2017 թ. Արցախի Հանրապետության ներքաղաքական կյանքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 2017 թ. Արցախի Հանրապետության ներքաղաքական կյանքում

2017 թ. Արցախի Հանրապետության ներքաղաքական կյանքում

2017-ը Արցախի քաղաքական կյանքում առանձնացել է կարևոր նշանակություն ունեցող մի շարք իրադարձություններով: Ընդունվել է նոր Սահմանադրություն, որով փոխվել է հանրապետության կառավարման համակարգը՝ կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարելով դեպի նախագահականը:

Նախ, հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը:

Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, դեմ՝ «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը:

2017թ. հունվարի 19-ի ԼՂՀ նախագահի հրամանագրով Սահմանադրության հանրաքվեի օր է սահմանվել փետրվարի 20-ը: Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 103 818 ընտրողներից 79 728-ը: Կողմ քվեաթերթիկների թիվը՝ 69 570 էր, դեմ՝ 7686, անվավեր՝ 2172: Հանրաքվեի արդյունքներով ընդունվել է առաջարկվող սահմանադրության տարբերակը:

Ընդունված Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջներին համաձայն՝ Հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովի կողմից, խմբակցությունների առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով (22 ձայն) ընտրվում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը «Շարժում-88» խմբակցության և Բակո Սահակի Սահակյանը «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից:

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ 28 կողմ, 4՝ դեմ, ձայների հարաբերակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Արցախի խոշորագույն քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածու Բակո Սահակյանը։

Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 կողմ, 28՝ դեմ:

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին: Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Իսկ սեպտեմբերի 25–ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության կառուցվածքը և կազմը. պետական նախարար՝ Արայիկ Հարությունյան, առողջապահության նախարար՝ Կարինե Աթայան, արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյան, արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյան, աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյան, բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյան, գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյան, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լեւոն Գրիգորյան, կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյան, մշակույթի, պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյան, քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյան, ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյան, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյան:

Տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես՝. Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում: Կատարվել են մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ ևս:

ԱՀ Նախագահի հրամանով 2017թ. օգոստոսի 31-ին ՀՅԴ անդամ, ՀՀ եւ ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին պաշտպանության կազմակերպման գործում հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան: Իսկ Նախագահի հոկտեմբերի 13-ի հրամանագրով Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

 

1