ՀՅ Դաշնակցության 127-ամյակի տոնակատարություն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » ՀՅ Դաշնակցության 127-ամյակի տոնակատարություն Արցախում

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի տոնակատարություն Արցախում

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել ՀՅԴ 127-ամյակին նվիրված  հանդիսավոր միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, կուսակցական ընկերներ եւ հյուրեր:

ՀՅ Դաշնակցության 127-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անունից ելույթ է ունեցել ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը, ով ներկայացրել է Արցախում ՀՅԴ գործունեությունը՝ շեշտելով նաև ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը Արցախի ճանաչման և Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Վերջում Վահրամ Բալայանը շնորհավորել է ՀՅԴ օրվա կապակցությամբ և նշել. «Հայաստանի Առաջին Հանրապետության և Արցախի պետականության վերակերտման 100-ամյակին ընդառաջ հար և նման հարցերի լուծումը հնարավորություն կտա Արցախի Հանրապետությունը դարձնել բարգավաճ ու անվտանգ երկիր»:

Ապա ելույթ է ունեցել ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, ով Արցախի ժողովրդավարական կուսակցության անունից շնորհավորել է ՀՅԴ 127-ամյակը՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն, ի փառս հայրենիքի զորացման ու բարգավաճման: Վարդգես Բաղրյանը անդրադարձել է եկող տարի ՀՀ Առաջին հանրապետության 100-ամյակին. «Հայտնի է, որ այս Հանրապետության հիմնադիրը ՀՅԴ է, որն այդ ծանր ժամանակներում իր վրա վերցրեց այդ մեծ պարտականությունը: Նա ևս կարևորել է Դաշնակցության գործունեությունն Արցախում:

Տոնակատարության ընթացքում իր մաղթանքն է հղել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պարգև սրբազանը շեշտել է՝ «Դաշնակցությունը լծված էր պետականաշինության գործում, ընդգրկված էր ազատագրական պայքարում, հերոսներ և նահատակներ տվեց և ունի մեկ երազանք, այն, ինչի միասին երազում է ամեն մի հայ՝ ունենալ միացյալ, ազատ, անկախ պատմական Հայաստան»: Իր ելույթի վերջում սրբազան հայրը Դաշնակցությանը մաղթել է նորանոր հաջողություններ և մեր բոլորի միացյալ երազանքների իրականացում:

Օրվա գլխավոր բանախոս էր ՀՅԴ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ով իր ելույթում, վերլուծելով միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, կարևորել է ՀՅԴ օրվան նվիրված միջոցառման ժամանակն ու վայրը: Շահան Գանտահարյանը անդրադարձել է Հայաստանի պետականության վերականգնման, 1918 թ. մայիսյան հաղթանակների  ուղղությամբ Դաշնակցության ստանձնած դերին: Ապա անդրադարձել հայկական զույգ պետությունների զարգացման ընթացքին և այդ ուղղությամբ Դաշնակցության մոտեցումներին: Ապա Շահան Գանտահարյանը մանրամասն ներկայացրել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքները, շեշտելով ժամանակակից աշխարհում ցանցային կառույցի առավելությունը՝ նա նշել է. «Դաշնակցությունը հայաստանյան, արցախյան և աշխարհատարած կառույցներով ու Հայ Դատի կառույցներով ցանցային այն համակարգն է, որ հայրենակենտրոն նպատակաուղղված գործունեություն է իրականացնում ի խնդիր մեր զույգ պետությունների հզորացմանը: Դաշնակցության հովանու ներքո գործող Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները իրողապես վերածվել են ԱՀ դեսպանությունների, Դաշնակցության մամուլն ու լրատվադաշտը շարունակելու են իրենց սյունյակների առաջին տեղերը տրամադրել արցախյան լրատվությանը»: «Դաշնակցության քարոզչության մարմինները տարբեր երկրների պետական և հասարակական շրջանակների մեջ աշխատելու են առարկայորեն լուսաբանել հակամարտության էությունը՝ հակադարձելով հակառակորդների ապատեղեկատվությանը»: Շահան Գանտահարյանը իր ելույթի վերջում հավաստել է՝ «ծառայում ենք Արցախի Հանրապետությանը»:

Տոնակատարության ավարտին Արցախի պետական նվագախմբի լարային քառյակի և դաշնակահար երաժիշտ Սիմոն Սարգսյանի կատարմամբ հնչել է դասական երաժշտություն, ապա 4 երգի կատարմամբ ելույթ է ունեցել Գևորգ Հաճյանը՝ Մարինե Բարխուդարյանի նվագակցությամբ:

Հանդիսության նախասրահում ցուցադրվել են 100 տարի առաջ տպագրված ՀՅԴ «Ապառաժ» կոմիտեի օրգան  «Ապառաժ» թերթի ցուցանմուշներ:

«Ապառաժ»-ը պարբերաբար հրապարակելու է տոնակատարության ընթացքում հնչած ելույթները:

1