Ապրիլյան իրադարձություններից հետո հեռացնել ենք բանակցային գործընթացում հաջողություններ արձանագրելուց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ապրիլյան իրադարձություններից հետո հեռացնել ենք բանակցային գործընթացում հաջողություններ արձանագրելուց

Ապրիլյան իրադարձություններից հետո հեռացնել ենք բանակցային գործընթացում հաջողություններ արձանագրելուց

30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ էր հետապնդում Ղարաբաղյան շարժումն ու ինչ հետևանքներ է այն ունեցել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Վերջինս նշեց, որ ժողովրդավարության ու ազատության համար տարված այս պայքարը, որի արդյունքն էր Արցախի անկախ պետությունը, փաստացի իրողություն է, ու միջազգային հանրությունը կամա թե ակամա պարզ գիտակցում է, որ ստեղծելով մեր անկախ պետությունը՝ իրենք նաև այն միջազգայնորեն ճանաչելու գործընթաց են վարում:

– Արցախում տոնում են ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը, ինչին զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Ղարաբաղը, Երևանը, Զանգեզուրը վերադարձնելու մասին: Արդյո՞ք այսպիսով պաշտոնական Բաքուն ցույց չի տալիս, որ այս տարիներին ընթացքում ոչ թե մեղմել, այլ հակառակը՝ կարծրացրել է իր մոտեցումները:

– Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ հավակնություններն արտահայտող հայտարարություններ են հնչեցրել: Բայց հայտարարությունը մեկ բան է, իրականությունը՝ մեկ այլ: Արցախը և Հայաստանը 2016թ.-ի ապրիլին ցույց տվեցին, թե որն է հայտարարությունների ու իրական գործողությունների տարբերությունը: Ուստի կարծում եմ, որ նման հայտարարություններից լուրջ մտահոգություն ունենալ պետք չէ, դրանք վկայությունն են նրա, որ Ադրբեջանում գործում է տոտալիտար համակարգ, որի ներկայացուցիչները փորձում են իրենց իշխանությունը պահել՝ սեփական շահերից հաշվի առնելով:

– Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանի հայտարարությունները գործողություններ չեն դառնա:

– Մենք միշտ էլ պատրաստ ենք գործողությունների և երբեք չենք նիրհել, մեր զգոնությունը երբեք չենք կորցրել, համոզված ենք եղել, որ Ադրբեջանն անընդհատ նախապատրաստվում է ռազմական գործողությունների: Բայց այլ բան է նախապատրաստվել, մեկ այլ բան է իրական գործողություններ ծավալել: Խնդիրն այլ տեղ է՝ որքանով ենք պատրաստ ռազմական գործողություններին դիմակայել: Ադրբեջանը լավ գիտակցում ու հասկանում է, թե ինչ հնարավորություններ ունի հայկական կողմը, նրանք գիտեն, որ նման հայտարարություններով մեզ չեն կարողանա զարգացման ճանապարհից հետ պահել:

– Պարո՛ն Իշխանյան, բազմաթիվ տեսակետներ են հնչում իշխանությունը ներկայացնող անձանցից, թե Ադրբեջանը վաղ թե ուշ համակերպվելու է Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի հետ: Միաժամանակ կան կարծիքներ, որ Ադրբեջանը չի համակերպվի, եթե մինչև հիմա չի համակերպվել, և ըստ այդմ՝ հայկական կողմի ակնկալիքները չափազանցված են: Ի՞նչ կարծիքի եք:

– Կարծում եմ, որ այս 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ էր հետապնդում Ղարաբաղյան շարժումն ու ինչ հետևանքներ է այն ունեցել: Ժողովրդավարության ու ազատության համար այս տարված պայքարը, որի արդյունքն էր անկախ Արցախի պետությունը, փաստացի իրողություն է, ու միջազգային հանրությունը կամա թե ակամա պարզ գիտակցում է, որ ստեղծելով մեր անկախ պետությունը՝ մենք նաև այն միջազգայնորեն ճանաչելու գործընթաց ենք վարում: Ադրբեջանի հանրությունը կհամակերպվի իրավիճակի հետ, երբ զգա, որ 90-ականների կորուստները կարող են շարունակվել:

– Ասացիք, որ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ էր հետապնդում Արցախյան շարժումը: Իսկ միջազգային հանրությունը համակերպվե՞լ է այդ իրողության հետ, որ Արցախն անկախ է:

– Ես բացարձակ առումով չեմ կարծում, թե միջազգային հանրությունը համակերպվել է դրա հետ, բայց այն, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի վերաբերմունք են ձևավորել ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջ, ակնհայտ է: Բարեբախտաբար, որոշակի դրական տեղաշարժ կա, և փաստը, որ Արցախը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, առկա է, գոնե անուղղակիորեն ընդունելի է ու ապագայում ճանաչելի պետք է լինի միջազգային հանրության համար:

– Իսկ բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալո՞ւմ եք:

– Ոչ, մեծ տեղաշարժ չեմ տեսնում, կարծում եմ, որ բանակցությունները տեղում դոփելու են՝ հաշվի առնելով Հայաստանում ու Ադրբեջանում սպասվող քաղաքական իրադարձություններն ու դրանցից բխող անցուդարձը: Ապրիլյան իրադարձություններից հետո մենք բավական հեռացնել ենք բանակցային գործընթացում հաջողություններ արձանագրելուց:

– Ադրբեջանը հայտարարել է ինտենսիվ բանակցություններ սկսելու մտադրության մասին՝ ձեռք բերված պայմանավորվածության շուրջ: Ի՞նչ նկատի ունեն:

– Կդժվարանամ ասել, թե ինչ նկատի ունեն ինտենսիվ բանակցություններ ասելով: ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային բոլոր այցերի ժամանակ մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները, մեր սկզբունքները, մեզ համար կարևոր է ներկայացնել մեր դիրքորոշումը, իսկ թե ինչ պատկերացումներ ունի Ադրբեջանը…

1