Հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա. Սան Պաուլոյի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա. Սան Պաուլոյի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ

Հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա. Սան Պաուլոյի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ

Հազարավոր կիլոմետրեր եւ տասնյակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցության, Արցախի ու Հայոց ցեղասպանության ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 000 հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ, իրավաբան Գեւորգ Զատիկյանի հետ:

Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը

ՀՅԴ Հայ Դատը Բրազիլիայում, Սան Պաուլում գործունեություն է ծավալում սկսած 1985 թվականից: Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հայանպաստ քաղաքականությունը տարածելու Հայ Դատի հիմնական նպատակներից բացի գրասենյակն այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել նաեւ այլ ուղղություններով՝ հայապահպանության, երիտասարդական խմբերի կազմավորման, Համազգային Մշակութային Միության եւ Հայ օգնության միության մասնաճյուղերի հիմնադրման:

Համագործակցությունն ու խոչընդոտները

Բրազիլիայի քաղաքական գործիչներից շատերը մեզ շատ լավ են ընդունում՝ քաղաքապետարանից Սենատ եւ նախագահ: Սան Պաուլոյի հայ գաղութը հայտնի է  որպես աշխատասեր եւ պատվով  ժողովուրդ, որովհետեւ մենք միշտ օգնել եւ գործունեություն ենք ծավալել ոչ միայն ի նպաստ մեզ, այլ նաեւ Սան Պաուլոյի:

Հայերը Բրազիլիայում ունեն միայն մեկ խնդիր՝ ֆինանսի սակավություն: Ի տարբերություն հայերի՝ Ադրբեջանը եւ Թուրքիան ահռելի գումարներ են ծախսում եւ դժվարացնում են մեր աշխատանքները: Թուրքական լոբբին թափ ստացավ հատկապես վերջին տարիներին, երբ մեր գրասենյակը ավելի մեծ թափով սկսեց աշխատանք տանել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ:

Հայ համայնքի հիմնախնդիրները

Կառուցքվածքային առումով հայերը խնդիր չունեն Բրազիլիայում: Այսօր Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գեւորգ առաքելական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան եւ կամուրջ։ «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ 1964 թվականից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաեւ հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտություն։  Շուտով Բրազիլիայում կբացվի նաեւ Հայաստանի դեսպանատուն:

Մեր հիմնախնդիրը հայապահպանությունն է: Շատ ավելի հեշտ է հայ մնալ մի երկրում, որտեղ քո դեմ հակադրություն կա, բայց երբ որ երկիրը քեզ շատ լավ է ընդունում եւ քո առջեւ բացում է բոլոր դռները, ժամանակի ընթացքում ձուլվում ես: Մոռացվում է նաեւ հայոց լեզուն: Եթե սկզբում խոսելուց պորտուգալերեն մի քանի բառ ես օգտագործում, ապա որոշ ժամանակ անց հայերենն ընդհանրապես չես գործածում:

CNA-Brasil-K-Zadikian-Racubian-RizianBogiatzian-Manoyan-Natalini-Galoyan-E-Zadikian-Kacherian-Hovhanessian

Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թեեւ համացանցում տարածվել է այն տեղեկությունը, որ Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն պետք է հասկանանք, որ օրենքն ընդունվել է միայն Սենատում եւ չի հաստատվել Ազգային ժողովի եւ նախագահի կողմից:

Այն, որ Բրազիլիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը, փաստում է Բրազիլիայի Արտաքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը առաջադրած Ալուիզու Նոնեսի այցը Հայաստան՝ մասնավորապես Ծիծեռնակաբերդ, որտեղ  Ա.Նոնեսը նշել է, որ  ցավալի «դեպք» է տեղի ունեցել: Նա չի ասել, որ «ցեղասպանություն» է տեղի ունեցել: Եթե այդ օրենքն ընդունվեր, ապա Արտաքին գործերի նախարարը կնշեր «ցեղասպանություն» բառը:

1515499103-8078

Մենք եւ Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը շարունակում ենք աշխատանքներ ծավալել այդ ուղղությամբ:

Արցախի Հանրապետության ճանաչում

Մենք գիտակցում ենք Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը: Շարունակական աշխատանք ենք ծավալում Բրազիլիայի պաշտոնյանների հետ եւ նրանց պարբերաբար բերում ենք Արցախ եւ ծանոթացնում Արցախի  հիմնախնդրի, պատմության, մշակույթի եւ առանձնահատկությունների հետ:

Բրազիլիայի եւ Արցախի միջեւ կարելի է համագործակցության եզրեր հաստատել՝ կրթական, առողջապահական եւ մշակութային ոլորտներում: Ինչպես Արցախը, այնպես էլ Բրազիլիան հայտնի են գինարտադրությամբ եւ, կարծում եմ, որ պետք է մտածել այդ ուղղությամբ:

Այո, դժվարություններ կան, բայց աշխարհի մյուս կողմում մենք արժևորում ենք մարդու իրավունքները եւ հասկանում ենք, որ ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա:

Գեւորգ Զատիկյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1