Թուրքիայի, որը չէր թաքցնում իր հակահայ եւ հակառուսական նկրտումները։

Շամխորում ռուսական զորքերի ջարդերը վավերագրորեն փաստարկված են հայ ժողովրդի մեծ բարեկամ, բանաստեղծ եւ հասարակական գործիչ, Կովկասյան ռազմաճակատում եւ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ակտիվ մասնակից, գեներալ Ալեքսանդր Կուլեբյակինի ռազմա-պատմական զեկույցում, որ նա պատրաստել էր 1918թ.՝ Համաշխարհային պատերազմին հայության մասնակցության և կրած կորուստների վավերագրման հարցերով՝ Հովհաննես Թումանյանի գլխավորած բյուրոյի հանձնարարությամբ, Փարիզյան  խաղաղության խորհրդաժողովին ներկայացնելու համար։

Այդ ջարդերի մասին է գրել Բաքվի կոմունայի առաջնորդ Ստեփան Շահումյանը՝ նշելով կոտորածների նախաձեռնողների՝ Ժորդանիայի եւ Ռամիշվիլու անունները։

Ռուս զինվորների զանգվածային սպանդը դատապարտել է նույնիսկ «խորհրդային ժողովուրդների հայր», նույն այդ ժողովուրդների գլխավոր դահիճ Իոսիֆ Ստալինը՝ այն ժամանակ ազգությունների գործերով ՌԽՖՍՀ ժողովրդական կոմիսարը. «Բայց դեռ կան անուններ, որոնք պետք է նշվեն, դեռ կա հանցագործների մի որջ, որը պետք է ոչնչացվի։ Այդ որջը Ելիզավետպոլի մուսուլմանական ազգային կոմիտեն է՝ ամբողջովին բաղկացած հետադիմական բեկերից ու խաներից, որը հունվարի 7-ի երեկոյան, հիմնվելով Ժորդանիայի հեռագրի վրա, որոշել է «ամենայն գնով» զինաթափել կառաշարերը եւ անհավատալի անամոթությամբ ու արյունարբությամբ հունվարի 9-12-ը կատարել իր որոշումը»։

Շամխորի արյունալի իրադարձություններին իրենց աշխատանքներում անդրադարձել են ռուս պատմաբաններ Ա. Լ. Ստավրովսկին եւ Ե. Ա. Տոկարժեւսկին, լեհ պատմաբան Թադեուշ Սվենտոխովսկին։

Այդ եղեռնագործությունը հիշատակվում է նաեւ ժամանակակից ռուս գրող Վիկտոր Նիկոլաեւի «Բարձրյալի աջակցությամբ (աֆղանցու գրառումները)» գրքում, որտեղ գլխավոր հերոսին այդ մասին պատմում է հայուհի Կարինեն՝ Չարդախլու գյուղի մարշալ Հովհաննես Բաղրամյանի տուն-թանգարանի աշխատակցուհին։

Սակայն, անկախ այդ սակավաթիվ հրապարակումներից, բուն իրողությունը համառորեն պահվել է մոռացության անթափանց քողածածկույթի տակ՝ հետեւողականորեն դուրս մղելով այն պատմագիտական, իրավաքաղաքական շրջանառությունից, անհասանելի դարձնելով լայն հանրության, առանձնապես՝ ռուս ժողովրդի համար։ Եվ, արդյո՞ք ոչ հեռավոր պատմական անցյալի այդ ողբերգական իրադարձություններին գրեթե համատարած անտեղյակությունը չէ պատճառը, որ՝ ինչպես Ադրբեջանի հայությունն էր, նույնպես եւ ռուս բնակչությունն ակամա հանկարծակիի եկավ քսաներորդ դարավերջին՝ Խորհրդային Ադրբեջանում հայ եւ ռուս քաղաքացիների նկատմամբ 1988-1990թթ. իրականացված զանգվածային բռնությունների  պարագայում, որոնք իրենց ձեռագրով ու ոճով ամենեւին չէին տարբերվում դարասկզբի այդ սահմռկեցուցիչ իրողություններից։ Անշուշտ, այդ ողբերգությունների հիմքերի հիմքն իրական պատմությանը լայն հանրության անտեղյակության մեջ է նաեւ, պատմության փոշին մաքրելու եւ պատմական անցյալից դասեր քաղելու հրամայականն անտեսելու աններելի պահվածքի մեջ։

Միքայել Հաջյան

1